«Կոճակ սեղմողները». ԱԺ աշխատանք [1]
17:23 - 06 հուլիսի, 2020

«Կոճակ սեղմողները». ԱԺ աշխատանք [1]

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովը ձեւավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նոր ձեւավորված Ազգային Ժողովն առաջին նիստը գումարել է 2019 թվականի հունվարի 14-ին: Խորհրդարանի պատգամավորների թիվը 132 է՝ քաղաքական 3 թիմերից: 

Շուրջ 1 տարի 6 ամիս է՝ աշխատում են օրենսդիր մարմնի 132 պատգամավորները, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ են ունենում, հարցեր են ուղղում միմյանց, քննարկումներ են իրականացնում, ընդունում եւ փոփոխում են օրենքներ: Սակայն ոչ բոլոր պատգամավորներն են աչքի ընկնում ակտիվությամբ եւ ելույթներով: 

Ձեզ ենք ներկայացնում 7-րդ գումարման Ազգային Ժողովի այն պատգամավորներին, որոնք աչքի չեն ընկել ակտիվությամբ, չեն ունեցել ելույթներ եւ ներկայացրել են շատ քիչ օրենսդրական նախաձեռնություններ:

Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, որը զբաղվում է խորհրդարանի աշխատանքի մշտադիտարկմամբ: Կայքում կարող եք գտնել խորհրդարանի պատգամավորների քվեարկությունները, ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ունեցած ելույթները եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ՝ Ազգային Ժողովի պատգամավորների վերաբերյալ: Տեղեկացնենք, որ մշտադիտարկվում են միայն օրենսդրական քննարկումների ժամանակ հնչած հարցերը եւ ելույթները: 

Այսպիսով, ըստ parliamentmonitoring.am-ի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 11-ը 4 նստաշրջաններից եւ ոչ մեկի ժամանակ Ազգային Ժողովի ամբիոնից երբեւէ ելույթ չի ունեցել: Ելույթ չունեցած պատգամավորներից ոմանց մոտ նույնիսկ հարցեր չեն առաջացել:

Օրինակ` Վարդան Աթաբեկյանը մինչ օրս չի ունեցել ոչ մի ելույթ եւ չի հնչեցրել ոչ մի հարց: Ներկայացրել է միայն մեկ օրենսդրական նախաձեռնություն, որին դեռ կանդրադառնանք: Սակայն Վարդան Աթաբեկյանը բավականին ակտիվ է եղել քվեարկությունների ժամանակ: 704 քվեարկությունից՝ կողմ՝ 553, դեմ՝ 74: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նույնպես կան որոշակի անհասկանալի կետեր: Օրինակ՝ 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Վարդան Աթաբեկյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, իսկ արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրած բնակարանների թիվն ավելացել է մեկով, սակայն չի գնվել պաշտոն զբաղեցնելու տարում: Ըստ հայտարարագրի՝ բնակարանը նա ձեռք է բերել ավելի վաղ: Երկու բնակարաններից մեկը գնվել է 2010 թվականի ապրիլի 14-ին: Մյուսի ձեռքբերման եղանակը նշված չէ, սակայն ձեռք է բերվել 2004 թվականի նոյեմբերի 30-ին:  2019 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավոր Վարդան Աթաբեկյանը չի հայտարարագրել ստացված եկամուտները, մասնավորապես, Ազգային Ժողովից ստացված աշխատավարձը: Պաշտոն զբաղեցնելու տարվա ընթացքում պատգամավորը գնել է մեկ մեքենա՝ 2 մլն դրամ արժողությամբ:

Սեդրակ Թեւոնյանը նույնպես դեռեւս հանդես չի եկել ելույթներով եւ հարցեր չի հնչեցրել: Սակայն պատգամավորը դարձյալ ակտիվ է եղել քվեարկություններում: Սեդրակ Թեւոնյանը 704 քվեարկությունից մասնակցել է 692 քվեարկություններին, որից 598-ի դեպքում կողմ է քվարկել, դեմ՝ 63: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք,  որ պատգամավորը պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել 13.5 մլն դրամ արժողությամբ Տոյոտա մակնիշի ավտոմեքենա: Ձեռքբերման եղանակը հայտարարագրում նշված է «այլ»:

Վահե Ղալումյանը Ազգային Ժողովի պատգամավոր եղած ժամանակ դեռեւս ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել: Չնայած այն հանգամանքին, որ parliamentmonitoring.am կայքում նշված է, որ Վահե Ղալումյանը հարցեր չի ուղղել, այնուամենայնիվ, նա հարցեր ուղղել է, սակայն ելույթներ չեն եղել: Վահե Ղալումյանը թեեւ ակտիվ չէ ելույթներով եւ հարցերով, սակայն հասցրել է հայտնվել կոնֆլիկտային իրավիճակում: Վերջերս Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Վահե Ղալումյանը հարվածում ընդդիմադիր գործիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը 7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ժամանակ ունեցել է 0 ելույթ: Արսեն Միխայլովը Ազգային Ժողովի պատգամավոր է դեռեւս 2017 թվականից: Ըստ Ազգային Ժողովի պաշտոնական կայքի՝ Միխայլովը 2017-2019 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ խմբակցության կազմում: Այժմ պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությունից է: Ըստ «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացրած զեկույցի՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանի ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը եղել է ինքը՝ այն ժամանակվա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը: 7-րդ գումարման Ազգային Ժողովում նույնպես պատգամավորը ակտիվ է քվեարկություններով: Նա քվեարկության մասնակցել է 642 անգամ, որոնցից կողմ է քվեարկել 539 անգամ, դեմ՝ 66: Արսեն Միխայլովը Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը ներկայացնող պատգամավորն է: 

Երբեւէ ելույթ չունեցած պատգամավորների շարքում են նաեւ Մաթեւոս Ասատրյանը, Երջանիկ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Կորյուն Մկրտչյանը, Արտաշես Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանը եւ Հակոբ Սիմիդյանը:  

«Իմ քայլը» խմբակցությունից առանձնացրել ենք նաեւ այն պատգամավորներին, որոնք ընդամենը 1 ելույթ են ունեցել 4 նստաշրջանների ընթացքում:

Ազգային Ժողովի ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը, 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է ընդամենը 1 ելույթ: Հասանովն ԱԺ պատգամավոր է դեռեւս 2017 թվականից, եղել է ՀՀԿ խմբակցության անդամ: Այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Ըստ կատարած քվեարկությունների՝ 628 քվեարկությունից կողմ  է քվեարկել 537 անգամ, դեմ՝ 67: Կնյազ Հասանովն Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններից քրդական համայնքը ներկայացնող պատգամավորն է:

Հռիփսիմե Գրիգորյանը նույնպես պասիվ է եղել ելույթներով: 4 նստաշրջանների ընթացքում պատգամավորը ելույթ է ունեցել ընդամենը 1 անգամ: Պատգամավորն աչքի է ընկնում նաեւ բացակայություններով: Քվեարկություններից բացակայել է 160 անգամ։ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը: 

«Իմ քայլը» խմբակցությունից 4 նստաշրջանների ընթացքում մեկ անգամ ելույթ են ունեցել նաեւ Ալեքսանդր Ավետիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Կարեն Համբարձումյանը, Արգիշտի Մեխակյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը:

Ինչ վերաբերվում է պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, ապա պետք է նշել, որ նախաձեռնություններից շատերը ներկայացնում են ոչ թե անհատ, այլ մի խումբ պատգամավորներ:

Օրինակ՝ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ներկայացրել է օրենսդրական 1  նախաձեռնություն, սակայն այս նախաձեռնության համահեղինակներն են Արտակ Մանուկյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը, Երջանիկ Հակոբյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Եղիշե Սողոմոնյանը: Սա միակ նախաձեռնությունն է, որ համահեղինակության կարգով ներկայացրել են  Վարդան Աթաբեկյանը եւ Երջանիկ Հակոբյանը:

Սեդրակ Թեւոնյանը հանդես է եկել միայն մեկ նախաձեռնությամբ, որը, սակայն, ներկայացրել է «ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը»: Հանձնաժողովի կազմում կա 13 պատգամավոր: Սա միակ նախաձեռնությունն է, որով հանդես են եկել ԱԺ պատգամավորներ Շիրակ ԹորոսյաՆը եւ Սեդրակ Թեւոնյանը:

Նախկին ՀՀԿ պատգամավոր, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը համախեղինակ է միայն մեկ օրենսդրական նախաձեռնության, սակայն դա եղել է՝ նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովում:

Պատգամավորներ Արտաշես Պետրոսյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Վահե Հովհաննիսյանը մեկական անգամ համահեղինակել են տարբեր օրենսդրական  նախաձեռնություններ:

«Իմ քայլը» խմբակցությունից անցում կատարենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվ պատգամավորներին: Այս խմբակցության կազմում ընդգրկված են 25 պատգամավորներ, որոնցից, ըստ կայքում նշված ինֆորմացիայի, 10 պատգամավորներ երբեք ելույթ չեն ունեցել, սակայն կան մի քանի պատգամավորներ, որոնք, այնուամենայնիվ, ելույթներ ունեցան խորհրդարանի մեծամասնության կողմից Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ:

