azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 11,5 միլիոնին, մահացածներինը՝ 534 հազարին:

Իսպանիայի ևս մեկ շրջան փակվում է` կորոնավիրուսային վարակի աճի պատճառով: Կիրակի օրը Գալիսիայի իշխանությունները որոշեցին առնվազն 5 օրով մեկուսացնել Լուգո նահանգում գտնվող այս շրջանը, որտեղ մոտ 70 հազար մարդ է ապրում: Սահմանափակումները ուժի մեջ են մտնում այսօր: Դրանց խախտման համար տուգանքներ են նախատեսված:

Հունիսի 21-ից հետո, երբ վերացվեց արտակարգ դրությունը, սա Իսպանիայում կարանտինի վերադառնալու երկրորդ դեպքն է: Շաբաթ օրը Կատալոնիայի ինքնավար համայնքի իշխանությունները 200 հազար բնակչություն ունեցող շրջան են մեկուսացրել, այն բանից հետո, երբ մարզում գրանցվեց վարակվածների թվի կտրուկ աճ՝ հասնելով մոտ 4000-ի:

Կարանտինային տարածքներում բնակիչները պարտավոր են սահմանափակել տեղաշարժը, հասարակական վայրերում դիմակներ կրել և առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ, սահմանափակել ընտանեկան հանդիպումները:

Իսպանիայում կորոնավիրուսային վարակի բռնկման սկզբից ի վեր գրանցվել է վարակի մոտ 251 հազար դեպք, մահացել է ավելի քան 28,3 հազար հիվանդ:

Ղազախստանում երեկվանից երկու շաբաթ տևողությամբ նոր կարանտին է հայտարարվել: Երկրում կրկին փակվում են գեղեցկության սրահները, մարզական կենտրոնները, ոչ պարենային խանութները, սրճարաններն ու ռեստորանները և այլ վայրեր, որտեղ հնարավոր է մարդկանց կուտակումներ: Արգելվում է ցանկացած զանգվածային միջոցառում:

Ղազախստանում առաջին կարանտինն ավարտվեց մայիսի 11-ին: Սակայն այդ ժամանակվանից ի վեր, երկրի նախագահի խոսքով, վարակվածների թիվը յոթ անգամ ավելացել է: