Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում
17:31 - 09 հուլիսի, 2020

Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում

Երեկ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի պաշտոնական կայքը հրապարակեց լուսանկարներ՝ կից գրությամբ, որ տեղի բնակիչներն ահազանգում են՝ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում մեծ քանակությամբ անհասկանալի նյութեր (Արմանիսի հանքավայրը նախկինում շահագործել է «Սագամար» ՓԲԸ-ն,- հեղ․

Նույն օրը համայնքի ղեկավարը համապատասխան հանձնաժողովի եւ ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում, ըստ հրապարակման, ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը` փոխելով ջրի գույնը, բացի այդ` նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը, հավանաբար, այդ թափոնների հետեւանք է: 

Համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որն ուղարկել են փորձաքննության: 

Ջրի նմուշառման աշխատանքներ են կատարել նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց Տեսչկանա մարմնի մամուլի քարտուղար Նաիրա Աղաբաբյանը։

Ավելի ուշ կառույցը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնեց, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։

Տեսչական մարմինը նշել է, որ նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման եւ տեղափոխվել հանքավայր, ուստի, ըստ կառույցի, Ընկերությունը չունի պոչամբար։

Բացի այս՝ տեղազննությունից պարզվել է, որ ջրերի արտահոսքը եղել է դեռեւս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։

Մինչ Տեսչական մարմինը ջրի նմուշի ուսումնասիրություն է կատարում՝ թափոններից առաջացած նյութերը շարունակում են հոսել գետով։ 

Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակից Սամվել Ֆրանգյանը, որը երեկ համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կրկնայց է կատարել տեղանքում, Infocom-ի հետ զրույցում ասաց, որ նյութերը դեպի գետ են գալիս հենց Արմանիսի հանքավայրի մոտից․

«Կոնկրետ այնտեղ, որտեղ գնացել ենք, պոչանքը անմիջապես լցված է կիրճը։ Կիրճի վերեւից մինչեւ գետն էլ լցված են թափոնները, ծանր մետաղները նստում են, ու այդ թունավոր ջուրը քամվում-գալիս է այդտեղ»,- ասաց Ֆրանգյանը՝ հավելելով, որ իրենք նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ ձորում այդքան թափոններ կան, իսկ թե երբ է ամենը լցվել այդտեղ՝ չգիտեն։

Մեր հարցին՝ արդյոք տարածքում առհասարակ վերահսկողություն իրականացվո՞ւմ է, շրջայցեր լինո՞ւմ են՝ ստուգելու՝ վանասակար նյութեր չե՞ն արտանետվում արդեն չգործող հանքից, Ֆրանգյանը պատասխանեց, որ շրջայցեր հաճախ չեն լինում, քանի որ գործարանը չի աշխատում, դրա համար չեն էլ պատկերացրել, որ նման իրավիճակ է հնարավոր։

Վերջին օրերին էլ Ստեփանավանում անձրեւում է, ու սա, ըստ մեր զրուցակցի, նպաստում է, որ այդ թունավոր նյութերն ավելի մեծ հոսքով լցվեն գետը։

Իսկ ահա ինչ վերաբերում է «Սագամար» ՓԲԸ-ին՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը շահագործում էր Ստեփանավանի Արմանիսի ոսկու հանքավայրը։ Եւ, թեեւ մինչեւ 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ուներ, արդյունահանման աշխատանքները դադարեցրել է 2015 թվականից: Այս ընկերության գործունեության հետեւանքով Ձորագետի աղտոտման մասին ահազանգեր են հնչել նաեւ 2012 թվականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել