Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|
15:58 - 15 հուլիսի, 2020

Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ նիստի սկզբում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տավուշում զոհված չորս զինծառայողների հիշատակը: Տեղեկացնենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին թույլ տալ գրավոր քվեարկել:

«Գործող կարգով պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն, երբ խորհրդարանի կողմից գործուղման մեջ են, մնացած դեպքերում պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորություն չունեն: Փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք այս ընթացքում բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորներն իրենց կամքից անկախ հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու»,-ասաց Հովակիմյանը:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հստակեցրեց` նախագծի նպատակը խորհրդարանի աշխատանքը չպարալիզացնելն է, ուստի ճիշտ կլինի, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններն առավել հստակ լինեն, որպեսզի չարաշահումների տեղիք չտան: Միրզոյանն առաջարկեց նախագծով ամրագրել, որ գրավոր քվեարկությունն թույլատրվի մեկուսացած կամ ինքնամեկուսացած պատգամավորներին:

Վահագն Հովակիմյանն արձագանքեց, ի սկզբանե գաղափարը ծնվել է այս իրավիճակի համար, սակայն քննարկումների ընթացքում արդարացված չեն համարել այն, որ ոչ կոռոնավիրուսային հիվանդությամբ տառապող պատգամավորները չկարողանան իրացնել իրենց պատգամավորական լիազորությունները: Ինչ վերաբերում է հնարավոր չարաշահումներին, Հովակիմյանն ասաց նման պատգամավորներին գնահատական կտա հանրությունը:

«Այս պահին, կարծում եմ, պետք չէ նման ընդհանրական մոտեցում ցուցաբերել, պետք է կենտրոնանանք կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց Միրզոյանը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ նախորդ գումարման խորհրդարաններում հանրությունը շատ է տեսել մեկը մյուսի փոխարեն քվեարկող, կնոպկա սեղմող պատգամավորների, որոնցից ոմանք ԱԺ խոսնակ ու փոխխոսնակ են դարձել, ուստի պետք չէ հույս դնել այսպես կոչված բարձր չափանիշների և հանրության գիտակցության վրա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ խոսեց այն մասին, որ առաջարկվում է նաև գրավոր քվեարկության հնարավորություն հանձնաժողովների նիստերում: Գորգիսյանը զարմացավ, թե ինչպես կարող է քննարկմանը չմասնակցած պատգամավորը նախապես որոշել, թե ինչպես է քվեարկելու:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ հեռահար քվեարկության մեթոդը խորթ չէ տարբեր երկրների խորհրդարանների համար, օրինակ` Մեծ Բրիտանիայում մի պատգամավոր կարող է լիազորել մյուսին, որ քվեարկի իր փոխարեն: Փոխնախարարն առաջարկեց ժամանակավոր անաշխատունակության փոխարեն օրենքով պահանջել հիվանդության պատմության քաղվածքը, քանի որ անաշխատունակության թերթիկը բացվում է հիվանդության վերջին օրը:

Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել