Մարուքյանը Բահրեյն-ՀՀ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է իրավիճակը
18:28 - 15 հուլիսի, 2020

Մարուքյանը Բահրեյն-ՀՀ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է իրավիճակը

Էդմոն Մարուքյանը որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Բահրեյն խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ դիմել է Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին՝ հետեւյալ հաղորդագրությամբ.

«Կարեւոր եմ համարում Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայի մասին:

Ի հետեւանք Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակ հնչող ռազմատենչ հռետորաբանությանը՝ ադրբեջանական զինվորների մի խումբ հուլիսի 12-ին փորձ է կատարել խախտել Հայաստանի սահմանը, սակայն հետ է մղվել: Դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սրել իրավիճակը՝ կիրառելով ծանր հրետանի, տանկեր, անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական այլ տեխնիկա:

Ադրբեջանական զինված ուժերի այս անընդունելի գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն առաջացնում է լրացուցիչ լարվածություն եւ խաթարում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը:

Նմանօրինակ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տառի եւ ոգու խստագույն խախտում եւ ուղղակիորեն հակասում առողջապահական մեծամասշտաբ ճգնաժամը կանխելու նպատակով աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին:

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետերից յոթ անգամ կրակել են հայկական Չինարի գյուղի ուղղությամբ: Այնուհետեւ ադրբեջանական ուժերը նույն ուղղությամբ արձակել են եւս երեք արկ՝ 120մմ տրամաչափի ականանետից: Արկերից մեկն ընկել է տան վրա, մյուս երկուսը՝ տան այգում:

Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ ադրբեջանական ղեկավարության եւ իրենց դաշնակից երկրի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»։

Հուսով ենք, որ Բահրեյնի բարեկամական ժողովուրդն օբյեկտիվորեն կգնահատի իրավիճակն ու կարձագանքի մեր նամակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել