Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

 |armenpress.am|
20:48 - 13 հուլիսի, 2020

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: Այս մասին նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Կոչ ենք անում մեր բարեկամներ` Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից` վիճահարույց հարցերը լուծելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունը նշում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին առճակատման հետագա սրումը կարող է անկանխատեսելի բացասական հետևանքների հանգեցնել:

«Մենք հույս ենք հայտնում, որ շուտափույթ խաղաղություն և համաձայնություն ձեռք կբերվի, առաջին հերթին, երկկողմ ձևաչափով։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ)-ի հարթակները»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել