Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|
12:16 - 08 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է, հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 544 հազար, բուժվել է մոտ 6,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Դեպքերի թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, Ռուսաստանը հիմա 4-րդ տեղում է:

Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատված վարակի դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել՝ ավելի քան 60 հազար 200:

Covid-19 է ախտորոշվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ:

Օտարերկրյա ուսանողներին արգելվելու է մնալ Միացյալ Նահանգներում, եթե 2020 թվականի աշնանը նրանց դասընթացներն անցկացվեն բացառապես առցանց ձևաչափով:

Ավստրալիայի իշխանությունները 5 միլիոն բնակչություն ունեցող Մելբուռն քաղաքում առաջիկա վեց շաբաթվա համար նորից խստագույն սահմանափակումներ են մտցրել՝ տանից կարելի է դուրս գալ միայն խանութ գնալու և հարազատներին օգնելու նպատակով:

Իսրայելում կրկին փակվել են ֆիթնես ակումբները, հյուրանոցները, լողավազանները և տուրիստական վայրերը:

Անգլիայում փաբերի բացվելուց ընդամենը մի քանի օր հետո իշխանությունները փակել են առնվազն երեք նման հաստատություն, որոնց այցելուների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Ղազախստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվն աճում է:

Ղրղըզստանում շտապ կերպով տեղեր են պատրաստվում հիվանդների ցերեկային խնամքի համար:

ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին

Երեկ ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին: Վաշինգտոնը մեղադրում է ԱՀԿ-ին կորոնավիրուսի համավարակին արձագանքը ուշացնելու մեջ:

Այսպիսով, ընթացակարգի համաձայն, ամենամեծ դոնորի՝ ԱՀԿ-ից դուրս գալը տեղի է ունենալու մեկ տարին լրանալուց հետո, այսինքն` հաջորդ տարվա հուլիսի 6-ին:

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ դրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին պնդում էր ամերիկյան վարչակազմը:

Թրամփը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՀԿ-ին՝ ասելով, թե կազմակերպությունը հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության տակ: ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել