armenpress.am: ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ միայն մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Այս պահի դրությամբ մենք ունենք խոցած ոչ միայն մեկ ԱԹՍ, այլ մի քանիսը, որոնցից մեկը կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողություններն ըստ էության ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- ասաց Քոչարյանը:

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հայկական Զինված ուժերի խոցած ադրբեջանական առաջին անօդաչու թռչող սարքի լուսանկարը թույլ է տալիս ենթադրելու, որ այն իսրայելական արտադրության է, սակայն լուսանկարի որակի պատճառով դեռևս դժվար է հստակ պնդել ԱԹՍ-ի մոդելը:

Պատկերվածը կամ հետախուզական Thunder-B է, կամ գլխիվայր շրջված հարվածային (մահապարտ) Skystriker ԱԹՍ: Երկուսն էլ իսրայելական արտադրության են: Thunder-B-ն կիրառվել և խոցվել է նաև ապրիլյանի ժամանակ, իսկ Skystriker-ները համեմատաբար նոր են՝ առաջին անգամ ցուցադրվել են Ադրբեջանի ՊՍԾ սպառազինությունում 2019-ի հունվարին, ապա նաև բանակում:

Հուլիսի 13-ի գիշերը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը ադրբեջանական ԱԹՍ են խոցել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում: