ՀԾԿՀ-ն պատրաստվում է 10 մլն դրամով տուգանել ՀԷՑ-ին․ մի շարք խախտումներ են արձանագրվել
 |armtimes.com|
20:40 - 03 հուլիսի, 2020

ՀԾԿՀ-ն պատրաստվում է 10 մլն դրամով տուգանել ՀԷՑ-ին․ մի շարք խախտումներ են արձանագրվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստում պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 10 մլն դրամի չափով տուգանք կիրառելու մասին որոշում ընդունել։

Ամիսներ առաջ ՀԾԿՀ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել էր մոնիթորինգ:

Մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում։ Բացի այդ, ՀԾԿՀ-ն ընկերության հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն մոնիթորինգ է իրականացրել «Դիլիջան» էլեկտրական ցանցում։   

Ստուգումների արդյունքում հանձնաժողովը հունիսի 10-ին վարչական վարույթ է հարուցել։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ՝

թվով 142 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և հետևաբար նաև կնիքները, թվով 176 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել,

ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքերը ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքերը,

էլեկտրոնային հաշվիչներով հաշվառվող 61 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսերի գրանցման փոխարեն 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների առկա ցուցմունքները:

Թվով 48 էլեկտրոնային հաշվիչներ ներառված են եղել էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, իրենց 7 ցուցատախտակի վրա ունեցել են նախորդ ամսվա ծախսը ցուցադրող համապատասխան տող, սակայն չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը,

Այսպիսով ՀԾԿՀ-ն պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, ինչպես նաեւ պարտավորեցնել վերացնել արձանագրված թերությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել