Իսպանիան չի հրաժարվել զբոսաշրջիկներ ընդունելուց․ Նիկոլ Փաշինյանը սխալվում է |fip.am|
11:11 - 10 հուլիսի, 2020

Իսպանիան չի հրաժարվել զբոսաշրջիկներ ընդունելուց․ Նիկոլ Փաշինյանը սխալվում է |fip.am|

fip.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների արդյունավետությանը և կառավարության թույլ տված սխալներին, մի քանի համեմատություններ արեց։ Նախ, նա Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը համեմատեց Իսրայելի հետ․ «Ես էսօր առավոտյան լրատվությունը նայեցի, ճշգրիտ էսօր, հենց հիմա, հենց էսօր Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանի Հանրապետությունում։ Ես երբ փորձեցի ուսումնասիրել, թե նրանք ինչ պայմաններում են որոշել հրաժարվել լոքդաունից, էն օրը, երբ որ իրենք լոքդաունից հրաժարվել են, իրենք ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, և էսօր ունեն օրական հազարից ավելի դեպք։ Եվ ճշգրտորեն նույն իրավիճակն է հետևում»։

Ապա վարչապետը նշեց, որ մի շարք երկրների հաջողվել է որոշակի հաջողության հասնել վիրուսի դեմ պայքարում, սակայն ամբողջությամբ վերացնել սահմանափակումները չի հաջողվել։ «Իսպանիան հայտարարում էր, որ ինքը տուրիստական սեզոնը ամբողջությամբ կբացի, բայց հիմա նրանք նույնպես հրաժարվել են էդ գաղափարից»,- հայտարարեց Փաշինյանը։

Իսպանիան ամբողջությամբ բացվելու մասին չէր հայտարարել

Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։ Հուլիսի 9-ի դրությամբ երկրում վարակված է շուրջ 299 հազար մարդ, մահացել է ավելի քան 28 հազարը։ Սկզբնական շրջանում, երբ երկրում իրավիճակը կայունանալու միտում չուներ, քննարկվում էր մինչև Ամանոր զբոսաշրջիկների համար երկրի սահմանները փակ պահելու հարցը։ Մայիսի վերջին Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան հայտարարեց, որ ամռանը երկիրը կբացվի Եվրոպական միության տարածքից զբոսաշրջիկների համար, ապա այլ՝ ապահով երկրներից։ Նա նշել էր, որ հնարավոր է վերջնական բացել միայն այն մարզերը, որոնք ամբողջությամբ կհաղթահարեն վիրուսը։

Եվ իրոք՝ հունիսի 21-ից Իսպանիան արդեն ընդունում է զբոսաշրջիկներ Եվրամիության տարածքից, հուլիսից՝ շուրջ երկու տասնյակ երրորդ երկրներից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Իսպանիան հրաժարվել է սահմանները ամբողջությամբ բացելու գաղափարից, չի համապատասխանում իրականությանը։ Նախ, երկիրը զբոսաշրջիկների համար ամբողջությամբ բացելու նպատակ Իսպանիայի կառավարությունն ի սկզբանե չի ունեցել, իսկ մասնակի բացելու որոշումից էլ հետ չի կանգնել։

Կարևոր է նաև նշել, որ անգամ սահմանները բացելու պարագայում Իսպանիայի իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել ամբողջ երկրի տարածքում վիրուսի բռնկումից։ Սրա հետևանքն այն է, որ ներկայում մեկուսացման ռեժիմում է երկրի երկու մարզ։

Իսրայելը վերականգնեց սահմանափակումների ռեժիմը

Իսրայելում հուլիսի 9-ի դրությամբ վարակված է ավելի քան 33 հազար մարդ, մահացել է 346-ը։ Շուրջ 9 միլիոն բնակիչ ունեցող երկրում 1 միլիոն բնակչի հաշվով վարակվածների թիվը շուրջ 3500 է, մահերը՝ 37։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այս թվերը, համապատասխանաբար, 10 հազար և 176 են։ Ուստի, բացարձակ թվերով գուցե, բայց բնակչության թվով համեմատելու դեպքում երկու երկրների վիճակը «ճշգրտորեն նույնը» համարելը ճիշտ չէ։ Նշենք նաև, որ Իսրայելում մեկ միլիոն բնակչի հաշվով թեստավորվել է 122 հազար մարդ, իսկ Հայաստանում միայն 40 հազար կամ՝ մոտ երեք անգամ քիչ։ Այսինքն՝ նույն քանակի թեստավորումների դեպքում Հայաստանում վարակակիրների թիվը կարող էր ավելին լինել։

Ինչ վերաբերում է սահմանափակումների կիրառմանը, ապա նշենք, որ Իսրայելում խստացված սահմանափակումների սկիզբը դրվեց մարտի 19-ին, իսկ վարակի առաջին դեպքն արձանագրվել էր փետրվարի 21-ին։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ երկրում տնից դուրս գալ թույլատրվում էր միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բաց էին միայն սննդի խանութներն ու դեղատները, իսկ դրսում պարտադիր էր բերանն ու քիթը ծածկել։ Այդ ընթացքում՝ մինչև սահմանափակումների ավարտը, երկրում արձանագրվում էր օրական 100-200 դեպք, մինչդեռ Հայաստանում ամեն օր գրանցվող դեպքերի թիվը չէր հասնում 100-ի։ 

Ապրիլի վերջից սկսած՝ Իսրայելը մեղմացրեց կարանտինային ռեժիմը։ Մայիսի սկզբից, երբ արդեն երկու երկրներն էլ թուլացրել էին սահմանափակումները, Իսրայելում օրական արձանագրվող դեպքերը նվազեցին, իսկ Հայաստանում աճեցին։ Արդեն հուլիսի սկզբին Իսրայելում օրական գրանցվող դեպքերի թիվն անցավ հազարից, իսկ հուլիսի 6-ին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության օրը, Իսրայելը որոշ տարածքներում վերականգնեց սահմանափակումների ռեժիմը։ Փակվել են մի շարք հաստատություններ, սահմանափակվել է ռեստորանների և սրճարանների այցելուների թիվը, սինագոգներում սահմանվել է հավատացյալների թույլատրելի քանակ։ Տնից աշխատանքի է անցել նաև կառավարության աշխատողների մոտ 30 տոկոսը։

Այսպիսով, Իսպանիայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ Իսրայելի և Հայաստանի իրավիճակների համեմատությունը տեղին չէ և մանիպուլյատիվ է։

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել