Շահութահարկի կանոնի փոփոխության արդյունքում տնտեսության մեջ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել․ փոխվարչապետ |armtimes.com|
12:36 - 09 հուլիսի, 2020

Շահութահարկի կանոնի փոփոխության արդյունքում տնտեսության մեջ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել․ փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխություններ են կատարել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, որի նպատակը ներդրումների խթանումն է։

«Ես տպավորություն ունեմ, որ համենայնդեպս գործարար միջավայրը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին»,- ասաց վարչապետը։ Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց ներկայացնել կատարված փոփոխությունների իմաստը։

Արձագանքելով Գրիգորյանն ասաց. «Հունիսի 20-ից ուժի մեջ է մտել 1 կանոն, որը շատ կարեւոր ու ռազմավարական կանոն է։ Մինչ օրս սուբսիդավորման գործիքը աշխատում էր հետեւյալ տրամաբանությամբ՝ մինչեւ 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչեւ 1 տարի ժամանակահատվածի համար։ Մենք ուժի մեջ ենք մտցրել հետեւյալ սահմանումը, եթե տնտեսվարողը 50 մլն դրամի  չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն՝ սուբսիդավորվել 400 մլն դրամի չափով եւ արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար, ինչը շատ էական է պարոն վարչապետ»։

Փոխվարչապետն ընդգծեց, եթե համալրումը իրականացվել է կամ կիրականացվի 2020-ին 100 մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 մլն դրամին համարժեք վարկ՝ 48 ամսվա համար։

«Սա կարծում եմ լրջագույն խթան է, եթե պարզ հաշվարկ անենք՝ ըստ էության սա տարեկան խնայողություն է տնտեսվարողի համար՝ սուբսիդավորման առումով։ Իսկ մենք կախված նպատակից մինչեւ ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը։ Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր գործիք է։ Այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում 1 հայտ այս կանոնով բավարարվել է, եւս 2 հայտ քննարկման փուլում է ու կարծում եմ այս գործիքը պետք է մեծ տարածում ստանա»,- ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց նաեւ իրականացված հարկային բարեփոխումները, որոնք իր դիտարկմամբ՝ շատ ռազմավարական են։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դրա արդյունքում տնտեսության մեջ առնվազն հավելյալ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել։ Դա շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխությունն է, որն ըստ էության ռազմավարական փոփոխություն է, դա ժամանակավոր գործողություն չէ, միշտ գործելու է։ Աննախադեպ հնարավորություն կա, որպեսզի շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից։ Նաեւ տուգանքների մասով փափկեցում է տեղի ունցել, 0.075 տոկոս օրական տույժը դարձել է 0.04 տոկոս, որը բավականին ողջամիտ է եւ վստահաբար ողջամիտ ուշացումների համար որեւէ կրիտիկական հետեւանք չի առաջացնի տնտեսվարողների համար։ Արգելանք դնելու շեմն էլ 1.5 մլն դրամ է հասել»,- ասաց Մհեր Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել