Նախ և առաջ ցանկանում եմ անդրադառնալ մեր երկրի սահմանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Հայստանի հյուսիս-արևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն՝ հատկապես, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս իր ելույթի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․

«Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարվոր լարվածության  և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը։ Միաժամանակ արձանագրենք, որ հայկական բանակը ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին։ Ցանկանում եմ զորակցությունս հայտնել մեր զինվորներին և սպաներին, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում մեր ռազմական ուժն ու լիակատար պատրաստությունը։

Այս ամենին զուգահետ կոչ եմ անում մեր հանրությանը առավելագույն պատասխանատվություն դրսևորել, հաշվի առնելով նաև տեղեկատվական դաշտում մղվող պատերազմը, ապավինել և տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, այսպսիով զորակցել հայոց բանակին»,- ասաց փոխվարչապետը։

Աժ հատուկ նիստում այսօր հերթական անգամ քննարկվում է  Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, որի մասին կառավարությունն արդեն  ընդունել է համապատասխան որոշում։ Որոշման համաձայն արտակարգ դրությունը շարունակում է գործել Հայաստանի ողջ տարածքում՝ մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը, ժամը՝  17։00։