Օրինակ՝ Նորա Առուստամյանն առաջին անգամ հենց այդ առիթով է ելույթ ունեցել: Առուստամյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրն է: Ըստ պատգամավոր Նորա Առուստամյանի հայտարարագրի՝ 2018 թվականին ձեռք է բերել 13 մլն ՀՀ դրամ արժողությամբ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենա: Հարկային տարվա վերջում ավտոմեքենան առկա է եղել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում մեքենան անհասկանալի կերպով այլեւս առկա չէ: Փոխարենը՝ 2019 թվականի ապրիլի 3-ին պատգամավորը ձեռք է բերել մեկ այլ Hyundai մակնիշի ավտոմեքենա՝ 13.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Նորա Առուստամյանի տարեկան եկամուտը, ըստ իր հայտարարագրի, 2019 թվականին կազմել է 9 մլն ՀՀ դրամ:

Այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք անդրդվելի մնացին եւ նույնիսկ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ ԱԺ ամբիոնից ելույթ չունեցան:

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը դեռեւս ելույթներ չի ունեցել ԱԺ ամբիոնից: Պատգամավորն աչքի է ընկնում բացակայություններով: 704 քվեարկություններից 339-ի դեպքում Էդուարդ Բաբայանը բացակայել է: Պատգամավորի ներկայացրած հայտարարագրում նույնպես անհասկանալի կետեր կան: Օրինակ՝ 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը հայտարարագրել է 10 անշարժ գույք: 2019 թվականի տարեկան հայտարարագրում արդեն  անշարժ գույքերի թիվը հասնում է 35-ի, սակայն հարկային տարում նոր գույք ձեռք չի բերել: Հետեւաբար, եթե պաշտոնավարման տարում պատգամավորը նոր անշարժ գույք ձեռք չի բերել, դա պետք է որ լիներ նաեւ պաշտոնը ստանձնելու պահին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, բացակայում էր:

Նույն պատկերն է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Քաջիկ Գեւորգյանի դեպքում: Բացի նրանից, որ պատգամավորը ելույթներ չի ունեցել, ներկայացրած հայտարարագրում դարձյալ որոշակի անհամապատասխանություն կա: 2019 թվականի պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ պատգամավորը հայտարարագրել է մեկ անշարժ գույք, սակայն հարկային տարվա հայտարարագրում ներկայացրել է  4 անշարժ գույք, որոնք դարձյալ ձեռք չի բերել պաշտոն զբաղեցնելու տարում:

Սողոմոն Սողոմոնյանի հայտարարագրում նույնպես կա նույնաբովանդակ խնդիր: 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունի 1 անշարժ գույք, սակայն տարեկան հայտարարագրում անշարժ գույքերի քանակն ավելի է 4-ով:  Սողոմոն Սողոմոնյանը նույնպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության լռակյաց պատգամավորներից է:

ԱԺ ամբիոնից երբեւէ ելույթ չունեցած պատգամավորների շարքում են նաեւ Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, եւ Տիգրան Ստեփանյանը:

Ի դեպ՝ ԱԺ նիստերից եւ քվեարկություններից ամենաշատը բացակայողների եռյակը կազմված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Եռյակը գլխավորում է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 379 բացակա, երկրորդ տեղում է Վարդան Ղուկասյանը՝ 378 բացակա, եւ երրորդ տեղում Էդուարդ Բաբայանն է 339 բացակայությամբ:

Խորհրդարանի երրորդ ուժը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ունի 17 պատգամավոր, որոնցից միայն երեք պատգամավորներ ելույթ չեն ունեցել: Խմբակցության՝ ԱԺ ամբիոնից ելույթ չունեցած պատգամավորներն են՝ Սարիկ Մինասյանը, Ռուբիկ Ստեփանյանը եւ Էդվարդ Անդրեասյանը:

Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը կազմում է 661.400 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը։ 2019 թվականի ընթացքում պատգամավորները ստացել են նաեւ իրենց աշխատավարձի շուրջ 56 %-ի չափով պարգեւավճար։

Ազգային ժողովից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամսիներին ԱԺ պատգամավորները եւ նրանց օգնականները որեւէ հավելում, հավելավճար եւ լրավճար չեն ստացել: Հետեւաբար, ստացված եկամուտները կարող են գոյանալ միայն ստացած աշխատավարձից եւ պարգեւավճարներից:

Եթե համեմատենք parliamentmonitoring-ում նշված ամենաշատ եւ ամենաքիչ ելույթ ունեցած պատգամավորների ստացված եկամուտները, ապա տարբերություն գրեթե չկա: Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորներից է, ըստ  parliamentmonitoring-ի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, իսկ ամենաքիչը՝ նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: 

Թե՛ Արման Աբովյանը, թե՛ Տիգրան Ստեփանյանը 2019 թվականին Ազգային Ժողովից ստացել են մոտ 9 մլն ՀՀ դրամ եկամուտ:

Եթե համեմատենք շատ եւ քիչ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորներին, ապա դարձյալ տարբերությունը շատ մեծ չէ: «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հեղինակել կամ համահեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն, իսկ ահա նույն խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը միայն մեկ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է: 

Արտակ Մանուկյանը 2019 թվականին ԱԺ-ից ստացել է մոտ 10.5 մլն եկամուտ, իսկ Սեդրակ Թեւոնյանը՝ մոտ 9 մլն: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Արտակ Մանուկյանը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եւ իր աշխատավարձը 5 %-ով բարձր է Սեդրակ Թեւոնյանի աշխատավարձի գործակցից, հետեւաբար Արտակ Մանուկյանն ավելի է վարձատրվում ի տարբերություն Սեդրակ Թեւոնյանի:

Եվս մեկ համեմատական անցկացնենք նիստերից եւ քվեարկություններից ամենաշատ եւ ամենաքիչ բացակայած պատգամավորների միջեւ: Այսպիսով՝ ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, իսկ ամենաքիչը՝ նույն խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: 

Գագիկ Ծառուկյանը միայն ԱԺ-ից 2019 թվականին ստացել է մոտ 8.5 մլն եկամուտ, Արայիկ Աղաբաբյանը՝ մոտ 9.3 մլն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագրերի հրապարակումից հետո՝ 2020 թվականի հունիսի 12-ին, հայտարարություն է տարածել հայտարարագրերի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ համակարգում առկա են տեխնիկական խնդիրներ եւ մինչեւ հայտարարագրերի մասին վերլուծություններ կամ լրագրողական նյութեր պատրաստելը՝ դիմեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Չբացառելով պատգամավորներ Վարդան Աթաբեկյանի, Էդուարդ Բաբայանի, Նորա Առուստամյանի, Սողոմոն Սողոմոնյանի եւ Քաջիկ Գեւորգյանի հայտարարագրերում հայտնաբերված անհամապատասխանությունների տեխնիկական բնույթի լինելը՝ գրավոր դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում մեկ տողում հայտարարագրել է երկու բնակարանի հասցե, այսինքն՝ չի թաքցրել իր ունեցած անշարժ գույքը: 2019 թվականի տարեկան հայտարարագրի ուղեցույցի պարզության արդյունքում պատգամավորը հայտարարագրել է երկու առանձին բնակարան՝ երկու առանձին տողերում:

Մեր հարցին՝ այսինքն՝ հնարավո՞ր է մեկ տողում միանգամից մի քանի բնակարան հայտարարագրել,  Հանձնաժողովից պարզաբանեցին, որ իրականում թույլատրելի չէ, բայց իրենք տեխնիկապես հնարավորություն ունեն «Հայտարարատու պաշտոնատար անձի առկա անշարժ գույքը» դաշտում մի քանի բնակարանի հասցե գրել:

Նույնը տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի պարագայում: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նույն շենքում իր ունեցած 10-ից ավելի բնակարանները հայտարարագրել է մեկ տողով, իսկ 2019 թվականի տարեկան հայտարարագրում առանձնացրել է: Մյուս դեպքը վերաբերում է ավտոտնակների հերթական համարակալմանը՝ դարձյալ մեկ տողում: Այսինքն՝ Էդուարդ Բաբայանը հայտարարագրել է 35 անշարժ գույք՝ 10 տողում, որը տեխնիկապես հնարավոր է, սակայն թույլատրելի չէ:

Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Սողոմոն Սողոմոնյանի եւ Քաջիկ Գեւորգյանի՝ 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում առկա անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների անհամապատասխանությունները տեխնիկական բնույթի չեն: Սողոմոն Սողոմոնյանը չի հայտարարագրել 4 անշարժ գույք, իսկ Քաջիկ Գեւորգյանը՝ 3 անշարժ գույք:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնեցին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սողոմոն Սողոմոնյանի եւ Քաջիկ Գեւորգյանի դեպքում եղել է գույքի ավելացում:

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ 7-րդ գումարման Ազգային Ժողովի ակտիվ պատգամավորներին:

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել