24․07․2020

20:35- Մարդիկ զգացել են իրենց վարքի անպատժելիությունը, և պահը բաց է թողնվել. զանգվածային բախումներ են սկսվել: Այժմ իրավիճակով զբաղվում է և՛ նախագահի վարչակազմը, և՛ Մոսկվայի քաղաքապետը, և՛ ԱԳ նախարարը։ Նույնիսկ 90-ականների թեժ պահին նման ագրեսիա չի եղել: Ներկայիս հակամարտությունը արհեստածին է, այն խթանում են անպատասխանատու և ագրեսիվ հայտարարությունները: Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն ապակայունացման նմանատիպ փորձերին: Մենք երեք բան ենք ուզում` նախ՝ կայունացում, երկրորդ՝ նման իրավիճակներն ապագայում կանխող իրավական մեխանիզմների մշակում: Երրորդ՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն։ [Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան] 


20:50- Ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության կամ հավաքների: Հենց նման պատասխան քայլերի համար են նախատեսված հասարակության մեջ լարվածությունը սրող կողմի գործողությունները։ Խնդրում եմ նաև նման կոչերով հանդես չգալ սոցցանցերում, չտարածել տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը, պահպանել զգոնությունը ցանկացած իրավիճակում։ Կարևորում եմ այս իրավիճակում ավելի համախմբված լինելը, ընդհանուր դիրքերից հանդես գալը, ցանկացած սադրիչ դրսևորումների կասեցումը։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել ռուսական օրենսդրության շրջանակներում։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանի ուղերձը՝ հայ համայնքին]


20:10- Եվրախորհրդարանի 29 պատգամավոր 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից նամակ են հղել ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին: Նամակում շեշտում են, որ ԵՄ-ն պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:


20:00- ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է երկրի ԱԳ նախարարի տեղակալ Գրուշկոյի հետ։ Քննարկվել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները ներկա սրացման համատեքստում։ Ընդգծվել է իրադրության թուլացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից։


09։05- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց: [ՊՆ խոսնակ]

 

23․07․2020

22:50- Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ: Հույս ունենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը։ [Մարիա Զախարովա]


21:30- Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ Ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև` տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով: [ՌԴ ԱԳՆ] |armenpress.am|


21:15- Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել ՌԴ ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների՝ «Ռուստաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ։ Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելության հիմքով ՌԴ քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է երկու համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում։


15։58- Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է։ [Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալ]

 

15։53- Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հիմա կենսական կարևորություն ունի Արցախի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատելը: Անմիջապես պետք է վերանայվի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը, քանի որ Ադրբեջանի գործողությունները համապատասխան չեն։ Ինչպես նաև պետք է ավելացվի Հայաստանին տրվող օգնությունը՝ Ադրբեջանի այս ագրեսիային դիմակայելու համար: [ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստա]

 

15։10- Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): [ՀՀ ՊՆ]

 

12։35- Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է, և այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։ Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները։ [ՊՆ խոսնակ]

 

14։52- Կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչների կրած վնասների համար փոխհատուցելու նպատակով։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում։ |hetq.am|

 

09։24- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց․ Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 5 անգամ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք՝ մեկ անգամ։ [ՊՆ խոսնակ]

 

22․07․2020

23:06- ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենը երեկ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողով է ներկայացրել Հատկացումների օրենքում փոփոխության նախագիծ, որը պետք է քննարկվի այսօր: Այս նախագիծը փորձում է արգելափակել ԼՂ-ում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ըստ դրա՝ Հատկացումների օրենքով տրամադրվող միջոցները չպետք է օգտագործվեն կամ պարտադիր չպետք է լինեն ԱՄՆ ՄԶԳ համար՝ ԼՂ-ում ականազերծում իրականացնելու հարցում: Նախագծին դեմ են ամերիկահայ կազմակերպությունները:


22:45- 2020-ին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Մայիսին և հունիսին մատակարարվել են ինքնաձիգեր և ատրճանակներ՝ 1 մլն եվրոյից պակաս արժողությամբ։ Նախարարությունը համաձայնեցրել է մատակարարումը, որոշումը ստացել է նաև պաշտպանության, ներքին և արտաքին գործերի նախարարությունների, հետախուզական ծառայության հավանությունը։ Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, և ո՛չ էլ ՌԴ-ն Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Հայաստանին մերժելը բարդ էր։ [Սերբիայի առևտրի նախարարը՝ ի պատասխան ՀՀ-ին զենք վաճառելու՝ Ադրբեջանի մեղադրանքներին] |tert.am|


22:25- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարը հետ է կանչել իր հակահայկական նախագիծը: Նախագծով առաջարկվում էր, որ արգելափակվի Արցախին տրամադրվող օգնությունը՝ հիմնվելով կեղծ պնդման վրա, որ Հայաստանն աջակցել է Ղրիմի ռուսական բռնակցմանը: Կուելյարը աշխատում է ադրբեջանական լոբբիի հետ: [Ամերիկայի հայ ազգային կոմիտե]


22:20- Հավաստիացնում եմ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Վստահ չենք՝ արդոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու և սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն: Ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը։ [Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին]


21:50- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Մնացականյանը կարևորեց լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:


21:10- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։ Երկու զրույցներում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ։ Նա կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու և բանակցություններին վերադառնալու իր կոչը։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկ] |armenpress.am|


19:50- Իմ աջակցությունն եմ հայտնում խաղաղասեր հայ ժողովրդին: Երրորդ երկրների միջամտությունը կարող է ապակայունացնել այդ բարգավաճ տարածաշրջանը։ [Իսպանիայի Contigo (Contigo Somos Democracia) սոցիալ-լիբերալ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլա] |Իսպանիայում Հայաստանի դեսպանություն|


17։17- Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այն պետությունները, որոնք մտահոգված են այդ տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հայտարարություններ անեն, խրախուսեն կողմերին խաղաղություն հաստատելու, կրակը դադարեցնելու ուղղությամբ։ [Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ] |azatutyun.am|

 

16։39- Իրավիճակի ամենավերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի հյուսիսային մարզում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության տրամաբանական հետևանքն էր։ Հայկական կողմը շարունակաբար զգուշացնում էր իր միջազգային գործընկերներին նման իրավիճակի բարձր հավանականության և Ադրբեջանի չարամիտ մտադրությունների եռանդի ու դրանք սանձահարելու քաղաքական ու դիվանագիտական քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ Սակայն, ի հիասթափություն հայկական կողմի, մեր նախազգուշացումներն անտեսվեցին։ [Լեհաստանում ՀՀ դեսպանի հարցազրույցը՝ «Warsaw Institute Review» ամսագրին] |armenpress.am|

 

12։44- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել․ «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Նա նշել է, թե իբր Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել: |tert.am|

 

09։59- Սերժ Թանկյանը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ Պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության կողմից Ադրբեջանին ֆինանսավորելը։ Նա նշել է, որ  ԱՄՆ ՊՆ-ն 2018 և 2019 թթ․ Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմեր հրահրելու, այդ թվում Հայաստան ներխուժելու փորձերի վրա։ |shantnews.am|

 

08։54- Հուլիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ [ՊՆ խոսնակ]

 

08։50- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: [ՊՆ խոսնակ]

 

00։50- Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։ [ՊՆ խոսնակ]

 


21․07․2020

23։39- Այսօր՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի  ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը   ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի  գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:  Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի: [ՊՆ խոսնակ]

 

17։57- Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով։ [ՊՆ խոսնակ]

 

17։50- Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշի ընթացքում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբուլ Оղլուի հետ քննարկել է Անդրկովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները։ |aysor.am|

 

16։36- Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը  հայտարարել է, թե ադրբեջանական կողմը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Մինսկյան գործընթացի շրջանակում։ Հաջիևը հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխություն օրակարգում չկա: Նա նշել է, որ անհրաժեշտություն կա Մինսկի խմբի ընդլայնված նիստ հրավիրելու: |tert.am|

 

16։03- Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց միասնականության ակցիա են անցկացրել։ Խաղաղ ցույցի ընթացքում մի քանի ժամ փակ է եղել Ստրասբուրգի գլխավոր փողոցներից մեկը։ Տեղում նաև մի քանի տասնյակ ադրբեջանցիներ են հավաքվել։ Նախօրեին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց էր ֆրանսիահայերի կողմից աջակցության խաղաղ հավաք անցկացվել։ |aliq.ge|

 

15։30- Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած խնդիրների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է չեզոքություն ցուցաբերեր: Մինչդեռ իշխանությունները կողմնակալ դիրքորոշում են որդեգրել և լարվածությունը թեժացնող հայտարարություններ արել: [Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը  հայցադիմումը  Թուրքիայի ԱԳ նախարարին] |azatutyun.am|

 

14:16- Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] |armenpress.am|

 

14:04- Այսօր Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է: Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին զարգացած իրադարձությունների վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքը հայտնեցին օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին անկցացրած ակցիայի վերաբերյալ: |aliq.ge|

 

12։09- Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, կրկին, սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին:  [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «France 24» լրատվամիջոցին]

 

10։16- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածության աճին: Անտոնիո Գուտերեշը կողմերին հորդորում է առավելագույն զսպվածություն դրսևորել, երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կարող է դառնալ: Այս մասին երեկ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը: Նա հայտնել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակների շփումներ են ունեցել՝ դեէսկալացիայի կոչ անելու համար: |azatutyun.am|

 

09։37- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:

Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։

Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:

ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։ [ՊՆ խոսնակ]

 

09։06- Մենք հայ հանրության կողքին ենք՝ ընդդեմ բռնության։  Ադրբեջանը պարտավոր է վերջ դնել հայկական ատոմակայանին հարված հասցնելու մասին սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին և ընդունել միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ուղին են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ [Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետի]

 

20․07․2020

20:55- Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին: Խնդրում եմ Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։ [Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ]


20:00- ՊՆ-ն չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը, և նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն: Ինչպես ՊՆ-ն հայտարարել է, կարիք չկա լրացուցիչ ուժերի. ԶՈՒ-երը վստահորեն կատարում են իրենց խնդիրը, ուստի զորացրումը և զորակոչը ընթանում են բնականոն հունով: Շնորհակալ ենք իհարկե տղաներին, կամավորներին՝ իրենց ցուցաբերած պատրաստակամության համար, շատ բարձր ենք գնահատում դա, բայց անհրաժեշտությունը չկա։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] |Armtimes.com|


19:15- ԼՀԿ-ն իր բոլոր միջազգային գործընկերներին տեղյակ է պահում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ուժի կիրառման սպառնալիքների մասին: Հավատացած ենք, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինկսի խմբի անդամ, պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար: Համոզված ենք, որ Դուք՝ որպես հայ-գերմանական ֆորումի նախագահ, կարող եք այդ գործում մեծ դեր ունենալ: [Էդմոն Մարուքյանը նամակով դիմել եմ հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին]


15:15- Հռոմի Պապի կոչից հետո իտալական մի շարք ԶԼՄ-ներ գրել են, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների վրա հարձակումները նախաձեռնել է ադրբեջանական կողմը, հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը, տները, նույնիսկ վնասելով Covid-ի դեմ պայքարելու համար դիմակներ արտադրող ընկերությունը: Հոդվածներում նշվում է, որ էսկալացիան քաղաքական մի շարք պատճառների հետևանք է, օրինակ, Ադրբեջանի նախագահի զանգվածային քարոզչությունը։ [Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն]

 

13:56- Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության: [Աննա Նաղդալյանի պատասխանը՝ ղարաբաղյան կարգավորման հարցի՝ հետին պլան մղված լինելու վերաբերյալ հարցին]

 

11։25- Գույքագրման և հաշվարկման գործընթացները ամենօրյա գործընթացներ են։ Առաջին փուլը մենք կավարտենք մեկ շաբաթից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից , որովհետև մենք հայտարարել ենք, որ կառուցվելու են նաև նոր տներ։ Բացի շինարարական վնասներից կան նաև այլ տիպի վնասներ, օրինակ՝ գյուղատնտեսականը և այլ ոլորտնեի։ Կարծում եմ, որ շուտով կունենանք բոլոր գնահատականները, թե որքան գումար է անհրաժեշտ։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

11։24- Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը անցկացնելու է ներդրումային համաժողով։ Այն անցկացվելու է առցանց եղանակով։ Մեր նպատակն է, որ սեպտեմբերին մենք ևս մեկ անգամ ձևակերպենք և հայտարարենք այն հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև պիտի ամրացնեն մեր սահմանները։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

11։20- Ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավում ենք տարբեր հասարակական կառույցների, հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների, որոնք գործում են Տավուշի մարզում։ Մեր գործընկերների հետ միասին մենք շատ ակտիվ պետք է աշխատենք սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում մեր երեխաների ամառային հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

11։14- Այսօր ստեղծվել է ևս մեկ հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, որովհետև հերետակոծությունների ժամանակ վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ։ Այսօրվանից կսկսենք նաև այդ աշխատանքները։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

11։11- Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը։ Մենք կփորձենք վերանվանել այդ տերմինը և զբաղվել այս տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Մենք նոր խթան ենք տալիս այս աշխատանքներին այս օրերի տված էներգիայով՝ իմանալով, որ, ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք նաև մեր երկրի սահմանի անվտանգության խնդիրը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

10։57- 3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

09։16- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

19․07․2020

19:33- Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից: Կարծում եմ՝ նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու,  այս հակամարտության աշխարհագրությունը ԼՂ-ից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն տապալվեցին։ [ՀՀ ԱԳ նախարար]

 

19:03- Վիրավորների վիճակը նույնն է։ Այն վիրավորների մոտ, որոնք ունեին միջին կամ միջինից բարձր վիճակ, կա բավական լավ դինամիկա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակում փոփոխություն չկա։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

18:59- Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

18:56- ՀՀ Զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն։ Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների լուրերի վերաբերյալ, թե ՀՀ-ն կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին]

 

18:51- Սահմանամերձ գյուղերի կրթական համակարգի համար և առհասարակ կրթության հետ կապված՝ ունենք արտոնություններ, մասնավորապես ուսանողների համար կան արտոնություններ, դպրոցներում որոշակի արտոնություններ գործում են, ճանապարհի հետ կապված կան արտոնություններ։ Եթե մասնագետների կարիք կա, մենք պատրաստ ենք մասնագետների հարցը նաև այլ կերպ լուծել։ Հեռավար ուսուցումը թույլ տվեց, որ ուսուցիչների մեծ մասը ծանոթանա հեռավար ուսուցման և դասավանդման մեթոդներին։ Թափուր հաստիքների հարցը կարող ենք լուծել հեռավար մեթոդով։ Ուզում ենք սեպտեմբերից ամբողջությամբ վերադառնալ առկա դասավանդման մեթոդին։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]

 

18:27- Համայնքներում ամենակարևոր փոփոխությունը, որ այսօր ես տեսա, լիարժեք վերադարձն էր գյուղատնտեսական աշխատանքներին։ Այսինքն՝ մարդիկ, արդեն վերադարձած, զբաղվում էին իրենց գործով, որի համար շատ ուրախ ենք։ Նշանակում է՝ կյանքը վերադառնում է իր բնականոն հունին։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

18:20- Այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները, մասնավորապես մի շարք համայնքներում վնասվել են մանկապարտեզի և դպրոցի շենք։ Այս կապակցությամբ նախարարությունը և անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մեր մտահոգությունները հայտնելով այս կապակցությամբ, որովհետև սրանով թիրախավորվում են կրթական օբյեկտները․ սա անթույլատրելի իրավիճակ է կրթության իրավունքի տեսակետից, կյանքի իրավունքի տեսակետից։ Կոչ ենք արել նաև, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին։ Նմանատիպ նամակներ հղել եմ նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա ներկայացուցչություններին։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]

 

18։15- Դիտարկել ենք դպրոցները Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում և Մովսեսում։ Դպրոցները տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն, ըստ էության ապաստարաններ կան։ Բայց պարոն մարզպետի հետ մի շարք հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին և խոսել ենք նաև համայնքապետերի հետ, որպեսզի աջակցություն ստանանք այս առումով, և մինչ սեպտեմբերի 1-ը ոչ միայն երեք համայքներում, որոնք այցելել ենք, այլև սահմանապահ մյուս համայնքներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից։ Եվ մենք սեպտեմբերի 1-ին, երբ հնարավորություն ստանանք վերսկսելու առկա մեթոդով դասընթացները, ապաստարանների տեսակետից նույնպես ապահովված լինենք և ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ կարողանանք մեր երեխաներին տեղափոխել այդ ապաստարանները։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]

 

18։09- Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ։ Մոտավորապես 70 անգամ է խախտվել հրաադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ [Արծրուն Հովհաննիսյան]

17:30- Խորապես մտահոգված եմ այն հանգամանքով, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող բժշկական դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ: Մտահոգված եմ Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա հարձակմամբ և Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի ԱԷԿ-ը թիրախավորելու սպառնալիքով։ Կոչ եմ անում Ձեզ հաստատակամ դիրքորոշում որդեգրել խաղաղության հանդեպ այդ սպառնալիքը դատապարտելու հարցում, անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացմանը նպաստելու և Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտման հարցում աջակցելու։ [Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակը՝ երկրի ԱԳ նախարարին] |armenpress.am|


14:00- «Հրադադարի որևէ խախտում չպետք է այլևս հանդուրժենք: Անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում: Նոր սերունդներն ատելության ու թշնամու տրամաբանությամբ չպետք է մեծանան»,- Թվիթերում գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, որն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ եւ 2 կողմին հորդորել անցնել բանակցային ձեւաչափին: |factor.am|


09:00- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին։ [Շուշան Ստեփանյան]


                                                 18․07․2020

22։23- Մեզ համար կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային աշխատանքների վերականգնումը, այլ նաև այդ առաքելության ընդլայնումը։ Այն փաստի մասին, որ մոնիթորինգային աշխատանքները պետք է ընդլայնվեն, նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Նորից ասեմ, որ այդ աշխատանքների դադարեցումը կապված է աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման հետ։ [ԱԳՆ խոսնակ]

 

22։18- Մենք ընդունել ենք ի գիտություն այն, որ Ադրբեջանի կրթության նախարարը ներկայումս զբաղեցնում է երկրի ԱԳ նախարարի պաշտոնը։ Բայց մենք ելնում ենք այն իրողությունից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքական ուղղությունը մշակվում է բարձրագույն ղեկավարության կողմից, և այս առումով հայկական կողմը բանակցություններ  է վարում ոչ թե անձերի, անհատների, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ։ [ԱԳՆ խոսնակ]

 

22։15- Ադրբեջանի գործողությունները կամ, կարելի է ասել, մեղադրանքները կրում են բացառապես մանիպուլյատիվ բնույթ, քանի որ մի կողմից Ադրբեջանը փորձում է ուժ կիրառել, մյուս կողմից իրեն ու իր գազամուղները փորձում է ներկայացնել որպես զոհ։ Հայաստանը միշտ հանդես է գալիս պատերազմի դեմ, Հայաստանը միշտ հանդես է գալիս հրադադարի ամրապնդման դիրքերից և մշտապես պատրաստ է իրականացնել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլեր տարբեր հատվածներում։ [ԱԳՆ խոսնակ]

 

22։11- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում 2018-ին ստեղծված օպերատիվ կապը գործում է, բայց, հաշվի առնելով, որ այս  վերջին իրադրության սրումը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով։ [ԱԳՆ խոսնակ]

 

22։08- Զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում։ Եվ իրադարձությունները, որ տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, բավական հաստացրին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները։ Այս հարցը մշտապես լինելու մեր օրակարգի բաղկացուցիչ մասը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ [ԱԳՆ խոսնակ]

 

22։03- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգրավված են եղել գործընթացում, մասնավորապես Ռուսաստանի համանախագահը։ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ, շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով։ [ԱԳՆ խոսնակ]

 

21։58- Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր ՀԱՊԿ-ի գործընկերներին տեղեկատվության տրամադրումը, որը տեղի ունեցավ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները։ Այդ հայտարարությունում միանշանակ նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում։ Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում։ Այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու կարիք դեռևս չկա։ [ԱԳՆ խոսնակ]

 

21։50- Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ ԼՂ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

21։45- Տավուշի երեխաների հյուրընկալման կարիք այս պահին չկա։ Մենք պաշտոնական տարհանում չենք իրականացրել։ Հիմա կառավարության հետ քննարկվում են հնարավոր ճամբարային ձևաչափերը։ Որոշում լինելու դեպքում մենք ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների  տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաև որոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։41- Այս պահի դրությամբ առնվազն երկու շենք վերականգնման ենթակա չէ։ Դրանց փոխարեն պետք է կառուցվեն նորերը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։37- Նկուղային տարածքները, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են որպես ապաստարաններ, այս օրերին հիմնականում նրանք են կիրառվել։ Ուզում եմ հատուկ նշել մեր ժողովրդի ինքնապաշտպանական զգացողությունը և բնազդը։ Ցուցանիշը, որ 100-ից ավելի հրետակոծությունների արդյունքում ունենք ընդամենը 1 վիրավոր, առաջին հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է, և երկրորդը քաղպաշտպանության հաստատությունների լավ աշխատանքի արդյունք է։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։32- Չի կարելի ասել, որ ապաստարանները կառուցվել են միայն դպրոցներում և մանկապարտեզներում։ Հիմնականում ընտրվել են ամենաապահով տարածքները։ Բոլոր սահմանապահ գյուղերն ունեն ապաստարաններ։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։28- Տուժել են ավտոմեքենաներ․ այս հարցերը ևս գույքագրված են, և հաստատ կլինեն որոշակի փոխհատուցումներ։ Քանի որ ռմբահարվել են նաև անասնագոմեր, կան նաև գյուղատնտեսական կենդանիների վնասներ։ Այդ փոխհատուցումը ևս կտրվի։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։23- Ուզում եմ կրկին կոչ անել մեր հայրենակիցներին, ովքեր մեկնում են Բերդ կամ վերադառնում են Բերդից, հիմնականում, եթե այլ խիստ պահանջ չկա, պարտադիր օգտագործեն Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհը, որովհետև դա համարվում է ամենաանվտանգ երթուղին։ Այլ պարագաներում իրավիճակի սրման դեպքում կարող են լինել որոշակի խնդիրներ։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։15- Այսօրվա գույքագրման առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք հայտնաբերեցինք մի շարք ավերածություններ, որոնք եղել են նախկին հրետակոծությունների արդյունքում, այդ թվում 90-ականներից սկսած։ Այդ դեպքերը ևս կվերացվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։12- Այսօրվա դրությամբ առանձնացրել ենք 12 տուն․ 6-ը՝ Այգեպար գյուղում, 6-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ մենք արդեն կարող ենք սկսել վերականգնողական աշխատանքները։ Երկու բնակարանում արդեն սկսել ենք։ Եկող շաբաթվա վերջում մենք ըստ էության կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։09- Երեկ՝ օրվա վերջում, մենք, ըստ էության, ավարտել ենք բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում՝ ջրագծերի վերականգնումը, ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչև վերջ։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

21։06- Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը։ Ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Մեր բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

18։13- Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ: Նախագահն ասել է, որ անկախ ամեն ինչից պատմության իրական կերտողները հենց նրանք են, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։

 

17։40- Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքերում արդեն մի քանի օր է՝ իրականացվում է անվադողերի հավաքման գործընթաց: Անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով, ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները: Նախաձեռնությունն ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրն է՝ Ժորա Աբգարյանը, ձեռնակեց այն: |armenpress.am|

 

16։18- Վիրավորում ստացած 5 զինծառայող միջին ծանրության վիրավորումներ ունեն և դրական դինամիկայով շարունակում են իրենց բուժումը։ Մեկ զինծառայող շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս 4-ը առաջիկայում արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] |armenpress.am|

 

15։32- Հրետանակոծությունից տուժած բնակավայարերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

14։01- Զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարևոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ և այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռևս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով և այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել։ [Նիկոլ Փաշինյան]

 

13։29- Տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանի ուղղությամբ, ինչը կարող է բերել սարսափելի աղետի: Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կհետևի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում։ Ոզում եմ հիշեցնել պարոն Կուլեբային (Ուկրաինայի ԱԳ նախարարին), որ նրա գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, և ոչ թե հակառակը։ Սադրանքներ և սխալներ չպետք է լինեն: Ուկրաինան պետք է մնա չեզոք։ [Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակով] |armenpress.am|

 

11։25- Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել իրենց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկն, ըստ էության, չի դրսեւորել բարձր մարտունակություն եւ արդյունավետություն, անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը, եւ տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք Ադրբեջանը կարծես թե բացառապես Իսրայելից է գնում, եւ որոնք շատ թանկ են, իսկ այդ գումարներն էլ կտրվում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։20- Անզեն աչքով էլ երեւում է, որ թե՛ ԱՀ ՊԲ-ն, թե՛ ՀՀ ԶՈՒ-երը շատ լավ պայքարում են ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։18- Հակառակորդի «ORBITER-3»-ը խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։12- Հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ եւ ծավալով տեսնում ենք, եւ հակառակորդը, այո, պահպանում է իր ներուժը, որով կկարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, բայց մենք դա տեսնում ենք, եւ գործողությունները մեզ համար պարզ են։ Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հարված։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։11- Արցախում ԱԹՍ խոցելը որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ Արցախից առանց այդ մարտերի էլ պարբերաբար խոցվում են ԱԹՍ-ներ։ Սա ցուցիչ չէ, բայց ոչ էլ կարելի է բացառել, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։04- Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմնականում դրական դինամիկա է նկատվում, բացի՝ մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։33- «…Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ).

Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է, և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը»։ [Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը]
 
08։40- Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ [Շուշան Ստեփանյան]

17․07․2020


23:25- Քլոե Քարդաշյանն Ինստագրամի սթորիների բաժնի մի մասը նվիրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերին: Նա գրել է, որ ադրբեջանական ուժերը հարձակվել են Չինարի գյուղի բնակիչների վրա, հայ զինվորներ են զոհվել, ռմբակոծվել է Տավուշի դիմակների գործարանը, իսկ հետո Բաքվում ցույց է եղել, որի ժամանակ հնչել են «մահ հայերին» և պատերազմի կոչեր: Գրել է, որ Թուրքիայի կառավարությունը՝ Հայոց ցեղասպանության ժխտողները, ամբողջ սրտով աջակցում են իրենց ազերի դաշնակիցներին։ Քարդաշյանն ամերիկացիներին կոչ է արել աջակցել հայ ժողովրդին, հրապարակել է Հայաստանի դրոշը, զինանշանը, Սասունցի Դավթի արձանը։


10:44- Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետի հետ: Նշելով նախագահի խիստ մտահոգությունը հատկապես Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության թիրախավորման փաստերի վերաբերյալ՝ Տարասյանը հետաքրքրվել է Չինարի գյուղի վիրավորված բնակչի առողջական վիճակով, խնդրել՝ նախագահի զորակցության և շնորհակալության խոսքերը փոխանցել սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին: Տարասյանը փոխանցել է նախագահի պատրաստակամությունը՝ վնասների վերաբերյալ տվյալների հստակեցումից և ամբողջացումից հետո, մարզային իշխանությունների հետ քննարկել աջակցության հնարավորությունները:



20:22- Հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ՝ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը։ [Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետին]


22:17- Այս հարձակումը պետք է կապել վերջերս Ալիևի հայտարարության հետ, թե պետք է հրաժարվել ԼՂ հարցով բանակցություններից և գտնել ռազմական լուծում: Հայերով բնակեցված այս շրջանը, հետագայում Հայաստանին միանալու նպատակով, ժողովրդավարորեն հռչակել է իր անկախությունը 1991-ին, մինչդեռ Ադրբեջանը ձեռնարկեց սարսափելի պատերազմ, որը, ջարդերի տանող ցեղասպան քաղաքականությամբ, հասցրեց մարդասիրական աղետի: Այս նոր ճգնաժամը ծագում է նաև Ադրբեջանի գլխավոր աջակից Թուրքիայի կողմից վարվող դաժան և էքսպանսիոնիստական քաղաքականությունից: Վերջերս Բաքու կատարած ուղևորության ժամանակ Էրդողանը հորդորեց վերսկսել բախումները։ [Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն] |armenpress.am|


22:10- Հայաստանի սահմաններին հրադադարի ռեժիմի խախտումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս և ևս մեկ անգամ ընդգծում են տեղադիտարկման մեխանիզմի լիարժեք իրագործման` ԵԱՀԿ առաջարկի կարևորությունը: Ես միանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին`զերծ մնալ սադրիչ գործողություններից։ [Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդո]

«Հրադադարի խախտումներ Հայաստանի սահմանին» ձևակերպումը միանշանակ ակնարկ է, որ ագրեսորն Ադրբեջանն է։ [Ռուբեն Ռուբինյան]


21:44- Հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի ՊՆ երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ը։ Սա քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը։ [Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելե] |Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն|


21:50- Ադրբեջանը պարտավորվում է պահպանել միջազգային հանրության միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմանագիրը և չհարձակվել հայ բնակչության վրա, այդ թվում` Արցախում։ Նման ագրեսիվ գործողությունները պետք է դատապարտվեն Ավստրալիայի և այլ երկրների կառավարությունների կողմից, հատկապես այս ժամանակահատվածում, երբ աշխարհը պայքարում է համաշխարհային համավարակի դեմ։ [Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի համանախագահ]


21:30- Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը, սակայն չեմ ուզում բացել փակագծերը, որովհետև մեր ձեռքին շատ հաճախ ադրբեջանական զենք-զինամթերքի նմուշները հայտնվում են ամենատարբեր եղանակներով, և դրանք մեկնաբանելն այնքան էլ ճիշտ չէ։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:20- Այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչնեչը կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքնեը սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են այգեպար գյուղում, վաղը կսկսվեն նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ [մարզպետ Հայկ Չոբանյան]


20:45- Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում։ Շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի: Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, յուրաքաչյուր երեխայի և բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին։ Խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ: [մարզպետ Հայկ Չոբանյան]


20:05- Այսօր նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը, մեր երեխաները, ինչպես նաև կրթական հաստատությունները: Նմանատիպ նամակներ եմ հղել նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ [Արայիկ Հարությունյան]


20:00- Ադրբեջանն, անկարող լինելով կոտրելու հայկական կողմի անկոտրում դիմադրությունը, իրենց իսկ սկսած ագրեսիայի հետեւանքով կրելով պարտություն պարտության ետեւից, թիրախավորում են հասարակ ժողովրդին, ռմբակոծում են գյուղերը: Այս ահաբեկչական քայլերըն անվերապահորեն քաջալերվում են Թուրքիայի կողմից: Էրդողանի իշխանությունը մեղսակից է դառնում նույնիսկ, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ ռմբակոծելու է հայկական ատոմակայանը: Սա մարդկության դեմ բացահայտ ոճրագործ հայտարարություն է, որի վրայից միջազգային հանրությունը, պետությունները չպիտի հպանցիկ անցնեն: Հակամարտության դրդիչն ու հրահրողը նեոօսմանական երազանքներով տարված եւ տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք հանդիսացող թուրքական իշխանություններն են, որոնք իրենց շահերի համար ծառայեցնում են թե' Ալիեւյան կլանին, թե' ադրբեջանական ժողովրդին: [Եվրոպայի հայերի համագումար]


19:40- Արա Աբրահամյանը ՌԴ ԱԳՆ-ում հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, Լավրովին ծանոթացրել այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, ներառյալ ՌԴ-ում ազգային հողի վրա հակամարտությունների կանխարգելումը: Իսկ Լավրովը վստահեցրել է, որ ՌԴ-ն՝ որպես տարածաշրջանում խաղաղության  և անվտանգության հարցում հետաքրքրված երկիր, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը։


19:30- Միխայիլ Գալուստյանը «Ինստագրամ»-ում հրապարակել է ՀՀ դրոշը և գրել, որ ցանկանում է սատարել Հայաստանին՝ իր պատմական հայրենիքին․ «Այն, ինչ հիմա կատարվում է, շատ տխրեցնող է: Զոհվում են երիտասարդ տղաները: Կարծում եմ՝ Հայաստանի հետ կարելի է միայն բարեկամություն անել: Երբեք պետք չէ փորձել երկխոսություն սկսել ուժի տեսանկյունից: Միայն խաղաղ բանակցություններ: Ո՛չ պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը»։ |armenpress.am|


19:10- Միակողմանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի կոնֆլիկտի հետ, մասնագիտական անպիտանիության ցուցիչ է: Եթե պարոն Բոդնարի թեթևամտության հետ կապված պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, ապա ընդհանուր ձեր աշխատանքի գնահատականը թող տա միջազգային դիվանագիտական հանրությունը: Պարզապես հիշեցնեմ, որ նման թեզեր այդ կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հարթակում հայտնում է միայն Թուրքիան: Միգուցե չունեք որակավորված մասնագետներ, միգուցե օգնություն է անհրաժեշտ, տեղեկացրեք, պատգամավորական թևը կօգնի։ [Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան քննադատել է իրենց ԱԳՆ հայտարարությունը] |armenpress.am|



18:05- Հեռախոսազրույց ունեցա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։  Վերահաստատեցի իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ մենք շարունակելու ենք գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով։ [Արարատ Միրզոյան]


17:47- Մենք հետևել ենք հուլիսի 12-ից 13-ը հայ-ադրբեջանական սահմանին փոխրաձգության մասին տագնապալի լուրերին։ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով։

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։ [Հնդկաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավա] |armenpress.am|


17:46- Հենց  առաջին  օրվանից  թուրքական  իշխանությունը  տարածեց  հայտարարություն , որ  ինքը  զորակցում  է  Ադրբեջանին  և  միշտ  կանգնելու  է  նրա  կողքին։ Թուրքական  իշխանությունները  նույն  ձևով  բացահայտ  կերպով  հայտարարում  են,  որ  պետք  է  ոչնչացնել  քրդերին  և  մեծ  թափով  ամեն օր  ցեղասպանություն  են  կատարում  քրդերի  նկատմամբ։  Մենք դատապարտում  ենք  թուրքական  պետության  այս  հայտարարությունը և  Ադրբեջանի  կատարած  ագրեսիան  Հայաստանի  պետական  սահմանի  վրա  և  մեր  զորակցությունն  ենք  հայտնում  հայ  ժողովրդին  և  միշտ  կանգնելու  ենք  նրա  կողքին։ [Հայաստանի քրդական համայնք]


17։45- Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։
Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

13։50- Դադարեցրե՛ք հրահրել հայոց բանակին: Դադարեցրե՛ք ապատեղեկատվությունը մտացածին «հայկական ագրեսիայի» մասին: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու: Միշտ այդպես է եղել: Միշտ կլինի այպես: Ո՛չ պատերազմին: Խաղաղությունը միակ լուծումն է. Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար։ [Գարիկ Մարտիրոսյան]

 

13։33- Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել օգնության համար: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե իրավիճակը չհանդարտվի, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու: [ՀՀ ԱԳ փոխնախարար] |armenpress.am|

 

13։21- Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից խլեց առնվազն 16 մարդու կյանք և հանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտության։ ԵՀԽ-ն խորապես անհանգստացած է առկա զեկույցներով, որոնց համաձայն փոխադարձ հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական անձեր են տուժել և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներ, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տավուշի մարզի գործարանը։

 

12։57- Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ համավարակի օրերին։ [Ալեքսիս Օհանյան]

 

11։55- Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

11։54- Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի և ներկայումս Գագաթաժողովը նախագահող և ինձ հարազատ Հայաստանի միջև սահմանային մահացու բախումների կապակցությամբ։ Մաղթում եմ լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի ռեժիմի պահմանմանը։ [Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար] |armenpress.am|

 

11։15- Երեկ ուշ երեկոյան եմ ունեցել ինֆորմացիա։ Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղափոխվել է Երևան։ [Հովհաննիսյանը՝ Չինարիում վիրավորված քաղաքացու մասին]

 

11։14- Ընդհանուր առմամբ հայկական կողմը ունեցել է 36 վիրավոր, որոնց մեծ մասը ոտքի վրա, առանց բժշկական միջամտության վերադարձել են շարք։ 20 զինծառայողի քիչ, թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր։[Արծրուն Հովհաննիսյան]

 

11։12- Առանձին գործողություններ տեղի չեն ունեցել։ Կան զուտ կրակոցներ։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում կրակոցների մասին]

 

11։11- Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։09- Ըստ էության, եթե ամփոփենք այդ 120 խախտումները ամբողջ սահմանի ուղղությամբ, կարող ենք ասել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։[Արծրուն Հովհաննիսյան]

 

11։08- Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ։ Բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։07- Երեկ՝ անցնող գիշերը, ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ։ Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։04- Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել։ Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։14- Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը տեղեկացրեց Տավուշի մարզի բնակավայրերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ։ Դեսպանը հատուկ ընդգծեց Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։

 

10։08- Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, թե «Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Հայաստանի զինված ուժերի կոշտ հարձակումն Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա», և որ «Հայաստանը գտնվում է սխալ ուղու վրա»: |tert.am|

 

09։35- Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին: Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն սրացումը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար: [ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենաս] 

 

08։37- Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ 

Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։

ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։ [ՊՆ խոսնակ]

 

08։29- Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը  սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է: 
Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին: [ՀՀ ՊՆ]

 

08։26- Տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիները ակտիվ գործողություններ են վարում։ Հարգելի քաղաքացիներ, չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին ու ՍՄՍ-ներին, որ ստանում եք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

00։54- Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը: Մենք խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։ Բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի ցանկացած և վարվող լարվածության սրման ռազմավարության։ Իրավիճակն ավելի է բարդացել թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ-ն իր տնտեսական առաջընթացի համար հիմնվում է իրավական պետության ամրապնդման և բարձր տեխնոլոգիայի զարգացման վրա, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները։ Ավելին, ադրբեջանական այս նոր ագրեսիան ցույց է տալիս, որ ԼՂ-ն սոսկ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար։ Կոչ ենք անում ֆրանսիական կառավարությանը ձեռք առնել տվյալ իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։ [Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը]

16․07․2020թ․

23:20- Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա: Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ: [ՀՀ ՔԿ]


23:05- Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում: [Եվրոպական ժողովրդական կուսակցություն] |armenpress.am|


22:30- Արտերկրում մեր դիվանագետներից ոմանք դարձել են այն երկրների դեսպանները, որտեղ աշխատում են: Այս երևույթին պետք է վերջ տրվի: Սա կադրային սխալ քաղաքականության հետևանք է: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը, դավաճանել և չեն թաքցնում դա: Նրանք այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, որտեղ ապրում են։ Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են այդ երկրների հատուկ ծառայություններին, որոնք մեր գործընկերներն են: Ասել ենք, որ գիտենք՝ դուք եք ղեկավարում այդ մարդուն, դուք նրան տուն եք տրամադրել, այդ մարդը ձեր կամքով կեղտոտ քայլեր է անում, գիտենք այս ամենը: Սա ցույց է տալիս այդ երկրների կեղծավորությունը: Նրանց նպատակը Ադրբեջանը թուլացնելն է, խարխլելն ու առաջնորդների մասին սուտ տարածելն է: [Իլհամ Ալիև] |armenpress.am|


22:20- Ճապոնիան մտահոգություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում։ [Ճապոնիայի ԱԳՆ] |armenpress.am|


22:00- Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի ՊՆ հնչեցրած սպառնալիքը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: 

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: 
Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: 

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին:
Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից: [ՀՀ ԱԳՆ]


21:42- Արցախի Հանրապետության և ՀՀ այլ սահմանագոտիների ուղղությամբ, ըստ էության, իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Դինամիկայի որևէ շեշտակի փոփոխություն չկա։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:40- Ես առավոտյան էլ նշեցի, իրենց լրատվամիջոցները ևս հաստատել էին, որ կիրառվում է պայմանական աված  Յաշմա բրիգադը, դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են ընդհանրապես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը։ Սա էլիտար ստորաբաժանում է։ Եվ շատ տրամաբանական է, որ նախորդ օրերին ադրբեջանական 3-րդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերի կողմից, իրենց մարտական խնդիրը լուծել չկարողանալու պատճառով, պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում։ [Հովհաննիսյանը՝ հարցին, թե այդ 100 հոգին Ադրբեջանի հատուկ նշանակության ուժե՞րն են եղել]


21:35- Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս հանման ապացույց։ Հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում․ բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։ Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում։ Չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100 հոգանոց խումբը։ Դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40%։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:30- Վիրավորները մնում են նույնն, ինչ առավոտյան հայտարարել եմ։ Մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը կայուն է, զոհերի և զենքերի տրամաչափերի մասով փոփոխություն ևս չկա։ Ամսի 12-ից սկսած հրետանային և ցամաքային զորքերի այն զինատեսակները, որոնք կիրառվել են, շարունակում են մնալ նույն աստիճանի վրա, ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ չեն կիրառվել։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:25- Ես գոնե թե չեմ հիշում, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանի կողմից նման սպառնալիք եղած լինի, գուցե և եղել է։ Մի կողմից  շատ ուրախ եմ, որ մեր դիվանագետները հարցը համարժեք կերպով բարձրացրել են միջազգային կառույցների առջև։ Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ նման հայտարարություն անողը և իր վերադասը պիտի ենթարկվեն հոգեբանական թեստի։ [Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հարցին, թե նախկինում ևս եղե՞լ է ատոմակայանը պայթեցնելու սպառնալիք]


21:20- Այսօր Բերդ համայնքում ուսումնասիրել ենք շինարարական ռեսուրսները, այդ թվում հաշվառել ենք այն անձնանց, որոնք վերադարձել էին հայրենիք և համավարակով պայմանավորված չէին կարողացել մեկնել արտերկիր և արտերկրում զբաղված են եղել շինարարական աշխատանքներով։ Այս ներուժը պիտի օգտագործենք, որ առաջիկայում հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք իրականացնել վթարված շենքերի վերանորոգումը կամ նոր շենքերի կառուցումը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]


21:18- Այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը ենթակառուցվածքների, 4-ը տրանսպորտային միջոցների, 2-ը ընտանի կենդանիների և 41-ը շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության [ Տավուշի մարզպետը՝ վնասների ամսին]


21:15- Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին։ Դրանք ծածկոցներ են, ջրի ապահովման հնարավորություններ՝ ապաստարաններում, դրանք լապտերներ են, որոնք հնարավորւոյթյուն կտան նաև գիշերային պայմաններում մարդկանց պատսպարելու։ Այսօր հիմնականում որոշ գյուղերում բացառապես օգտագործվել են միայն անհատականան ապաստարանները, որոնք հիմնականում տարբեր թաղամասերում նկուղներ են։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]


21:10- Օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-երը թույլ են տվել Ադրբեջանի ԶՈւ-երի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, այս մասին ՊՆ-ն հայտարարեց, հստակ նշումներով ցուցադրվեցին նկարները։ Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացել է զավեշտալի հակասություն՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչու՞ էին մնացել այդքան ժամանակ և ինչու՞ էին մեր վերահսկողության տիրույթում։ Հետևությունները թողնում եմ բոլորին։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:05- Կեսօրից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, այլ տուժածներ չկան։ [Արծրուն Հովհաննիսյան]


20:55- Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, ընդգծել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ։ Մնացականյանը դատապարտել է Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլմանն ուղղված հայտարարությունները և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը։


20:45- Հենց նոր հերթական նամակներով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների, տեղեկացրեցի, որ այսօր, Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել է, որ կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Նշեցի, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոչ արեցի գործընկերներիս խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։ [Հայկ Կոնջորյան]


19:50- ՀՀ ԶՈՒ զինծառայողների, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրգործ։ Վերոնշյալ բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել են զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ, բոլոր վիրավորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել և շարունակվում են նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ: [ՀՀ գլխավոր դատախազություն]


19:17- Ադրբեջանի իշխող ռեժիմը, առանց թաքցնելու ամբողջ իր ահաբեկչական և ֆաշիստական էությունը , ՊՆ պաշտոնական ներկայացուցչի միջոցով սպառնում է հարվածներ հասցնել Մեծամորի ատոմակայանին։ Միայն Ալիևի բորբոքված մարդատյաց ուղեղում կարող էր առաջանալ նման գաղափար՝ սպառնալով ողջ Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի անվտանգությանը: Միջազգային կառույցները, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, պարտավոր են անհապաղ և ուղղակիորեն գնահատել Ադրբեջանի աննախադեպ ցինիկ պահվածքը, որը խախտում է միջազգային, մասնավորապես, Հաագայի օրենսդրության նորմերը։ [Արմեն Աշոտյան]


18։55- Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն է։ |razm.info|

 

18։35- Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման մասին բոլոր պայմանագրերի եւ ռեժիմների համապարփակ եւ արդյունավետ կատարումը։ Այդ պարտավորվածությունները բոլոր երկրների կողմից համաշխարհային անվտանգության հիմնասյուներից մեկն են։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյան]

 

18։18- Հակառակորդի մարտական ԱԹՍ-ը 2-3 ժամ առաջ հարվածել է ՀՀ արտակարգ իրավիճակների մեքենայի:  ԱԻՆ-ից ասացին, որ վիրավոր չունեն. «Մեքենային են հարվածել, մեքենան այրվել է»։ |news.am|

 

17:54- Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը պետք է քարտեզին նայի ու հասկանա, թե Մեծամորի ատոմակայանը որտեղ է գտնվում, ու ցանկացած բան, որ կարող է պատահել ատոմակայանին, ամբողջ տարածաշրջանի վրա է ազդելու։ Իհարկե, նման անհեթեթ հայտարարություններին պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ սա, ըստ էության, արդյունքն է նրա, որ Ալիեւի վարչակարգը պարզապես շփոթված վիճակում է։ Բայց, միեւնույն ժամանակ, մեր Զինված ուժերը զգոն են, այդ ամենը հաշվի են առնում եւ հետեւում են զարգացումներին։ [Միքայել Զոլյան]

 

17։11- Հակառակորդի հարվածից Չինարի գյուղում վիրավորված Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր:  Ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

16։23- Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

16։07- Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

15։56- Արցախի սահմանի ամբողջ երկայնքով այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է, սակայն, հաշվի առնելով Տավուշի սահմանային գոտում տիրող իրավիճակը, ՊԲ-ն գործադրում է բոլոր ջանքերը ոչ միայն առաջնագծում, այլև հակառակորդի խորքում բոլոր շարժերը դիտարկելու համար։ [Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան] |pastinfo.am|

 

15։26- Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությանը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

15։04-Հայկական կողմի վիրավորների ընդհանուր թիվը 20-ն է, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ 10 հոգու հետ բժիշկներն ավելի երկար են աշխատում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։32- Թուրքիան, արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ  իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։ Թուրքիայի համոզմամբ՝ Հայաստանի մոտեցումը մի մտածելակերպի դրսևորում է, որն «իր ինքնությունը ստեղծում է  պատմության միակողմանի ընկալումից միայն թշնամանք քաղելով և ջանում է միջազգային իրավունքի դեմ իր ագրեսիան օրինական ներկայացնել»։ |ermenihaber.am|

 

13։29- Մենք այս պահին ունենք հաշվառած առնվազն 30 բնակարան կամ առանձնատուն, որոնք վերականգնման կարիք ունեն ։ Այդ աշխատանքները սկսելու ենք անմիջապես։Մենք որոշում ենք կայացրել նաև միանվագ դրամական օգնություն ցուցաբերել այս ընտանիքներին։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

13։26- Շատ հավանական է, որ հակառակորդը դիեր է թողել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։24- Ցավոք, մեր լրատվամիջոցների մեծամասնության գրագետ ու փայլուն աշխատանքի կողքին երբեմն տեսնում ենք, որ դեռ չճշտված, դեռ հակառակորդի կողմից նույնիսկ չփաստված գործողությունների հրապարկում է լինում մեր լրատվադաշտում՝ հակառակորդի գորրծողությունը անվանելով «հակահարված», երբ մեկ կետային, երբ մեկ միավոր թռչող սարքի կամ հրետանում հարվածը գնահատվում է «ստրատեգիական»։ Նման բաներից, խնդրում եմ՝ զերծ մնաք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։22- Շատ կարևոր է, որ մեր բնակիչները պահեն զգոնությունը, որովհետև իրավիճակը ամեն պահի կարող է փոխվել ցանկացած բնակավայրում։ Համայնքներում խուճապ չկա։ Մենք այսօր առանձնահատուկ խնդրել ենք, որ հնարավորության դեպքում մարդիկ պատսպարվեն, և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն՝ մնան պատսպարված։ Իրավիճակը կայուն է , հսկողության ներքո։ Մեր բանակի պրոֆեսյոնալ վարքագծի շնորհիվ մենք ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքներում։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

13։21 - Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից: [ՊՆ խոսնակ]

 

13։19- Վաղ առավոտից կառավարության հետ քննարկումներ ենք ունեցել։ Ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների, վնասների ծավալների վերաբերյալ։ Վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ տների վերականգնման աշխատանքներով։ Այն տները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի կկառուցվեն նորերը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

13։18- Շատ դեպքերում մարտական գործողությունները ընթանում են համակարգված խառը մարտավարությամբ։ Այսինքն՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած  հարվածների հետ զուգահեռ՝ տեղի են ունենում ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողությունները։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի առաջխաղացման փորձերի մասին]

 

13։16- Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

13։14- Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ , ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

13։10- Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե հայակական կողմը օգտագործել է ԱԹՍ-ը, որը իրենց կողմից խոցվել է, սա պաշտոնապես հերքվել է  և չի համապատասխանում իրականությանը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։06- Արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, որպեսզի մեկնեն մարտական դիրքեր։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են։ Այս հարցով այսօր կլինի ՊՆ հայտարարությունը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։43- Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ ԶՈՒ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում։ Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները։ [ՊՆ խոսնակ]

 

12։33- Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել են Չինարի գյուղի հացի փուռը և հարակից տունը: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

12։22- ԱԻՆ փրկարարները և հրշեջներն այս օրերին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում են: Երբեմն կրակի տակ լինելով՝ չեն կարողանում մարել հրդեհները: ԱԻՆ մարտական հաշվարկները շարունակելու են ամենօրյա ռեժիմով հերթապահությունը Բերդի տարածաշրջանում: [ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյան]

 

12։03- Ադրբեջանը կորուստներ ունի։ Երկրի ՊՆ խոսնակը հայտնել է, որ ավելի ուշ հայտարարություն կլինի զոհերի վերաբերյալ։ |bbc.com|

 

11։25- Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման։ Այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։ [ԱԳՆ]

 

11։12- Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 5։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղները։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ»  դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան, ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արձանագրեմ նաև, որ սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական։[Նիկոլ Փաշինյան]

 

11։04- Այս գիշեր 03։40-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ ուժերի «Անվախ» կոչվող սահմանային դիրքը գրավելու նպատակով։ Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և  Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։[Նիկոլ Փաշինյան]

 

10։09- Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: [ՊՆ խոսնակ]

 

10։08- Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։06- ԱՀ ԱԺ խմբակցությունները խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Զուշացնում ենք, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան: ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի նման պահվածքը․ Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները։

 

09։39- Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին: [Արծրուն Հովհաննիսյան]

 

09։30- ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են Պետքարտուղարին և Պաշտպանության քարտուղարին խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները, քանի որ մտահոգված են, որ դրանք օգտագործվում են Հայաստանի դեմ: [«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց]

 

09։21- Ֆրանսիան դատապարտում է ռազմական բախումները, որոնք սկսվել են կիրակի օրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հանգեցրել մի քանի մարդու մահվան։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը էսկալացիայից խուսափելու համար։ [Ֆրանսիայի ԱԳՆ] |armenpress.am|

 

09։08- Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

 

09։07- Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին։ ԿԽ հայկական պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ, դիմել են Ադրբեջանի ԿԽ պատվիրակությանը և դեռ չունեն պատասխան։ Կապի մեջ կլինենք միջազգային մեր գործընկերների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում, կապի մեջ ենք նաև Ներքին Խնձորեսկի անհետացած և Ադրբեջանի տարածքում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ։ [ՀՀ ՄԻՊ] |azatutyun.am|

 

09։03- Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։  [Շուշան Ստեփանյան]

 

08։10- ՊՆ Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։ [Շուշան Ստեփանյան]

 

07։20- Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ 
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

15․07․2020թ․

 

23։20- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության նվազումը և կոչ արել կողմերին գործադրել բոլոր ջանքերը՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ։ Համանախագահները կողմերին նաև կոչ են արել զերծ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և տեղում իրավիճակը փոփոխելու փորձերից։ Համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ որքան հնարավոր է շուտ ղարաբաղյան կարգավորման կարևորագույն հարցերի շուրջ առարկայական բանակցություններ վարելու պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորել են ԵԱՀԿ դիտորդների վերադարձի կարևորությունը տարածաշրջան, երբ պայմանները թույլ տան։

 

23։09- Քաղաքացիական բնակավայրերից ամենամեծ վնասը հասցված է Այգեպար գյուղին։ Այստեղ մենք ունենք 11 քաղաքացիական  տներ, որոնք պարզապես ենթարկվել են հրետանակոծության, և մեր դիտարկումները, նաև բնակչների հետ առանձնազրույցները ցույց են տալիս, որ խոսքը գնում է այնպիսի հրետանային արկերի մասին, որոնք պարզապես ներսից պայթում են և բեկորների են վերածվում։ Այդ բեկորներն այնպիսին են, որ կարող են կյանքին, առողջությանը ակնհայտ վնաս հասցնել, դրանք ունեն անգամ խոշտանգման և մարդուն անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ։  [ՀՀ ՄԻՊ]

 

22։20- Հրետանակոծությունն իրականացվել է ցերեկային ժամին, այնտեղ եղել են աշխատողներ, և ողջամիտ մեկնաբանությունը ակնհայտ հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը գնում է թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին։ [ՀՀ ՄԻՊ]

 

22։16- Բերդ քաղաքում «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ էր իրականացվել հրետանակոծումը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ։ Սա հատկապես մտահգոիչ և խիստ դատապարտելի է, որովհետև «Տավուշ տեքստիլն» արտադրում է բժշկական դիմակներ, այն էլ այս կորոնավիրուսի պայմաններում խոսքը գնում է ակնհայտ մարդասիրական հարցի մասին։ [ՀՀ ՄԻՊ]

 

21:45- Ճիշտ է, պահպանվում է, այսպես ասենք, հրադադարի ռեժիմը։ Բայց մեր Զինված ուժերը բարձր մարտունակության մեջ են, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքների, լինի ցամաքային թե օդային։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:43- Մեր հաշվարկներով 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:35- Մեր ԶՈՒ-ի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը՝ հետախուզական։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։16- Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»: Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի։ [ՊՆ խոսնակ]

 

21։14- Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ։ [Հայկական միասնական տեղեկատվական հարթակ]

 

19:51- ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ: [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |24news.am|

 

19:37- Նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին եւ Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարին։ Տեղեկացրել եմ ՀՀ հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի ԱԳՆ-ի աջակցող հայտարարությունների մասին։ [ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան]

 

19:06- Հայ-ադրբեջանական սահմանային լարումը իսկապես որոշակիորեն կապված է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ։ Շատ ուշագրավ էր, որ Բաքվում հենց երեկ տեղի ունեցան, իմ կարծիքով, բավականին մասշտաբային ցույցեր․ հաշվի առնելով կարանտինային իրավիճակը՝ կոչ էին անում շարունակել պատերազմական գործողությունները։ Ընդամենը հաշված ժամերի ընքացքում, սկսեցին ստանալ հակաիշխանական էլեմենտներ։Այդ ամենի արդյունքում էլ իշխանությունը որոշում կայացրեց արագ ցրել ցույցերը։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյան]

 

18։50- Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով:
Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ: [ՀՀ ԱԳՆ]

 

18:04- Ինչպես Հունաստանը և Կիպրոսը շարունակաբար դիմադրում են թուրքական ագրեսիվ սադրանքներին, այնպես էլ այլ երկրներ, ինչպիսին է Հայաստանը, նմանատիպ ճնշման է ենթարկվում Անկարայի կողմից, որը բերում է կովկասյան տարածաշրջանում ագրեսիվ գործողությունների, նրանց սահմանների վրա հարձակումների, հրադադարի ռեժիմի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման: Մենք դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները, որոնք դեմ են ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը։ [Դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող գործողությունները․ Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ]

 

17:54- Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել: Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ։ [Նախագահ Արմեն Սարգսյան]

 

17:48- Տեսակապով զրուցեցի Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ։ [ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան]

 

17:27- Հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անդորրին՝ մտահոգություն հարուցելով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։ Պաշտոնյան գրել է, որ հակամարտությունների քաղաքական կարգավորումը, որը հաշվի է առնում երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը, միակ ելքն է ճգնաժամից։ |civilnet.am|

 

16:29- ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Օրակարգում են եղել նաև երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող այլ հարցեր։ |azatutyun.am|

 

16։20- Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով, Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: |civilnet.am|

 

16։00- Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է  հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։ Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։ [ՊՆ խոսնակ]

 

14։39- Ուղղաթիռների տեղաշարժը որևէ կապ չունի սահմանին ծավալվող գործողությունների հետ, դրանք «առօրյա թռիչքներ են»։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ այսօր վաղ առավոտյան Երեւանի օդային տարածքում նկատվող ուղղաթիռների ակտիվ շարժի մասին] |pastinfo.am|

14։27- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդություններն ու ստորագրել է Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողների պարգեւատրման հրամանագրերը:
Հրամանգրում ասվում է․ 
Մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանին  հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Կապիտան Սոս Փայլակի Էլբակյանին  հետմահու պարգևատրել Արիության մեդալով:
Կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանին  հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
Կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

13։15- Երկրորդ միջանկյալ զեկույցն ենք  ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։Այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։  [ՄԻՊ Արման Թաթոյան]

13։06-Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

11։44- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:  Մնացականյանը տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային։ [ՀՀ ԱԳՆ]

 

11։42- Եթե այս պահին բողոք չունենք որևէ զինվորականից՝ սննդի հարցում, ուրեմն ընկերությունները խնդիրը լուծում  են փայլուն։ Մենք  այն ժամանակ էլ ենք հայտարարել, որ մշտական տեղակայման վայրից դուրս բերելու պարագայում  սննդի մատակարարման պրոցեսը դառնում է խառը, այսինքն ընկերության և զորամասի թիկունքային ծառայությունների համատեղ աշխատանքով է իրականացվում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։35- ՀՀ ԶՈՒ-երը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, կոնֆլիկտի  աստիճանն այնքան չէ, որպեսզի ՀՀ-ն անհրաժեշտություն ունենա դիմել ՀԱՊԿ-ին՝ որեւէ գործողություն անելու, միջամտելու համար։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։35- Ինչպես տեղեկացնում են ՏԻՄ-երը՝ քաղաքացիական բնակչությունից որևէ մեկը նշանակալի վիրավորումներ, վնասվածքներ չի ստացել։ Վնասները եղել են միայն նյութական։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։33- Բացի ԱԹՍ-ներից՝ հակառակորդը միանշանակ կորցրել է մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։30- Ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և՛ սահմանապահ ծառայությունը, և՛ երրորդ բանակային կորպուսի իրենց  սպառազինությունում եղած, կարելի է ասել, ողջ զինանոցը կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների։ Մասնավորապես, բոլոր տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ մինչև անգամ 122 և չի բացառվում նաև ավելի բարձր տրամաչափերի։ Մեր ՀՕՊ ստորաբաժանումների կողմից 10 ԱԹՍ-ներ են խոցել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։29- Որեւէ բնակավայրից որեւէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի։ Այս հարցը փակենք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։25- Եթե հայ ինժեներների կողմից հետախուզական ԱԹՍ-ների էջը կարելի է համարել գերագույն կատարված եւ փակված, որովհետեւ մենք մինչեւ վերջ յուրացրել ենք, տիրապետում ենք ու կատարելագործելու ենք, ապա մարտական ԱԹՍ-ների էջը եւս յուրացնում ենք, տեսնում ենք իրենց գործունեության մեջ, առաջիկայում է՛լ ավելի կկատարելագործենք, կզարգացնենք, առաջ կգնանք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։18- Հաստատում ենք՝ մեր խոցած Elbit Hermes 900-ը թանկարժեք, բարձր տեխնոլոգիական թռչող ուղեղային կենտրոն է։ Խոցվել է հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցների կողմից՝ համապատասխան մոդեռնիզացված տեխնոլոգիայով («Оса» զենիթահրթիռային համակարգի միջոցով), որը մեր ռազմաարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել էր։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։17- Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ [ՊՆ խոսնակ]

 

11։16- ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրը փայլուն կատարել են։ Արդյունքները պարզ երևում են։ Կոնֆլիկտի բնույթը, ծավալները այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի՝ այդ թվում պահեստազորայինների և կամավորական ջոկատների օգնությանը։ Մենք վստահ ենք, որ  մեր կամավորները պատրաստ են, տեսել ենք բազմիցս, շնորհակալ ենք իրենց, բայց այս պահին իրենց զավակները իրենց խնդիրը փայլուն կատարում են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։10- Ադրբեջանական կողմի հետ զինադադարի պայմանավորվածության մասով հստակ տեղեկություն չունեմ, բայց հաճախ է լինում, որ գիշերները ակտիվություն չի լինում։ Եթե մենք նման ինֆորմացիա ունենանք, անպայման կհայտարարենք։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։08- Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, եւ այլ սպաներ, շարքայիններ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։06- Այս պահի դրությամբ շարունակվում է հանգիստ վիճակը։ Արցախյան հատվածում եւս հանգիստ է եղել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։04- Երեկ 18։00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում․ կրակոցները գնալով քչացել են։ Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ, եւ այլն։ Բայց, մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակողներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաեւ ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։32- Երեկ ուշ երեկոյից Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Մայրաքաղաք Բաքվում ցուցարարների թիվը, որոնց միացել էի շրջակա քաղաքներից ժամանածները, կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի։ Այս իրադարձությունը ոչ միայն աննախադեպ էր իր մասշտաբներով, այլև այն հանգամանքով, որ ցուցարարները ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։ Այսօր սպասվում է նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ։ [Թուրքագետ Վարուժան ԳԵղամյան]

 

10։06- Հենց նոր ստորագրեցի Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր  Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին՝ Արիության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

09։58- Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով և խորապես ցավում է մարդկանց զոհվելու համար: Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և երկխոսության մեջ մտնել։ Վերահաստատում ենք մեր աջակցությունը բանակցային գործընթացին ' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: [ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության նախարարության խոսնակ] |armenpress.am|

 

09։24- ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում |armenpress.am|

 

08։33- ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Նշվում է, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլև խաղաղ քաղաքացիների կյանքը: [Լիլիթ Մակունց]

 

08։15- Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ [ՊՆ խոսնակ]

 

00-20- Սա պարզապես սահմանի խախտում և սովորական բախում չէ, այլ անմիջական գիտակցված հարձակում Ադրբեջանի դեմ: Անկասկած, այս հարձակումը Հայաստանի կարողությունից վեր իրադարձություն է: Նպատակը սադրիչ մոտեցմամբ խոչընդոտել ԼՂ հարցի լուծման գործընթացը և տարածաշրջանում բախման նոր գոտիներ առաջացնել։ Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը։ Մեր պարտքն ենք համարում հարցի առնչությամբ մոբիլիզացնել համաշխարհային մակարդակով քաղաքական, դիվանագիտական և հասարակական բոլոր կապերը: [Ռեջեփ Թայիփ Էրդողան] |azatutyun.am|


                                                    14․07․2020թ․


23:30- Ըստ էության, ժամանակակից պատերազմում թիկունք ու առաջնագիծ հասկացությունները շատ հարաբերական են։ Այո, մենք փորձում ենք առաջնագծում մարտական հերթապահության մեջ չպահել ժամկետային զինծառայողների, բայց քանի որ ճակատներն ու խորությունները փոխվել են, շատ հաճախ մարտական գործողությունները նաև խորքում են տեղի ունենում։ [Արծրուն Հովհաննիսյան]


23:25- Տեսել ենք Ադրբեջանի կողմից 11 զոհի հաստատում, գրեթե վստահ եմ, որ այդ թիվը կարող է փոխվել։ [Արծրուն Հովհաննիսյան]


23:22- Կուզեի բոլորին հորդորել զերծ մնալ խուճապ առաջացնող, ոչ հավաստի նյութեր տարածելուց, ադրբեջանական լրատվադաշտից նյութեր բերելուց մեր դաշտ։ Բառեր են ընտրվում, որոնք թե՛ տեղեկատվական տեսանկյունից, թե՛ անվտանգության տեսանկյունից տեղին չեն։ Օրինակ՝ հայկական գործողությունները որակել «նախահարձակ»։ Մենք ունենք բավականին լավ փորձ և պետք է այդ փորձը զարգացնենք և կիրառենք։ [Արծրուն Հովհաննիսյան]


23:21- Այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ համեմատաբար հանգիստ վիճակը սկսվել է ժամը 18։00֊ից։ Շատ քիչ կրակոցներ կան, մեծ տրամաչափի կրակոցներ չկան։ [Արծրուն Հովհաննիսյան]


23:20- Քանի դեռ կա մարտական իրավիճակ և կարող են լինել մարտական գործողություններ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել դիրքային փոփոխությունների մասին հարցին։ ՀՀ ԶՈՒ-երը բոլոր տարիներին բոլոր հնարավոր շանսերն օգտագործել են դիրքերը բարելավելու համար, դա ճշմարտություն է, որը պետք չէ քննարկել։  [Արծրուն Հովհաննիսյան]


23:15- Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, և ես վստահ եմ՝ տեղի չի ունենա։ Մեր ժողովուրդը ամուր կանգնած է իր դիրքերում։ [Արծրուն Հովհաննիսյան]


23:12- Այս պահին իմ տրամադրության տակ եղած տեղեկության համաձայն՝ քաղաքացիական բնակչության մեջ գոնե թեթև վիրավորումներ չկան․ միայն նյութական վնասներ ենք կրել։ [Արծրուն Հովհաննիսյան]


23:10- Ամսի 12-ից սկսած մինչ այսօր ներառյալ, երբ խոցվեց Hermes 900 մոդելի բավականին մեծ ու թանկարժեք ԱԹՍ-ն, խոցված ԱԹՍ-ների թիվը 5-ից ավելի է և մոտենում է 10-ին, վաղն ավելի հստակ կասեմ։ [Արծրուն Հովհաննիսյան]


23:05- Բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում՝ ըստ բժիշկների ներկայացրած տվյալների։ Հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել, ընթացքում մշտապես կփորձենք իրազեկել վիրավորների վիճակի մասին։ [Արծրուն Հովհաննիսյան]


22:50- ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ադրբեջանական ագրեսիայի դեմ ՝ ընդունելով 907-րդ հոդվածը, ըստ որի՝ ամերիկյան ոչ մի միջոց աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ նախագահը չի որոշել և Կոնգրեսին զեկուցել, որ Ադրբեջանն ակնհայտ քայլեր է ձեռնարկում ՀՀ և ԼՂ դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձևերը դադարեցնելու համար: Համագումարը կոչ է անում Կոնգրեսին և վարչակազմին լիովին ապահովել հոդվածի կիրառումը: ԱՄՆ-ը չպետք է աչք փակի Վաշինգտոնում Ադրբեջանի չափազանց մեծ ազդեցության, ՀՀ և Արցախի վրա անխոհեմ և անխնա հարձակումների վրա։ Կոնգրեսը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանի ամբողջ ֆինանսավորումը։ [Ամերիկայի հայկական համագումար]


22:45- Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հայտարարությունը. «Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով: Մենք սատարում ենք հայ ժողովրդին և հուսով ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»։ [Մխիթար Հայրապետյան]


22:40- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ: ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին 2 օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, հայկական ԶՈՒ կողմից իրականացվող պատժիչ քայլերը: Քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները: Վարչապետը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:


22:25- ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։


21:35- Բելառուսը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին։ Հույս ենք հայտնում, որ Բաքուն և Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, պատասխանատվությունը: Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ [Բելառուսի ԱԳՆ] |armenpress.am|


21:00- Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների ... և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ: Ներբեռնել [Monte Melkonian Cyber Army]


20:40- Վարչապետը կարևորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը: Փաշինյանն անդրադարձել է հուլիսի 12-ից սկսած և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների կառուցողական դիրքորոշման կարևորությունը: ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան: [Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի՝ դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին]


20:10- «Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,-իր թվիթերյան էջում գրում է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն: [Սոս Ավետիսյան]


19:50- Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետեւանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ Ֆեյսբուք կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին այս էջում, որի սքրինշոտը կցված է։ Սարքերի տվյալները՝ գաղտնաբառերը ներառյալ այստեղ են https://pastebin.com/Zaui3vPv [Սամվել Մարտիրոսյան]


19:25- Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ խստորեն դատապարտում են Հայաստանի կողմից իրականացված հարձակումն Ադրբեջանի Թովուզ շրջանի ուղղությամբ։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի զինուժի կողքին՝ ընդդեմ Հայաստանի, և հնարավորինս աջակցել «ադրբեջանցի եղբայրներին»։ |ermenihaber.am:|


19:13- Ադրբեջանական կրակից զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները և բնագծերը մարտի մեջ են։ [Արծրուն Հովհաննիսյան]

Ավելի վաղ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ: |panarmenian.net|


19:09- Մենք մտահոգությամբ հետեւում ենք զարգացումներին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ եւ զոհվում են մարդիկ։ Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար։ [Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ] |mediamax.am|


18։27- Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն: Հայտնում է Արցախի ՊԲ-ն։

18։16-Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ [ՀՀ ՊՆ]
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր ևս երկու զոհի մասին։ Ընդհանուր առմամբ` հայկական կողմն ունի 4 զոհ:

18։13- Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս ստանձնել է քրիստոնեական քաղաքակրթության առաջամատիկի դերը: 1915 թ. թուրք օսմանյան իսլամին զոհ գնացած մեկ միլիոն զոհերը մեզ ամեն օր հիշեցնում են այդ մասին: Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից։ [Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ալեսանդրո Պագանո] |24news.am|

18։01- ՄԻՊ-ը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է հուլիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից ՄաԻՊ-ին հասեցագրվող ահազանգերը։

 

17։46- Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: ԱԻՆ աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ: Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանց շրջանում խուճապ չկա: |hetq.am|

 

17։30- Հայաստանի Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը իրականացրել են բարձր մակարդակով։ Նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Օհանյանն ասում է՝ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, իսկ նման քայլի դիմելու պատճառները բազմաթիվ կարող են լինել: Սա լոկալ ընդհարում է, և կարևոր է, որ այն լայնամասշտաբ գործողությունների չվերածվի։ |azatutyun.am|

 

17։22- Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը։ [ԿԽՄԿ գործառնությունների տնօրենը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ]

 

17։18- Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության եւ ուշադրության առարկա է ողջ կազմակերպության եւ նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսեւորել համերաշխություն եւ փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն եւ տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարեւոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար։  [ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ] |mediamax.am|

 

16։54- Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տարածում, թե իբր երեկ հայկական կողմն ունեցել է 66 զոհ։ Այս տեղեկությանը կցված է  անուն-ազգանուններով և ծննդյան տարեթվերով ցուցակ։ Ցուցակում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների անուններն են։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր հայկական կողմը 100 զոհ ունի։ Սուտը համոզիչ դարձնելու համար, ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսեցին տարածել ապրիլյան պատերազմի զոհերի ցուցակը։ |infocheck.am|

 

16։48- Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ահա թե ինչու ՀԱՊԿ-ը պարտավոր է դատապարտել Ադրբեջանի պրովոկացիաները և միայն ադրբեջանական կողմին հորդորել դադարեցնել կրակը, ոչ թե անմիտ հայտարարություններ տարածել՝ ուղղված երկու կողմերին։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

 

16:19- Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, ով նաև ԵԽԽՎ պատգամավոր է, նույնպես դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա`մասնավորապես քաղաքացիական և ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա:  [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյան]

 

16:12- Ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը: Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները։ [«Գազպրոմ Արմենիա»]

 

16:07- Ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները։ [Նաիրա Զոհրաբյանի դիմումը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին]

 

15:51- Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ: [Արծրուն Հովհաննսիյանը՝ հայկական ԶՈՒ-ի գիշերային պատժիչ գործողությունների մասին]

 

15։35- Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն: Լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց: Հիշեցնենք, որ բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր: [ՀՀ ոստիկանություն]

 

15։24- ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանը, որին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ուկրաինական կողմի դիրքորոշումը բխում է Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։

 

15։00- Այս օրերին Նոյեմբերյանի հետ շփման գծում ամեն ինչ հանգիստ է եղել, հրադադարի ռեժիմը չի խախտվել։ Իրավիճակն այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան։ Իհարկե, չենք կարող կանխատեսել՝ իրավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ։ [Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյան]

 

14։49- Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ [ՊՆ խոսնակ]

 

14։41- Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում։ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և  կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: [ՊՆ խոսնակ]

 

14։32- Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահամանի հրաձգության կապակցությամբ։ Կոչ ենք անում երկու կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմի շրջանակներում իրենց վրա վերցրած պարտականությունները։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |ria.ru|

 

14։26- Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։ Դեպքի առթիվ բաժնում հարուցվել է քրեական գործ։ [ՔԿ]

 

13։58- Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 5։ կորուստի անուն: Կորուստների թվում կա նաև երկու մայոր: Այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստ: |razm.info|

 

13։51- Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am և primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիևի ուղերձը և Մուբարիզ Իբրահիմովի նկարը։ Այս պահին կայքերի հասանելիությունը հայկական կողմից անջատված է։ ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը չի կարծում, որ կայքերի կոտրման արդյունքում հնարավոր է գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք, քանի որ տեղեկատվությունը և փաստաթղթերը տեղադրվում են տարբեր հարթակներում։ |hetq.am|

 

13։44- ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ, որն առաջացել է ս․թ․ հուլիսի 12-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների զինված բախումներից հետո, որի հետևանքով կան զոհվածներ ու վիրավորներ։ Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է։ [ՀԱՊԿ] |ria.ru|

 

13։38- Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ իմ գործընկեր ` Ջոել Ֆորդևինդը, միացել է տարբեր երկրների խորհրդարանականներին, ովքեր դատապատում են սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը։ [Ալեն Սիմոնյան]

 

13։31- Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը: Նա հայտնել է, որ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին: Հայտնում է report.az-ը։ |razm.info|

 

13։28- Բերդում բոլորը զգոն են եւ պատրաստված, միայն այդ անսպասելիությունն է սթրեսային եղել, բայց փորձ ունեցողները շատ հանգիստ են արձագանքում։ Որքանով հասցրել եմ մոնիտորինգ անել մեր սոցհարթակների խմբերում՝ մոտ 100 տոկոս վստահություն կա բանակի նկատմամբ, վստահություն կա, որ իրենք իրավիճակը վերահսկում են։ Նաեւ այդ պատճառով է, որ շատերը հանգիստ են։ Ամեն դեպքում, եթե հիմա ավելի թիկունքային խփեցին, ենթադրվում է, որ հետո հնարավոր է՝ ավելի ուժեղացնեն։ Երեխաների անվտանգության եւ նրանց անտեղի սթրեսի չենթարկելու, լարվածության մեջ չպահելու համար շատերը գուցե էվակուացվեն ավելի անվտանգ տեղեր, պարտադիր չէ շրջանից դուրս։ [Բերդ քաղաքի բնակիչ Համլետ Մելքումյան]

 

12։53- ՀԲԸՄ-ն անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին։ Մեր աշխարհասփյուռ անդամներով և գլոբալ ցանցով հանդերձ` ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան, որը սպառնալիք է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ [ՀԲԸՄ]

 

12։37- ՄԻՊ-ի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

 

