Politik.am-ը շարունակում է տարածել քաղաքային տրանսպորտի թանկացման մասին 4 օր առաջ հերքված լուրը
12:57 - 06 հուլիսի, 2020

Politik.am-ը շարունակում է տարածել քաղաքային տրանսպորտի թանկացման մասին 4 օր առաջ հերքված լուրը

Politik.am լրատվական կայքն այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան, հրապարակել է «Ուղեվարձը կարող է դառնալ 150 դրամ» վերտառությամբ նյութ, որտեղ ասված է, թե Երեւան քաղաքում երթուղային տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ, ինչի մասին քննարկումները, ըստ կայքի, ակտիվացան սոցիալական ցանցերում, երբ հայտնվեցին լուսանկարներ տարբեր ավտոբուսներից, որոնց պատուհաններին փակցված էր հայտարարություն, ըստ որի առաջիկայում ուղեվարձը կարող է թանկանալ։

Politik.am-ը գրել է, թե քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուսանկարի բովանդակությունը․

«Քաղաքացիների մի մասը կարծում է, որ թանկացման որոշումն արդեն կայացվել է, իսկ մյուս մասը կարծում է, որ իշխանությունները հանրության տրամադրություններն են փորձում հասկանալ այս տեղեկատվության արտահոսքով»,- հավելել է կայքը։

Բացի այն, որ Google որոնողական համակարգով փնտրելու դեպքում պարզ է դառնում, որ նկարը 2013 թվականի է, նաեւ դեռեւս չորս օր առաջ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն է իր ֆեյսբուքյան էջում հերքել այս լուրը։

Կարապետյանը, մասնավորապես, գրել է․

«Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը հուլիսի 20-ից 150 դրամ է դարձնում տրանսպորտի սակագինը։ Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում: Google.images-ից «հարցրինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ:

Ի դեպ, ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդի վահանակը, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում: Չհաշված, որ 60 համարի միկրոավտոբուսային երթուղին ներկայումս չկա»։

Փաստորեն, չնայած քաղաքապետարանի մամուլի պատասխանատուն շուրջ 4 օր առաջ հերքել է այս ապատեղեկատվությունը, Politik.am-ը այն շարունակում է շրջանառել՝ հավելելով նաեւ, թե քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուսանկարի բովանդակությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել