10 կեղծ ու մանիպուլյատիվ հայտարարություն «Արմնյուզի» եթերում |fip.am|
15:07 - 11 հուլիսի, 2020

10 կեղծ ու մանիպուլյատիվ հայտարարություն «Արմնյուզի» եթերում |fip.am|

fip.am: Ըստ էության՝ հավաքների սահմանափակումը միակ բանն է, որը մնացել է էն արտակարգ դրությունից, ինչը մենք ժառանգել ենք մարտի կեսերից սկսած․ Նարեկ Մալյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման հուլիսի 9-ի թողարկման հյուրը «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն էր։ 

Հարցազրույցի ընթացքում Մալյանը մի շարք կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ է արել արտակարգ դրության, Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեության և այլ թեմաների վերաբերյալ։ «Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է Մալյանի խնդրահարույց և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։

Արտակարգ դրության սահմանափակումների մասին

Հարցազրույցի առաջին մասում «ՎեՏՕ» շարժման ղեկավարը խոսել է արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման մասին: «Ըստ էության՝ հավաքների սահմանափակումը միակ բանն է, որը մնացել է էն արտակարգ դրությունից, ինչը մենք ժառանգել ենք մարտի կեսերից սկսած։ Այսինքն՝ ընթացքում հանվեցին բոլոր սահմանափակումները, մնաց միայն հավաքների ազատության սահմանափակումը»,- ասել է նա:

Մալյանն այնուհետև պնդել է, որ հավաքների սահմանափակումը չի տարածվում տրանսգենդերների և «Սորոսի գրասենյակի» անդամների վրա. «Կան արտոնյալ մարդիկ՝ տրանսգենդերները, Սորոսի գրասենյակի հետ կապ ունեցող մարդիկ, որոնք կարող են հավաքվել իրենց բողոքի կամ չգիտեմ ձայնը ասել»։

Մալյանի այս պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը, քանի որ մինչև այժմ գործում են սահմանափակումներ, որոնք հնարավոր չի լինի իրականացնել արտակարգ դրության և պարետի լիազորությունների ավարտից հետո:

Արտակարգ դրության երկարաձգման և սահմանափակումների մասին Fip.am-ն անդրադարձել է առանձին հրապարակմամբ: Նշենք, որ թեև մայիսի 4-ից որոշ խիստ սահմանափակումներ հանվել են, սակայն դեռևս որոշները շարունակում են գործել: Այսպես, մինչև այժմ գործում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, ՔԿՀ-ներում, Զինված ուժերում արգելված են տեսակցությունները, վարակակիրներն ու կոնտակտավորները հայտնաբերվում են էլեկտրոնային եղանակով և այլն։

Ինչ վերաբերում է Մալյանի այն տարակուսելի պնդմանը, թե տրանսգենդերների և «Սորոսի» գրասենյակի անդամներն ունեն ցույցեր անելու արտոնություն, ապա այն նույնպես ճիշտ չէ: Վերջին 4 ամիսներին «Բաց հասարակության հիմնադրամների» անդամների կամ նրանցից ֆինանսավորում ստացած կազմակերպությունների կողմից որևէ հավաքներ չեն կազմակերպվել։ Չկան տեղեկություններ նաև տրանսգենդերների կամ սեռական այլ փոքրամասնությունների հավաքներ մասին, ինչի մասին վստահ պնդում է Մալյանը՝ միգուցե նաև ունենալով անմիջական հավաստի փաստեր, որոնք հայտնի չեն հանրության մեծամասնությանը։

Ամփոփելով թեման՝ Նարեկ Մալյանը հայտարարել է, որ արտակարգ դրությունը կարող է հավերժ ձգվել. «Ի դեպ, ամենաերկար արտակարգ դրությունները 30 և 47 տարի՝ Եգիպտոս և Սիրիա, ավարտվեցին քաղաքացիական պատերազմով»,- հավելել  է նա:

Սակայն այս երկու արաբական երկրներում և Հայաստանում արտակարգ դրություններ հայտարարելու դրդապատճառների կամ պատմական ընթացքի միջև զուգահեռներ անցկացնելը տեղին չէ:

Սիրիայում արտակարգ դրությունը գործել է 1963 թվականից, երբ  պետական հեղաշրջման միջոցով իշխանության եկավ «Բաաս» կուսակցությունը: Արտակարգ դրության ռեժիմը տևել է մինչև 2011 թվականը, երբ  համատարած ցույցերի պայմաններում նախագահ Բաշար Ասադը ստիպված էր տեղի տալ և կատարել արտակարգ ռեժիմը դադարեցնելու ցուցարարների պահանջը: Արտակարգ դրության պայմաններում գործում էր մամուլի գրաքննություն, սահմանակվում էին մարդկանց քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև թույլ էր տրվում մարդկանց բերման ենթարկել առանց որևէ հիմքի՝ հարցաքննելու համար։

Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա այնտեղ արտակարգ դրություն էր հայտարարվել 1981 թվականին՝ նախագահ Անվար Սադաթի սպանությունից հետո։ Այն թույլ էր տալիս բանակի ու հատուկ ծառայության ներկայացուցիչներին ձերբակալել ու ռազմական դատարաններ հանձնել կասկածյալներին՝ անկախ վերջիններիս կարգավիճակից։ 2012 թվականին Եգիպտոսում սկսված լայնածավալ բողոքի ակցիաներից հետո այդ պահին գործող նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգը ստիպված էր զիջել և վերացնել արտակարգ դրությունը:

Հայաստանում արտակարգ դրություն հաստատվել է մարտի 16-ին՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հասարակության մեջ ամենաքննադատված սահմանափակումը մամուլի գրաքննությունն էր, սակայն այդ սահմանափակումը երկար չտևեց: Ապրիլի 13-ին ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները հանվեցին:

Այսպիսով, Նարեկ Մալյանն ակնհայտորեն մանիպուլացնում և ապակողնորոշում է հեռուստադիտողներին՝ համեմատելով Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը Եգիպտոսում և Սիրիայում տասնյակ տարիներ հաստատված ռեժիմների հետ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հանձնաժողով ստեղծվել է հունվարին

Ըստ Նարեկ Մալյանի՝ իշխանությունները տապալել են համավարակի դեմ պայքարը։ «Դեռևս հունվարից ԱՀԿ-ն ուղարկել էր մեզ իր առաջարկները, թե ինչ պետք ա լինի, մարմին պետք ա ստեղծվի․․․»,- հայտարարել է Մալյանը՝ նշելով, որ այդ ժամանակ իշխանությունները զբաղված էին Սահմանադրական դատարանի դեմ պայքարով։

Այս հարցում ևս Մալյանի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Վարչապետի որոշմամբ՝ 2020 թ. հունվարի 30-ին կառավարությունում ստեղծվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր, որն էլ արտակարգ դրության հայտարարումից հետո ստանձնեց պարետի պարտականությունները։ Հանձնաժողովի կազմում ընդգրված էին ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, ՄԱԿ-ից և ԱՀԿ-ից։ Հիմնադրման հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը։

«Զինվորի բաժին» պահածոների մասին

Խոսելով բարձրաստիճան զինվորականների դեմ «իշխանության քայլերից»՝ Մալյանն անդրադարձել է նաև Մանվել Գրիգորյանի գործին․ «Ինչ ա տարել գեներալը։ Էն տուշոնկեքը, որ սարքեցին գցեցին Մանվելի ջեբը։ Էդ նույն տուշոնկեքը վերադարձրեցին երկրապահին, այսինքն՝ ճիշտ էր, որ երկրապահի պահեստում էր․․․»։ 

«Զինվորի բաժին․ վաճառքի ենթակա չէ» նշումով պահածոները, որոնց մասին խոսում է Մալյանը, հայտնաբերվել էին Երկրապահ կամավորականների միության շենքից դուրս բերվելուց հետո՝ բեռնատար մեքենաներում։ Ըստ ԵԿՄ անդամ վարորդների՝ նրանք ԵԿՄ պահեստից այդ պահածոները հանել են Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով։ Ավելի ուշ «Զինվորի բաժին» նշումով պահածոներ հայտնաբերվել էին նաև Մանվել Գրիգորյանի՝ Արցախի առանձնատանը։ 

Այն ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ ԵԿՄ-ն 20 տարի շարունակ ՊՆ-ից ստացել է պարեն և այլ իրեր՝ ԵԿՄ կամավորների բանակումներ իրականացնելու համար։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և օգտվել են Պաշտպանության բանակի մատակարարումից, այսինքն՝ ստացել են սնունդ և այլն»,- նշել էր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերվել են այս երկու դեպքերին կամ դրանցից մեկին վերաբերող պահածոները։ Բոլոր դեպքերում՝ պահածոները Մանվել Գրիգորյանին հասել էին ապօրինի կերպով, իսկ Մալյանի պնդումը, թե դրանք երկրապահի պահեստում էին, սխալ է։ Բացահայտումից հետո Պաշտպանության նախարարությունը դադարեցրել էր հատկացումները Երկրապահ կամավորականների միությանը։

Թվիթերի հրապարակումը ԱՄՆ պաշտոնական տեսակե՞տ

Նարեկ Մալյանի պնդմամբ՝ «Սորոսի հիմնադրամի» մասին ԱՄՆ պաշտոնական տեսակետը Դոնալդ Թրամփի խորհրդականի հայտարարությունն է այն մասին, թե Սորոսը «Հակաքրիստոս» է։ Իրականում, սակայն, այդ «պաշտոնական տեսակետը» Նյու-Յորքի նախկին քաղաքապետ և Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի՝ 2018-ի աշնանն արված թվիթերյան հրապարակումն է։ Վերջինս Սորոսին «Հակաքրիստոս» «անվանել է»՝ Թվիթերում տարածելով մի օգտատիրոջ գրառում, որտեղ նրան այդպես էին անվանում։ 

Սա հետևել էր Թրամփի առաջարկած՝ ԱՄՆ գերագույն դատարանի անդամի թեկնածուի դեմ սկսված բողոքի ակցիաների վերաբերյալ Թվիթերում Թրամփի արած գրառմանը։ Նա, մասնավորապես, գրել էր, որ այդ ակցիաները հովանավորվում են «Ջորջ Սորոսի և այլոց» կողմից։ Ջուլիանիի այս քայլը մեծ աղմուկ էր բարձրացրել ԱՄՆ-ում և Իսրայելում, նրան մեղադրում էին նաև հակասեմիտական լինելու մեջ։ 

«Բաց հասարակության հիմնադրամները» և Black lives matter-ի կոռուպցիոն սկանդալը

Հարցազրույցի ընթացքում Մալյանը խոսել է նաև «Բաց հասարակության հիմնադրամների» գաղափարախոսությունից և մեղադրել կազմակերպությանը կոռուպցիայի մեջ:

Ըստ նրա՝ ԲՀՀ գաղափարը ոչ մի կապ չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի հետ: «Բազմաթիվ օրինակներ կան, բազմաթիվ, որ հենց նրանք են թաթախված կոռուպցիայի մեջ՝ հենց Բաց հասարակության անդամները։ Վերջինը՝ Black lives matters-ի օրինակը։ 2014-ից նրանք ֆինանսավորում են ստանում Սորոսից, բայց հարկային դաշտ չեն մտնում», — ասել է նա:

Այնուհետև Մալյանը պնդել է, որ հեղափոխությունից հետո առաջին քրեական գործերով անցան հենց սորոսականները։

Նշենք, որ Black lives matter (Սև կյանքերը կարևոր են) շարժումը սկսվել  է 2013 թվականին, սակայն համաշխարհային հնչեղություն է ստացել միայն 2020 թվականին ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ քաղաքացու սպանությունից հետո, երբ ամբողջ աշխարհում զանգվածային ցույցեր սկսվեցին:

«Բաց հասարակության հիմնադրամների» ներկայացուցիչը Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է, որ  Ջորջ Սորոսի գրասենյակը տարբեր տարիների աջակցել է կազմակերպությանը: Սակայն այս կազմակերպությունն իրականում կապ չունի հարկային հանցագործություններ իրականացրած նույնանուն մեկ այլ կառույցի հետո:

Նշենք, որ հուլիսին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում հիմնված Black Lives Matter Foundation-ը, որը կապ չունի համանուն շարժման հետ, յուրացրել է միլիոնավոր դոլարների հասնող հանգանակություններ, որոնք նախատեսված էին շարժման համար:

Հետևաբար՝ Մալյանը մանիպուլացնում է՝ համեմատելով շարժումը կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված կազմակերպության հետ, և ապա՝ կոռուպցիայի մեջ մեղադրելով ԲՀՀ-ին: 

Ինչ վերաբերում է պնդմանը, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործերով առաջին հերթին անցան սորոսականները, ապա այն նույնպես մանիպուլյատիվ է և սխալ: Մալյանը, ենթադրաբար, նկատի ունի պաշտոնական լիազորությունը չարաշահելու մեջ մեղադրվող, Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանին, որի անունը Մալյանը հաճախ է կապում ԲՀՀ-ի հետ: Սակայն Սանասարյանը երբեք չի աշխատել այդ հիմնադրամում, դրամաշնորհ չի ստացել և անձամբ է հերքել նրանց հետ կապը։

«Բաց հասարակության հիմնադրամները» դե՞մ են ավանդույթներին

Մալյանը նաև աղավաղված է ներկայացրել ԲՀՀ առաքելությունը։ «Բաց հասարակության գաղափարը պայքար ա ցանկացած ավանդույթի դեմ, կրոնի, մարդու որևէ հոգևոր վիճակի դեմ։ Իրենք հռչակում են, որ գերագույն արժեքը  մարդն ա ու մարդը ինչ ուզի կանի», — ասել է նա: 

Սակայն «Բաց հասարակության հիմնադրամների» առաքելությունում նմանատիպ որևէ միտք չկա: Կազմակերպության պաշտոնական կայքում կարդում ենք, «Մենք աշխատում են կառուցելու հասարակություններ, որոնց հիմքը մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունն է, և որոնց կառավարությունները պատասխանատու են և բաց են բոլոր մարդկանց մասնակցության համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այն  խմբերին, որոնք խտրականության են ենթարկվում բացառապես ինքնության պատճառով, ինչպես Եվրոպայում ապրող գնչուները, և նրանք, որոնք հայտնվել են հասարակության լուսանցքում, ինչպես, օրինակ, թմրամոլները, բանտարկյալները և սեքս ծառայություն մատուցողները»,- գրված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Քոչարյանը «ձի՞գ» է արձագանքել Սորոսի գրասենյակի գործունեությանը

Հաղորդավար Անժելա Թովմասյանի հարցին, թե ինչու՞ նախկին իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կանգնեցնել «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունը Հայաստանում, Մալյանը նշել է, որ երեք նախագահներից «ամենաձիգը» Սորոսի գրասենյակի գործունեությանն արձագանքել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի՝ Սորոսի և, ընդհանրապես, ամերիկյան կազմակերպությունների վերաբերյալ բացասական վերաբերմունքի մասին տեղեկություններ կան «Վիկիլիքսի» փաստաթղթերում։ Ըստ դրանց՝ Քոչարյանը համարել է, որ այս կազմակերպությունները փորձում են միջամտել երկրի ներքին գործերին։ Սակայն անհրաժեշտ է նաև նշել, որ նույն նախագահի օրոք Սորոսի գրասենյակը Հայաստանում անարգել իրականացրել է բազմաթիվ ծրագրեր (1999200020012002200320042005200620072008), կազմակերպության կողմից ֆինանսավորած որոշ ծրագրեր Քոչարյանի կառավարման ժամանակ ճանաչվել են բարեգործական։

Այսպիսով, «Արմնյուզի» եթերում Նարեկ Մալյանի արած հայտարարությունների և պնդումների մեծ մասը եղել են կեղծ ու մանիպուլյատիվ։

Լուսինե Ոսկանյան

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել