Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը
14:33 - 09 հուլիսի, 2020

Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին կազմակերպել էր հանդիպում Հայաստանում աշնանացան ցորենի տեղական սերմարտադրողների և ներկրողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագրի պայմանները, պետության կողմից տրամադրվող աջակցության սահմանաչափն ու ծրագրին մասնակցելու ընթացակարգը:

Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։

«Այս ծրագիրը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել մեր ֆերմերների վարքագծային փոփոխությանը, որ նրանք գիտակցեն բարձորակ սերմ օգտագործելու կարևորությունը, ավելի ամուր կապ հաստատվի ֆերմերի և տեղական սերմարտադրողի միջև, ինչպես նաև կարողանանք ցույց տալ, որ այս ոլորտը նույնպես կարող է շահութաբեր լինել», - նշել է փոխնախարարը:  

Արման Խոջոյանը նշել է, որ ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։

Միաժամանակ նա հավելել է, որ այս մարզերի ընտրությունը ծրագրի իրականացման համար պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզերում  ցորենի ցանքատարածությունները կազմում են ՀՀ ընդհանուր ցորենի ցանքատարածությունների շուրջ 95%-ը:

Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինները տնտեսավարողներին կտրամադրեն ցորենի մշակության և ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն։

Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները  պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Սերմերի վաճառքը  կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։

Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն  իրականացվելու է բացառապես պայմանագրային հիմունքներով: Պայմանագրի օրինակելի ձևը առաջիկա օրերին կհրապարակվի Նախարարության կայքում:

Իր խոսքում Արման Խոջոյանը նաև ընդգծել է, որ ծրագրի շրջանակում մատակարարները նույնպես  կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Արդյունքներով պայմանավորված` ծրագիրը կարող է շարունակվել նաև 2022 թվականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել