«Բերդ քաղաքում երեկ կրակոցներ չեն եղել։ Պարզվեց, որ հարաբերական դադարներն ավելի լավ պատրաստվելու համար էին․ ենթադրվում էր, որ ավելի խորքերը կկրակեն»․ Infocom.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը՝ նշելով, որ երեկ քաղաքում ավելի հանգիստ է եղել՝ ի տարբերություն գյուղերի։

Մեր զրուցակիցը նկատեց՝ միայն կրակոցների աղմուկը բավարար է, որ տագնապ առաջանա, երեկ իրավիճակը նորմալ է եղել, այսօր առավոտյան՝ մինչեւ հակառակորդի նոր գործողությունները, ավելի հանգիստ․

«Քիչ առաջ տեսա, որ անվտանգ ճանապարհով դեսպանատան մեքենաներ են գնում դեպի քաղաք, բայց չեմ կարող հստակ ասել՝ որ դեսպանատանն էին։ Այսօր առավոտյան իրավիճակը հանգիստ էր, մարդիկ էլ իրենց գործին են։ Պատրաստված լինելու հիշողությունը կա, մարդիկ իրենց փորձից գիտեն, թե ինչ պետք է անեն։ Լարվածություն կա միայն նոր սերնդի մեջ՝ դպրոցականների, մի քիչ անհանգիստ են, բայց վախվորած չեն, պատրաստ են այս պահին որեւէ ավելի ռիսկային զարգացումների դեպքում ապաստարաններում, նկուղներում պաշտպանվել»,- ասաց Բերդ քաղաքի բնակիչը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ բնակչությունն, ընդհանուր առմամբ, տագնապի մեջ չէ, միայն թե բնակավայրից հեռացնում են անչափահասներին ու կանանց։ Նրա խոսքով՝ մարդիկ ռեֆլեքսորեն պատրաստ են, ունեն իրավիճակների զարգացման իրենց սցենարները։

«Այս պահին անհասկանալի դադար կա, թե ինչ անեն բնակավայրում մնացած մարդիկ, որոնք սովոր են 90-ական թվականներից, բայց ավելի ուշ ծնված երեխաների համար սա առաջին դեպքն էր, եւ շատերը ինձ գրում էին, որ անհնար է պատկերացնելը, բայց մենք, որ մի ամբողջ մանկություն անցել ենք դրա միջով, գոնե մեր փորձից գիտենք՝ ինչպես արձագանքել, եւ ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել»,- ասաց Մելքումյանն ու պատմեց, որ առավոտյան արկերից մեկն ընկել է իրենց տան դիմաց, ինչից 5-ամյա երեխան շատ է վախեցել․

«Մեր հինգ տարեկան երեխան ուղղակի լեղաճաք եղավ, մի կերպ կարողացանք նկուղ մտնել։ Այդ պահին արկերը արոտավայրերին կպան, որեւէ շինություն չի վնասվել՝ մոտ մեկ ժամ առաջվա տվյալներով, այս պահին ինֆորմացիա չունեմ։ Չեմ կարող ասել, թե ինչ տեսակի զենքից են կրակել, բայց ծանր հրետանի էր, որովհետեւ իմ հիշողության մեջ մնացած արկի սուլոցն էր»։

Մելքումյանը վստահեցրեց՝ Բերդում բոլորը զգոն են եւ պատրաստված, ուղղակի այդ անսպասելիությունն է սթրեսային եղել․

«Բայց փորձ ունեցողները շատ հանգիստ են արձագանքում, մեր հին առօրյաներից է։ Որքանով հասցրել եմ մոնիտորինգ անել մեր սոցհարթակների խմբերում՝ մոտ 100 տոկոս վստահություն կա բանակի նկատմամբ, վստահություն կա, որ իրենք իրավիճակը վերահսկում են։ Նաեւ այդ պատճառով է, որ շատերը հանգիստ են։ Ամեն դեպքում, եթե հիմա ավելի թիկունքային խփեցին, ենթադրվում է, որ հետո հնարավոր է՝ ավելի ուժեղացնեն։ Երեխաների անվտանգության եւ նրանց անտեղի սթրեսի չենթարկելու, լարվածության մեջ չպահելու համար շատերը գուցե էվակուացվեն ավելի անվտանգ տեղեր, պարտադիր չէ շրջանից դուրս»,- հավելեց  մեր զրուցակիցը։

Բերդի բնակչի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհները անվտանգ են եւ անցանելի։ Բնակիչներն իրենց գործերին են՝ ինչքան էլ կրակոցներ լինեն։ Մելքումյանը տրամաբանական ու բնական է համարում, որ քաղաքին կհասնեին, քանի որ դա ենթադրում է՝ իրենց կորուստն այնքան զգալի է, որ որեւէ ձեւով պետք է փորձեն դրան համարժեք պատասխան  տալ․

«Այն, որ պետք է քաղաքի վրա կրակեին, իրատեսական էր երեկվանից հետո, որովհետեւ հենց այնպես նույն տարածքին հարվածելու համար չէին վերսկսի գործողությունները, պարզ էր, որ պիտի գնային դեպի ավելի խորքերը։ Երեկ հարվածել են գյուղերի ուղղությամբ, մի քանի գյուղեր են տուժել փաստորեն։ Դրանից հետո քիչ-քիչ բարձրացել են Բերդ եւ նույն գծի վրա գտնվող գյուղերին են հարվածում։ Ինչքան էլ մարդ պատրաստված լինի, այդ արկի ամեն պայթյունը նորից քանդում ու հավաքում է ամբողջ հոգեկան հավասարակշռությունդ, դրանից հետո գոնե մի երեք ժամ պետք է լինում, որ մարդն այդ սթրեսները հաղթահարի՝ անկախ նրանից, թե ինչ փորձառություն ունի։ Ես տեսնում եմ, որ հոսք կա նաեւ այլ բնակավայրերից եւ իրավիճակը զգոն է, մարիկ փորձում են վերադիրքավորվել, վերաիմաստավորել իրենց առօրյա առաջնահերթությունները, այդ թվում՝ եւ մենք, փորձում ենք այս պահին գնալ ավելի անվտանգ տեղ, հետո չգիտենք՝ ինչ կանենք։ Այստեղ իմ ամբողջ մտահոգությունն այն է, որ համայնքապետը եւ նման իրավիճակներ կազմակերպող այլ կառույցներ շատ արագ արձագանքեն եւ հրահանգավորեն բնակչությանը, կազմակերպեն կամ նպաստեն ինքնակազմակերպմանը։ Մենք առայժմ նման բաներ չենք տեսնում, առայժմ միայն լրատվամիջոցներով, սոցհարթակներով տեղեկություն փոխանցելու փորձեր կազմակերպելը արդյունավետ է, բայց դա այդ ամենը կազմակերպելու ոչ ֆորմալ ձեւն է։ Կարծում եմ՝ կկազմակերպվեն, ուղղակի սպասված չէր, որ հենց բնակավայրերի ներսում կարող է կրակեն»։

Մեր զրուցակիցը նշեց, որ եթե նույնիսկ բանակը կարողանա ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ամեն դեպքում ՏԻՄ-երը պետք է աշխատեն համայնքների հետ եւ շատ կոնկրետ անվտանգության վարժություններ ու տեխնիկաներ սովորեցնեն։ Բնակիչն ասաց՝  ընդհանուր իրավիճակը  միայն  պայթյունի ժամանակ է տագնապային, բայց վստահեցրեց՝ բոլորը զգոն են եւ յուրաքանչյուրն ունի իր անհատական ռազմավարությունը, այդ թվում՝ թաղային ռազմավարությունը, թե ինչպես պետք է արձագանքեն։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների է դիմում։ Հակառակորդն ունի մարդկային եւ տեխնիկայի կորուստներ։ Հայկական կողմը չունի զոհեր, կորուստներ, թեթեւ վիրավորում է ստացել 5 զինծառայող։

Ասպրամ Փարսադանյան