civilnet.am: ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն ՀՀ Պպետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել։ Կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հուլիսի 9-ին հրաման է ստորագրել՝ Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ։ 

Այս հարցով հուլիսի 16-ին հրավիրվել են լսումներ։ Ըստ հրամանի՝ Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող և եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ 

Դիանա Գալոյանի ատենախոսության թեմայի շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։ Վերջինս խոսել էր հովանավորչության մասին՝ ակնարկելով, որ Դիանա Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Վարչապետը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմումը դեռ չի ստորագրել։