Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան
11:26 - 13 հուլիսի, 2020

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան

Երեկ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությումբ տեղակայված մեր սահմանային դիրքերը։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․

«Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են։ Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտահայտված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ։

Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ Հնարավոր է գործ ունենք ներքին խնդիրենրի՝ սահմանային իրավիճակի սրմամբ  երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհատ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի՝ այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որը արտահայտվում է՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների։ Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանը այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

Ստացվում է՝  որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական իրվաիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական  և ռազմատենչ հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները՝ հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է։

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում։ Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, ովքեր ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դրքերում։ Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրը այդ թիկունքի մի մասնիկն է։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին․ այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել