armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթացող նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր առարկեցին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջնորդության դեմ:

Բաղդասարյանը, հիշեցնենք, միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության: Միջնորդության քննությունը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում էր ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնելով, թե դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ինչպես էր սահմանել իրավունքի չարաշահում երեւույթը՝ Խուդոյանն ասաց, որ այդպիսի ձեւակերպմանը ընդհանուր առմամբ կարելի է համաձայնել՝ հավելելով նաեւ այն դեպքերը, երբ դատավարության մասնակիցները օգտվում են իրավունքի իրացումից, սակայն դա անում են ոչ թե կամ ոչ միայն կոնկրետ դատավարական նպատակ իրացնելու, այլեւ դատավարության մեկ այլ մասնակցի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ կատարելու, գործի հետ կապ չունեցող ենթադրյալ այլ արարքներում մեղադրելու կամ քաղաքական հայտարարությունների համար։ Խուդոյանն ընդգծեց, որ նման դեպքերում, երբ պաշտպանական կողմի հասցեին հնչում է ատելության խոսք, գործով քննարկվող իրադարձություններից տասնամյակ առաջ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մեկնաբանություն է լինում, կամ ամբաստանյալների եւ պաշտպանների հասցեին վիրավորական արտահայտություններ են արվում, դատախազները լռում են։

Խուդոյանն առանձնացրեց դատախազի միջնորդության մեջ առկա երկու հիմնական բնորոշումները իրավունքի չարաշահման վերաբերյալ․ խոսքը կրկնվող գործողությունների եւ դատավարական տվյալ փուլին ոչ բնորոշ գործողությունների մասին է։ Խուդոյանն ասաց, որ պայմանականորեն կարելի է ասել, որ հենց այդպիսի գործողությունների մեջ է դատախազությունը մեղադրում իրենց՝ հղում անելով տուժողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմանը Լիլիթ Վարդանյանի գործով։

Նա, սակայն, պնդեց, որ դատախազները չեն ներկայացրել իրենց եւ Լիլիթ Վարդանյանի գործի միջեւ եղած հիմնական տարբերությունը․ «Իսկ այդ գործերի փաստական հանգամանքները նույնական չեն՝ հաշվի առնելով, որ մյուս գործի քննության տեւողությունը պայմանավորված է եղել առավելապես դատական նիստերի չկայացումով, այդ թվում՝ ե՛ւ մեղադրողների, ե՛ւ դատարանի պատճառով»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ եթե կատարվեր սեփական վերլուծություն, պարզ կդառնար, որ որեւէ մեկը նշված իրավական դրույթները չի մեկնաբանել որպես պաշտպանության իրավունքից զրկելու հիմք։

Խուդոյանն ասաց, որ կրկնվող գործողությունները թվելիս դատախազները նշել են իրենց կողմից ներկայացված անհիմն միջնորդությունները, սակայն ընդգծեց, որ դրանք անհիմն են միայն դատախազների գնահատմամբ, որովհետեւ դատարանը դրանք քննության առարկա է դարձրել եւ կայացրել բովանդակային որոշումներ, որոնց իրենք համաձայն են, թե ոչ, այլ  հարց է։ Մյուս ուղղությունը, որի շուրջ դատախազները կառուցել էին իրենց միջնորդությունը, դատավարության տվյալ փուլին ոչ բնորոշ գործողություններն էին․ «Հատկանշնական է, որ դատական պրոցեսը դատախազությունը դիտարկում է՝ սկսած 2019թ. օգոստոսի 19-ից, թեեւ եթե խնդիրը դիտարկվում է տուժողների իրավունքի տեսանկյունից, պետք է տարբերություն չլիներ, թե ով է նախագահող դատավորը, հետաքրքիր է նաեւ, որ առկա չէ որեւէ հիշատակում դատական նիստերի՝ պետության մեղքով ձգձգման վերաբերյալ»։

Որպես այդպիսի օրինակ՝ Խուդոյանը նշեց այն, որ դատախազությունը առարկություն չի ներկայացրել գործի քննության մի քանի ամիս դադարելու դեպքում․ խոսքն այն մասին է, որ երբ 2019 թվականի ամռանը Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանեց գործի կասեցման եւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, գործի վարույթը հաջորդ իսկ օրը չվերսկսվեց․ «Դատավոր Արմեն Դանիելյանը պահել էր գործի նյութերը եւ չէր վերադարձնում առաջին ատյանի դատարան, այնուհետեւ ուղարկեց Վճռաբեկ դատարան, որը նույնպես չէր ուղարկում, սական երկու ամիս անց առանց որեւէ պատճառնի նոր հիմքի գործը վերադարձվեց առաջին ատյանի դատարան, ընդամենը առաջին ատյանի դատարանի նախագահը խնդրել էր, Վճռաբեկ դատարանն էլ՝ ուղարկել, եւ դրանով էլ հաստատվել էր երկու ամիս գործը անհիմն չքննելը»։

Խուդոյանը շեշտեց, որ այդ պարագայում եւս դատախազների համար պետք է ակնհայտ լիներ, որ գործը երկու ամիս չէր քննվում․ «Ո՞ւր էին դատախազները եւ տուժողները այդ ժամանակ, երբ պաշտպանները բողոքում էին գործի քննության արգելքներից»,- հարցրեց նա։

Խուդոյանը շեշտեց, որ դատախազների կողմից որեւէ առարկություն չի հնչել նաեւ այն ժամանակ, երբ իրենց համար մինչ օրս անհասկանալի պատճառներով մոտ երկու ամիս բացակայեց դատավոր Աննա Դանիբեկյանը․ «Իսկ Վերաքննիչ դատարանի վերջին դատական ակտը, որով պարոն Քոչարյանն ազատ արձակվեց, եկավ՝ վկայելու, որ այդ ձգձգման արդյունքում նա ավելի քան երեք ամիս անհիմն կալանավորված է եղել, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ իրենց միջնորդությունը ենթակա էր բավարարման, եւ տրամաբանորեն այն պետք է քննվեր ներկայացնելուց հետո անհապաղ, այսինքն՝ ձեր բացակայության պատճառով պարոն Քոչարյանը երեք ամիս գնտվել է անազատության մեջ»,- դիմելով դատավորին՝ ասաց պաշտպանը՝ դարձյալ հարցնելով, թե ուր էին այդ ժամանակ դատախազները։

Խուդոյանը անդրադարձավ նաեւ դատախազի այն փաստարկին, որ 8 դատական նիստ կայացվել է՝ ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ քննելով․ «Իսկ մի՞թե այդպիսի իրավունքից ամբաստանյալները պետք է զրկված լինեին»,- ասաց նա՝ շեշտելով, որ բոլոր այդ միջնորդություններն ունեցել են տարբեր հիմքեր. մի դեպքում եղել է ՍԴ որոշումը, մյուս դեպքում՝ օրենսդրական փոփոխությունները եւ այլն։

Շարունակությունը՝ armtimes.com-ում