Երեկ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները  անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Հետագայում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց 4 զոհի մասին։

Հայկական կողմից թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել 3 զինծառայող եւ երկու ոստիկան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար ռմբակոծել հայկական դիրքերը եւ գյուղերը։ Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից  երեք արկ են արձակել կրկին Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։ 

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում առաջացած լարվածության մասին infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։ Վերջինս, արձագանքելով ընդհանուր իրավիճակին, նկատեց, որ մենք ունենք անկանխատեսելի հակառակորդ, որի համար ընդհանրապես օրինաչափություններ, պատերազմի կանոններ չեն գործում եւ, հետեւաբար, մեր զրուցակցի խոսքով, ցանկացած պահի, ցանկացած բան հնարավոր է․

«Գնահատականը հետեւյալը կարող է լինել՝ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Ճիշտ է՝ 2016 թվականի ապրիլը մի քիչ փոփոխեց այդ մտածողությունը, բայց ներկա պահին շարունակվում է այն կարծեցյալ վիճակը, թե մենք խաղաղության մեջ ենք։ Մենք երբեք խաղաղության մեջ չենք եղել, միշտ էլ պատերազմի մեջ ենք եւ ամեն ինչ ցանկացած պահի սպասելի է, ամեն ինչ հնարավոր է»։

Խոսելով վերջին երկու ամիսների ընթացում Ադրբեջանի Պաշտպանության նախարարի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների մասին՝ փորձագետն ասաց, որ պատերազմ հասկացությունը որոշակի բաղադրիչներ ունի եւ դրանցից մեկը հենց ինֆորմացիոն պատերազմն է։ Պետրոսյանցի խոսքով՝ երբ որեւէ պետություն պետք է սկսի պատերազմ մեկ այլ պետության դեմ, նախ սկսում է ինֆորմացիոն պատերազմի գրոհները, ինֆորմացիոն ճնշումները, որոնք առաջին հերթին զուտ հոգեբանական ճնշման համար կարող են կատարվել։

«Այնպես որ՝ դա օրինաչափություն է։ Սովորական պատերազմի օրինաչափություն է, ուղղակի, եթե դիտարկենք զուտ ռազմարվեստի տեսանկյունից, ցանկացած պատերազմ ծնվում եւ սկսվում է նման կերպ։ Ի դեպ՝ նաեւ այդ ամենից ելնելով՝ ինֆորմացիոն քարոզչության նպատակը որոշակի խդիրներ ունի՝ չթողնել, որպեսզի միջազգային հանրությունը վստահ ասի, թե ով է սկսել լարվածությունը»,- ասաց փորձագետը։

Մեր հարցին՝ արդյոք այս գործողությունների պատճառը կարո՞ղ են լինել Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները՝ սոցիալ- տնտեսական,  համաճարակային եւ այլն, Պետրոսյանցը նշեց, որ  հարցն ավելի շատ քաղաքական դաշտում է, սակայն, ըստ փորձագետի, այսօրվա պատերազմը ներառում է այդ բոլոր կոմպոնենտները․

«Այսինքն՝ երբ ասում ենք պատերազմ, շատ դեպքերում այդ պատերազմները կարող են ընթանալ առանց մարտական գործողությունների՝ քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն դաշտում։ Մենք ցանկացած դեպքում այդպիսի ազդեցությունը մարտի դաշտում տեղի ունեցողի վրա չենք կարող բացառել։ Բայց թե ինչքանով այս օրերի լարումները կապ ունեն Ադրբեջանի ներքին կյանքի հետ, չեմ կարող ասել, հնարավոր է»,- ասաց Պետրոսյանցը։

Անդրադառնալով ՀԱՊԿ ուշացած արձագանքին՝ փորձագետը նշեց, որ այս կառույցը ոչ միայն պետք է հայտարարություններ աներ, այլ նաեւ միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու, որ հայկական կողմը դիմի իրենց։ Դա, մեր զրուցակցի պնդմամբ, ընդունված է բոլոր ռազմական կառույցներում․ «Թե ինչի համար է այն իրավիճակը, որ այսօր կա՝ դա արդեն քաղաքական հարց է»։ 

Հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը առաջին քա՞յլն է արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու, Պետրոսյանցը պատասխանեց․

«Ցանկացած իրավիճակի բազմակողմանի վերլուծություն պետք  է կատարվի, ես կխոսեմ ռազմական տեսանկյունից․ պետք է բոլոր սցենարները քննարկվեն։ Երբ մենք բոլոր սցենարները սկսենք մշակել, սցենարներից մեկն էլ հենց դա պետք է լինի, որ իրականում սա մեր ուշադրությունը շեղելու համար է արվում, որ մենք շեղենք մեր ուշադրությունը գլխավոր ուղղությունից։ Ռազմարվեստի մեջ դա կոչվում է կեղծ, երբ առերես ցուցադրվում է, որ մենք այս ուղղությամբ ենք կուտակում մեր ուժերը, այս ուղղությամբ ենք գործողություններ իրականացնում, բայց այլ ուղղությամբ են հարձակումներ գործում։ Այս սցենարը չի բացառվում, եւ մեր համապատասխան մարմինները, վստահ եմ, այդ սցենարը մշակում են, ու մենք պատրաստ կլինենք ցանկացած իրավիճակի եւ ցանկացած զարգացման»։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում ռազմական գործողություններ չիրականացնելու կոչին  չմիանալը կարո՞ղ է հնարավոր լայնածավալ գործողությունների կանխատեսման պատճառ դառնալ, Պետրոսյանցը պատասխանեց․

«Դա ընդամենը կոչ էր եւ պարտադրողական ոչինչ չկար, այսինքն՝ երկրները կարող են միանալ դրան, բայց պարտավորություն չունեն։ Կամավոր ասում են՝ այո՛, մենք միանում ենք կոչին, բայց անհրաժեշտության դեպքում դիմում են ռազմական գործողությունների։ Հիմա այն, ինչ անում ենք մենք, նույնն է, մենք միացել ենք կոչին, բայց մեզ պարտադրում են, որ գնանք ռազմական գործողությունների։ Անկախ նրանից, թե որ կողմն է, չես կարող մեղադրել, թե խախտել են որեւէ պայմանավորվածություն, որովհետեւ ընդհանրապես չկա պայմանավորվածություն, կոչ է։ Զուտ իրավական տեսանկյունից՝ այդտեղ խնդրահարույց ոչինչ չկա»։ 

Իսկ ահա անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք անվերապահորեն աջակցում են Ադրբեջանի գործողություններին, փորձագետը նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը եւ իր աջակցությունն է հայտնում։ Այդ ամենը, մեր զրուցակցի խոսքով, այն է, ինչ պետք է աներ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, բայց չի անում․

«Ուղղակիորեն կարող ենք համեմատել Թուրքիային եւ ՀԱՊԿ-ին, եւ դրանով ամեն ինչ ասված կլինի»,- եզրափակեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։

Ասպրամ Փարսադանյան