11։43- Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

11։20- ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունն, ընդհանուր առմամբ, եղել է օգտակար Հայաստանի համար: Դա նաև նպաստում է, որ մեր բանակը վերազինվի: Նաև շատ կարևոր է հայ-ռուսական երկկողմանի համագործակցությունը։ Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ամենը, բայց միաժամանակ ակնկալում ենք, որ այս հարցում կլինի ՀԱՊԿ-ի հստակ դիրքորոշումը: Դա բխում է հենց միջազգային կազմակերպությունների շահերից, որքան հստակ լինեն նրանք իրենց գնահատականներում, այնքան ավելի բարձր կլինի նրանց հեղինակությունը, և այնքան ավելի լավ կընկալվեն: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան] |lragir.am|

 

11։19- Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ [ՊՆ խոսնակ]

 

11։14- Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։ Այս մասին ասաց համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չհաղորդեց։ |armenpress.am|

 

10։42- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան օգտահաշվում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին: Չավուշօղլուն սոցկայքում հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի հիմները և գրել, որ իրեմք պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի: |tert.am|

 

10։21- Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսևորված ագրեսիան և հրավիրում միջազգային հանրությանը առարկայական ու համարժեք գնահատականներով կանխելու ռազմական գործողությունների հնարավոր ծավալումները և դրանց հետագա կրկնությունը։ Աղոթում ենք, որ խաղաղությունն անվրդով մնա մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդը շարունակի բնականոն կյանքի իր ընթացքը։ [Եպիսկոպոսաց հավաք]

 

10։07- Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան դատապարտել է ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողությունները: Նա նշել է, որ իրենք մերժում են պատերազմական գործողությունները և կոչ են անում խնդրին լուծում գտնել դիվանագիտական ճանապարհով։ |tert.am|

 

09։45- ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ծանր զինատեսակների կիրառման և առկա կորուստների կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և լիակատար աջակցություն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների՝ ստեղծված վտանգավոր իրավիճակի հաղթահարմանն ու Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծում գտնելուն ուղղված ջանքերին: |tert.am|

 

09։38- ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ ԱՄՆ-ն միանում է Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունները վերսկսելու և ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադառնալու կարևորությունը շեշտելու կոչին։ [ԱՄՆ պետդեպարտամենտ]

 

08։56- ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և Սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները: [«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց]

 

08։47- Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։

Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ [ՊՆ խոսնակ]

 

00:00- Իմ անհանգստությունն եմ հայտնում Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողությունների կապակցությամբ: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների եւ խաղաղ բնակչության կյանքը, սրում են հակամարտությունը, որը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար՝ հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում: Այդ գործողությունները հարկավոր է դիտարկել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ իր սահմանների երկայնքով միջազգային մոնիթորինգից հրաժարվելու համատեքստում: Կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին հանդես գալ կողմերին ուղղված զսպվածության կոչով, նաեւ փորձել թուլացնել լարվածությունը: [Ադամ Շիֆ]

 

13․07․2020թ․

 

22:10- Ինչ-ինչ, բայց ադրբեջանական ՊՆ-ն լավ տեսանյութեր սարքում է, կեղծիքը լավ որակով են անում։ Չտրվեք սադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Մենք կորուստներ չունենք։ [Արծրուն Հովհաննիսյան]


21:40- Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը: [Աննա Նաղդալյան]


21:30- Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է տեղի ազգաբնակչության և տվյալ տարածքներում տեղակայված հայկական ԶՈՒ ստորաբաժանումների անվտանգությունը՝ հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է։ [ՊՆ խոսնակ]


21:13- Այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքները հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության։ Սա այս իրավիճակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է ու հանձնարականը մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամին: Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական, քանի որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին, համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան։ [Իվետա Տոնոյան]


20:55- Հայ֊ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ մեր պաշտոնական գնահատականն եմ ուղարկել ՀՀ֊ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին։ Նույն թեմայով հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: [ԱԺ պատգամավոր Արման Եղոյան]


20:33- Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունն ու համաշխարհային կայունության պահպանումը հույժ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր է Վրաստանի, ինչպես նաև մեր երկու բարեկամ ու գործընկեր երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետագա զարգացման ու բարգավաճման համար։ Հույս ունեմ, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն, և իրավիճակի հետագա էսկալացիայից կխուսափվի խաղաղ բանակցությունների միջոցով։ [Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբվիլի]


20:15- Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները։ [ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը] 


19:40- Վճռականորեն մերժում ենք ցանկացած փորձ՝ խրախուսելու Բաքվի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտավորությունների նկատմամբ, անթույլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին։ Ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը։ [Արցախի ԱԳՆ]


19:22- ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ միայն մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: [Անդրանիկ Քոչարյան]


18։14- Գիշերվանից մինչեւ այս պահը հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են։ Կա մեծ հավանականություն, որ DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք Ադրբեջանի մի քանի հազար քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ։ [Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան]

 

18։01- Նամակներով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, գլխավոր քարտուղարին և հանձնաժողովների ղեկավար կազմին՝ ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ընդգծել եմ, որ Ադրբեջանը ոտնահարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ հայտարարելու գլոբալ զինադադար՝ պայմանավորված համավարակով։ Կոչ եմ արել մեր միջազգային գործընկերներին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ [ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կանջորյան]

 

17։33- ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հաղորդել են սահմանին զենքի կիրառմամբ լուրջ միջադեպերի մասին, որը հանգեցրել է մարդկային կորուստների: ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և ձեռնարկել անհապաղ միջոցներ ՝ հետագա էսկալացիան կանխելու համար: |azatutyun.am|

 

16։38- Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։
ԹԱՐՄԱՑՎԱԾ-Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։ [ՊՆ խոսնակ]

 

16։37- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Մամեդյարովը դիվանագետների հետ զրույցում «ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, դժգոհություն հայտնել և հայկական կողմի սադրանքը գնահատել որպես ագրեսիա»։ |azatutyun.am|

 

16։28- Թուրքիայի սադրիչ կեցվածքը և ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը։ Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը։ [ՀՀ ԱԳՆ]

 

16։20- Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային 3 զինծառայող բեկորային թեթև վնասվածքներ են ստացել։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ [ՊՆ խոսնակ] |panarmenian.net|

 

16։19- ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է քննարկումը կայանա։ [ՀԱՊԿ մամուլի քարտուղար]|azatutyun.am|

 

15։33- Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

15։30- Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

15:25- Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է «սահմանին սադրանք հրահրելու» մեջ՝ պնդելով, թե հայկական զինուժն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում: «Դա հայկական կողմի հերթական սադրանքն է։ Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: |azatutyun.am|

 

15։11- ՀԱՊԿ պաշտոնական կայքում այսօր հայտարարություն էր տարածվել, որ, պայմանավորված Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ: Ավելի ուշ, սակայն, հայտարարությունը հեռացվել է կազմակերպության կայքից։

 

15։07- Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցան և քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները:  ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է ՀՀ տարածքում տեղակայված ՀՀ ԶՈՒ-երի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով: [ԱԳՆ]

 

14։53- Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար։ [ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակի լարվածության վերաբերյալ] |factor.am|

 

14։32- Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը: Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին։ [Աննա Հակոբյան]

 

14։25- Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարվոր լարվածության  և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը։ Միաժամանակ արձանագրենք, որ հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին։ [Փոխվարչապետ Տիգրան Ավինյան]

 

14։24- Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ: Երկու երկրների համար էլ կարեւոր է զսպվածություն ցուցաբերել եւ թե՛ ուղիղ կերպով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով օգտագործել հաղորդակցության բոլոր ուղիները։ [Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ] |news.am|

 

13։47- Զինվորների ծնողներին հորդորում եմ՝ հանգիստ լինեն․ իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ։ [ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան] |armlur.am|

 

13։38- Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստ է կայացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը ելույթ է ունեցել նիստում, ինչից հետո այն շարունակվել է փակ ռեժիմով: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: |azatutyun.am|

 

13։06- Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ-ի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման մեր ինքնուրույն աղբյուրները: [ՀՀ ՄԻՊ]

 

12։32- Ինչո՞ւ հենց այս օրերին: Եկեք նայենք աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին: Ստամբուլում որոշեցին Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածել: Ադրբեջանը միշտ կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել իր ավագ եղբորը համահունչ: Սա նրա յուրատեսակ պատասխանն էր տարբեր երկրներին՝ ե՛ւ ԵԱՀԿ-ին, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Արեւմուտքին ե՛ւ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ է, այլ խնդիրներ հիմա չկա՞ն: Սուրբ Սոֆիան պարտադիր պետք է մզկի՞թ դառնա: Եթե մզկիթ չդառնա, կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհու՞մ։ [Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ՀՀ-Ադրբեջան սահմանի լարվածության մասին] |news.am|

 

12։08- Չնայած հուլիսի 12-ին ՀՀ-Ադրբեջան սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին՝ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել: [ԱՀ ՊԲ]

 

12։05- Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, իրավիճակի սրմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ: [ՀԱՊԿ]

 

11։22- Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են։ Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտահայտված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ եւ արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ։ [Նիկոլ Փաշինյան]


11։20- Երեկվանից մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Տեղեկության փոխանակման եւ համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է եւ հիմա էլ է շարունակվում։ Դրան զուգահեռ՝ մենք կապի մեջ ենք նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Սա նույնպես շարունակական է։ Այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է եւ ընթացիկ է, ու մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք բոլոր զարգացումների մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ։ [Զոհրաբ Մնացականյան]


11։18- Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։ Մեր ԶՈՒ-երը եւ համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պահպանությունը։ Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է։ [Դավիթ Տոնոյան]


11։16- Երբ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքերը, սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսում են հրետակոծությունը։ Դադար է եղել գիշերը՝ 03։30-05։30։ [Դավիթ Տոնոյան]


11։12- Երեկ 12։30 մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ [ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյան]

 

10։38- Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ [ՊՆ խոսնակ]

 

10։32- Թուրքիայի ԱԳՆ-ն, արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին, քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ որակելով դրանք «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ»։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ-ն իբր ցանկանում է  միջազգային հանրության ուշադրությունը շեղել «Ադրբեջանի տարածք ԼՂ-ի և շրջակա տարածքների ապօրինի բռնազավթումից»։ |ermenihaber.am|

 

08։30- Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, եւ չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։ [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

02։30- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում: [ՊՆ խոսնակ]

 

01։46- Խստորեն դատապարտում ենք հուլիսի ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները։ ՀՀ արտգործնախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում: Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով: Սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: [ՀՀ ԱԳՆ]

 

01:25- Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին` ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

01:24- Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական  զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

01:15- Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

00։56- Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին: Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին: Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա: [«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց]

 

00։50- Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։ Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։ [Տավուշի մարզպետ]

 

00։48- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունը ու որ այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով: Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում:

 

00։13- Չհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին։ Դրանք ապատեղեկատվություն են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

00:00- Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ]


                                                                                         12.07.2020



23։36- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։

Կորուստներն են․

  • Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
  • Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
  • Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu): |razm.info|

 

23։05- Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] 

 

17։58- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի ԶՈՒ 2 զոհված և 5 վիրավորված զինծառայողի մասին, սակայն միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին՝ հայտարարելով, որ հայկական կողմն է փորձել գրավել Թովուզի ուղղությամբ գտնվող ադրբեջանական մարտական դիրքը։

 

17։05- Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]