Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության |hetq.am|
14:03 - 09 հուլիսի, 2020

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, այսօր բեկանել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Այս մասին տեղեկությունը հաստատեցին գլխավոր դատախազությունից:

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործի մասին է:

Այս միջադեպի հետևանքով Պողոսյանը սպանվել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:

Դատարանը հաստատված է համարել, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ, սակայն, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները:

Դատախազության փոխանցմամբ՝ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին, որից հետո գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Բողոքը, փաստորեն, բավարարվել է:

Նշենք, որ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու մասին հաղորդագրության մեջ դատախազությունը որոշ մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում այս գործով տեղի ունեցած պրոցեսների վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են ենթադրյալ հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին: Դատախազությունը հայտնում է նաև, որ մինչև բողոքը վերաքննիչ դատարան ներկայացնելը Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, որի ընթացքում հարցաքննվել են վկաներ, վերջիններս հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծելու հանգամանքը:

Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, որը տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք, գործով նշանակվել է նաև հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն, ըստ դատախազության հաղորդագրության, էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել