Սահմանային լարվածությունից օգտվողները․ վերջին երկու օրվա կեղծ լուրերը |fip.am|
10:33 - 14 հուլիսի, 2020

Սահմանային լարվածությունից օգտվողները․ վերջին երկու օրվա կեղծ լուրերը |fip.am|

fip.am: Հուլիսի 12-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տիրող լարվածությունը պարարտ հող է ստեղծել ապատեղեկատվությունների ու խուճապ առաջացնող լուրերի տարածման համար։

Գողացված հայկական օգտահաշիվները՝ ֆեյք նյուզի աղբյուր 

Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվեցին իբր հայ օգտատերերի կողմից արված գրառումներ, որոնցով վերջիններս «տեղեկացնում էին» հայկական կողմի մի քանի տասնյակ զոհերի մասին՝ մեղադրելով երկրի ղեկավարությանը դրանք թաքցնելու մեջ։

Այսօր հատկապես մեծ տարածում գտավ «Մարինե Աղաբաբյան» անունով օգտատիրոջ գրառումը, որը, հղում անելով բանակում ծառայող եղբորը, գրել էր հայկական բանակում ավելի քան 37 զոհի մասին։

Ինչպես պարզվեց, սակայն, այս օգտահաշիվը կոտրվել էր ադրբեջանական հաքերների կողմից, որոնք էլ տարածել էին խուճապ առաջացնող այս գրառումը։

Պարզվեց նաև, որ նման բովանդակությամբ գրառումներ տարածել էին այլ «ֆեյք» օգտատերեր ևս։ 

Հատկանշական է, որ որպես կանոն՝ այսպիսի գրառումների հեղինակները ներկայանում են զինծառայողի քույր, եղբայր, քեռի, մորաքույր և այլն։ Վերջիններս հիմնականում գրում են հայատառ, և նրանց օգտահաշիվներն ուսումնասիրելիս դժվար է գտնել որևէ ապացույց, որ օգտահաշիվը գողացված է։  

Նրանք իրենց գրառումներն ակտիվորեն տարածում են նաև ֆեյսբուքյան խմբերում և այլ գրառումների մեկնաբանություններում։  

Դյուրահավատ ընթերցողների համար դժվար է նկատել, որ տեղեկատվությունը կեղծ է, ինչի հետևանքով առաջանում է խուճապ՝ կասկածի տակ դնելով պաշտոնական տեղեկության իսկությունը։

«Հրապարակի» էքսկլյուզիվ հրապարակումը

Հարկ է նշել, որ առանձին բացառություններով, հայկական մեդիա դաշտը հիմնականում զերծ է մնացել ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվության վերահրապարակումից: Լրատվամիջոցներից ադրբեջանական աղբյուրներից տեսանյութ է հրապարակել Hraparak.am-ը՝ պնդելով, սակայն, որ դա իրենց ուղարկել է Վրաստանի իրենց գործընկեր IMEDI TV-ն: Ըստ էության, դա Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ հայկական դիրքը խոցելու նույն տեսանյութն էր, որի իսկությունը հայկական պաշտոնական աղբյուրներից հաստատված չէ:

Ավելի ուշ կայքում հրապարակվեցին ևս երկու տեսանյութեր («Ադրբեջանական ՊՆ-ի տեսանյութի տարօրինակությունը», «Ադրբեջանցիները կեղծ տեսանյութեր են տարածում. «սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում»»), որոնցով, փաստորեն, կայքն ընդունում էր, որ «վրացի գործընկերների» ուղարկած «էքսկլյուզիվ տեսանյութը» այնքան էլ էքսկլյուզիվ չէ, ավելին՝ դրանում կան «տարօրինակություններ»: Այնուամենայնիվ, առաջին հրապարակումն այդպես էլ կայքից չի հեռացվել:

Gazeta.ru-ն հայկական կողմի 5 վիրավորներին ներկայացրել է որպես զոհ

Ռուսական Gazeta.ru կայքը հուլիսի 13-ին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, գրել էր, որ հայկական կողմն ունի 5 զոհ։ 

Կայքը հղում էր անում РИА «Новости»-ին, որը, սակայն, նման բովանդակությամբ նյութ չէր գրել։ 

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հայտարարել էր, որ Gazeta.ru-ի լուրը չի համապատասխանում իրականությանը և հայկական կողմը կորուստներ չունի։

Ստեփանյանի խոսքով՝ հավանաբար շփոթություն է տեղի ունեցել, և Gazeta.ru-ն վիրավորներին ներկայացրել է որպես զոհեր։

Այսպիսով, վերջին երկու օրերին ապատեղեկատվությունների տարածման հիմնական հարթակ են դարձել սոցցանցերը, որտեղ օգտատերերի համար գործնականում ավելի դժվար է զատել իրականը կեղծից։ Ռուսական կայքերը ևս անմասն չեն մնացել Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց։

Սևադա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել