ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին
18:47 - 13 հուլիսի, 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Շնորհակալություն հայտնելով իտալացի բուժաշխատողներին աջակցության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի պայմաններում, այլ՝ Հայաստանը տեսնելու ու բացահայտելու նպատակով այցի շրջանակում: «Բայց հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել և անցնում: Դուք այստեղ եք՝ մեզ օգնելու,-ասել է նախագահը: -Ուստի այսօր բոլորիդ և յուրաքանչյուրիդ անձնապես շնորհակալություն ասելու պահ է, շնորհակալություն Իտալիային, Իտալիայի ժողովրդին, իմ լավ բարեկամ, նախագահ Սերջիո Մատարելլային: Սա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև որ երկու հինավուրց ժողովուրդների՝ հազարամյակներով շարունակվող բարեկամությունը հարատև է»:

Նախագահը բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշել է, որ իտալացի բուժաշխատողների՝ համավարակի դեմ պայքարի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների ու բարեկամ հայ ժողովրդի համար: «Կորոնավիրուսի համավարակից քաղած դասերից հիմնական ուղերձն այն է, որ միայն համագործակցությամբ է հնարավոր հաղթահարել այս մարտահրավերը: Համավարակը մեզ սովորեցրեց, որ ոչ թե փոխկապակցվածությունն է կարևոր, այլ միասնականությունը»,-նշել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել