Եկեղեցի-մզկիթ-թանգարան ու կրկին մզկի՞թ. Թուրքիան փորձում է փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը |armtimes.com|
17:39 - 02 հուլիսի, 2020

Եկեղեցի-մզկիթ-թանգարան ու կրկին մզկի՞թ. Թուրքիան փորձում է փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը |armtimes.com|

armtimes.com: Ստամբուլի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Սուրբ Սոֆիայի (հունարեն՝ Αγία Σοφία, Սուրբ Իմաստություն) տաճարը շուտով կարող է թանգարանից վերածվել մզկիթի: Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ կրոնական գործիչներ եւ մշակութային կազմակերպություններ դեմ են արտահայտվել այս քայլին՝ ընդգծելով, որ հուշարձանը պատկանում է համայն մարդկությանը՝ անկախ կրոնից:

Այսօր Թուրքիայի դատարանը պետք է վերջնական որոշում կայացներ այդ հարցի վերաբերյալ, բայց 17 րոպեանոց նիստի արդյունքում հայտարարվեց, որ 15 օրվա ընթացքում կհրապարակի դատավճիռը. հաղորդում է BBC-ն:

Սուրբ Սոֆիայի տաճարը Կոստանդնուպոլսի տեսարժան վայրերից մեկն է, գրավիչ եւ հետաքրքիր՝ քաղաք այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկների համար:

Տաճարը գտնվում է պատմական կենտրոնում՝ Սուլթանահմեդ շրջանում, Բոսֆորի ափերից դուրս: Այժմ այն թանգարանային համալիր է, բայց ունեցել է երկար պատմություն:

Տաճարի մասին առաջին հիշատակումները մեզ են հասել մեր թվարկության 4-րդ դարից: Իր գոյության հենց սկզբում տաճարը փրկվել է կրակից եւ վերստին ու վերստին կառուցվել:

Տաճարը տեղակայված է մի հարթավայրում, ուր մինչ 4-րդ դարը հսկայական շուկայի հրապարակն էր: Երկու անգամ ավերվելուց հետո այս տեղում տաճար կանգնեցնելու համար Բյուզանդական կայսր Հուստինիանոս 1-ինը հրամայել է չխնայել ոչինչ, որ նոր տաճարն իր շքեղությամբ ու չափերով գերազանցի բոլոր նախորդներին, եւ 537թ. սկսվել է շինարարությունը:

Տաճարի կառուցման համար ծախսվել է Բյուզանդական կայսրության երեք տարվա եկամուտը: Շինարարության ընթացքում օգտագործվել են լավագույն նյութերը, որոնք բերվել են աշխարհի տարբեր կողմերից:

Տաճարի ներսը զարդարված էր ոսկով, արծաթով, փղոսկրով եւ թանկարժեք քարերով: Երկար ժամանակ տաճարը Բյուզանդական կայսրության զորության խորհրդանիշն էր:

989-ին ուժեղ երկրաշարժի հետեւանքով փլուզվել էր տաճարի գմբեթը, որ վերականգնվել է 5 տարի անց՝ հատուկ այդ նպատակով հրավիրված Տրդատ ճարտարապետի նախագծով եւ ժամանակի համար նորարարական մոտեցմամբ:

1453-ին թուրքերի գրավել են Կոստանդնուպոլիսը եւ թալանել տաճարը: Հետագայում Սուլթան Մեհմեդ Երկրորդի հրամանով այն վերածվել է մզկիթի. սվաղով ծածկվել նրբագույն որմնանկարները, խճապատկերները: 1739 թվականին սուլթան Մահմուդ 1-ինը հրամայել է վերանորոգել շինությունը եւ ավելացնել մեդրեսե (ղուրանական դպրոց, որն այժմ թանգարանի գրադարանն է), իմարեթ (աղքատներին ուտելիք բաժանելու խոհանոց), գրադարան եւ շատրվան (կրոնական լվացման համար): Այս ամենի արդյունքում տաճարը վերածվել է քուլիեի՝ մզկիթային համալիրի:

Այժմ տաճարի ինտերիերում սվաղից մաքրված, գորգային ծածկոցներից ազատված բազմաթիվ քրիստոնեական որմնանկարներ եւ խճապատկերներ կան՝ քրիստոնեական եւ մահմեդական դարաշրջանի տարրեր, որ խորհրդանշում են կրոնների հերթագայությունն ու համակեցությունը մի վայրում: Հիսուս Քրիստոսի պատկերի կողքին`հսկայական վահանների վրա Ղուրանից հատվածներ են:

1935-ին ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հատուկ հրամանագիրով մզկիթը վերածվել է թանգարանի:

1985-ին թանգարանի շենքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Արգելված էր համալիրը որպես երկրպագության վայր (մզկիթ կամ եկեղեցի) օգտագործելը, սակայն ի նշան կրոնական համերաշխության՝ 2006 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ մի փոքրիկ սենյակ է տեղակայվել թանգարանում, որտեղ թանգարանի քրիստոնյա եւ մուսուլման աշխատակիցները կարող էին աղոթել: 2013 թվականից թանգարանի մինարեթներից մեկից մուեզզինն սկսել է օրական երկու անգամ կանչել աղոթքի հավատացյալներին:

2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Այա Սոֆիա» թանգարանի կարգավիճակը կարող է վերանայվել: Վերլուծաբաններն այս քայլը գնահատել են՝ որպես պատասխան Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Սակայն Թուրքիայի կառավարությունն սկսել է այդ ուղղությամբ ակտիվ գործընթաց:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել