Որպեսզի ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս. պատգամավոր
 |armtimes.com|
21:53 - 10 հուլիսի, 2020

Որպեսզի ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունում արդեն մի քանի անգամ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումների ժամանակ ընդգծել է, որ ունեն քաղաքական կամք՝ համակարգը ներդնելու համար։ 

Համակարգը ենթադրում է, որ քաղաքացին պետք է համապատասխան ժամանակահատվածում ներկայացնի իր եկամուտների հայտարարագիրը, ինչպես այս պահին անում են պետական պաշտոնյաները։ Զուգահեռ կարծիքներ են հնչում, թե համակարգի ներդրմամբ փորձ է արվում քաղաքացիներին լրացուցիչ հարկել։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որը մասնակցել է այդ քննարկումներին, մեր զրույցում ասաց, որ համատարած եկամուտների հայտարարագրումը գոյություն ունի գրեթե բոլոր քիչ թե շատ ժողովրդավար երկրներում։

«Եթե քննարկում ենք Հայաստանում դրա ներդրման հարցը, պետք է նշենք, որ բոլոր ժամանակներում, բոլոր կառավարությունները խոսել են թափանցիկության եւ հաշվետվողականության մասին, բայց ոմանք խոսել են ու գործողություն չեն արել։ Այս Կառավարությունը փորձում է իր նախընտրական խոստումներով՝ հաշվետվողական եւ թափանցիկության չափորոշիչները առավելագույնի հասցնելով՝ քայլեր իրականացնել»,- նշեց նա։

Հարցին՝ սա շարքային քաղաքացու վրա կարո՞ղ է բացասաբար ազդել, Մանուկյանը պատասխանեց. «Ասեմ, որ եկամուտների համատարած հայտարարագրումը եւ հարկումը էականորեն տարբեր բաներ են։ Առնվազն այն հիմնադրույթները կամ գաղափարական թեզերը, որի քննարկմանը ես ներկա եմ եղել՝ երբեք խոսք չի եղել հարկման մեխանիզմների մասին։ Խոսք է եղել եկամուտների գեներացման թափանցիկությունը եւ  հաշվետվողականությունը ապահովելու մասին»։

Նա նաեւ օրինակ բերեց. «Ես որպես պատգամավոր իմ եկամուտների մասին հայտարարագիր եմ ներկայացնում միայն պաշտոնը ստանձնելուց հետո, բայց կարծում եմ՝ հանրությանը հետաքրքրական է նաեւ նախկինում իմ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կոնկրետ շարքային քաղաքացիների համար սա էլ ավելի մեծ կարեւորություն է ենթադրում»։ Պատգամավորի խոսքով՝ եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում որոշակի թիրախային մոտեցումների առկայության պարագայում հնարավոր կլինի կոնկրետ հասցեատիրոջը առաջնահերթ աջակցել. «Տեսեք, օրինակ՝ սոցիալական ծրագրերով, եթե մենք ունենայինք համատարած հայտարարագրում, կտեսնեինք, որ այս մարդը ցածր եկամուտներ ունի եւ կկարողանայինք օժանդակել նրան ավելի թիրախային։ Սրանով է, որ եվրոպական եւ այլ երկրներում սոցիալական հասցեականությունն ավելի մեծ է։ Պետությունը ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ նրանց է կարողանում իդենտիֆիկացնել եւ օգնել»։

Նա նշեց, որ դեռեւս այս համակարգի ներդրման ժամկետները հստակեցված չեն: Հարցին՝ կարելի՞ է համարել, որ համակարգը ներդրվում է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, Մանուկյանը պատասխանեց. «Միանշանակ։ Որպեսզի դու ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս։ Այն երկրներում, որտեղ քիչ թե շատ հաջողված թիրախային սոցիալական ծրագրեր են իրականացնում, անհնար է, որ այդտեղ համատարած հայտարարագրում չլինի»։


Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել