Եթե նախագահը չի ստորագրելու օրենքը, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված |lragir.am|
17:21 - 02 հուլիսի, 2020

Եթե նախագահը չի ստորագրելու օրենքը, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։

Պարոն Գաբրիելյան, արդյոք ձեզ համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահը որոշեց չստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները: Տեսակետ կա, որ նախագահը ձեռքերը լվաց այս գործընթացից և ասում է՝ ձեր իրականացրածն է, դուք էլ տակից դուրս եկեք:

Ես չեմ կարող նախագահի փոխարեն ասել, թե ինչը նա լվաց: Անակնկալի մասով, նայած, թե ինչ ենք հասկանում անակնկալ ասելով: Ինձ համար անակնկալ կարող է լինել նաև այն, որ ինքը ստորագրում է, կամ որ դիմում է ՍԴ: Անակնկալ է նաև այն, որ ասում է՝ չեմ ստորագրում, որովհետև եթե մեր մեջ չկա պայմանավորվածություն, նրա յուրաքանչյուր քայլ քեզ համար նորություն է: Եթե անակնկալը զուտ նորության իմաստով ենք ընկալում, ապա այո, նորություն էր դա: Ծանոթ եմ այդ քննադատություններին, որ նախագահը չի ցանկացել ներգրավվել այս գործընթացում և այլն: Կարծում եմ՝ նախագահի աշխատակազմից կարելի է հարցնել, թե ինչու է նման եզրահանգման եկել:

Այսինքն չկա՞ պայմանավորվածություն ձեր և նախագահի միջեւ:

Խմբակցության մակարդակով որևէ պայմանավորվածություն չի եղել, եթե լիներ, ես վստահաբար կիմանայի:

Այդուհանդերձ չունե՞ք տպավորություն, որ խնդրի լուծման այս տարբերակը նախագահը չի ողջունում:

Չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ՍԴ երեք դատավորների և ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են Սահմանադրության ուժով, ոչ թե երեկ ընդունված ՍԴ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով: Նախօրեին ընդունված նածագիծն ընդամենը կանոնակարգում էր նախևառաջ  պաշտոնաթող դատավորների թոշակի հարցը, ինչպես նաև հերթականությունը, հաջորդականությունը , թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող երեք սուբյեկտներից ով ինչ ժամկետում և հերթականությամբ պետք է առաջադրի: Եթե քննադատում են, որ նախագահը չի ուզեցել մասնակցել ինչ-որ գործընթացների, ես ընդամենն ասում եմ իմ տպավորությունը, որ ՍԴ դատավորների լիազորությունները միևնույն է դադարել են Սահմանադրության փոփոխությունների ուժով, հետևաբար, այս գործընթացը այդ դատավորների հետագա պաշտոնավարման հետ որևէ առնչություն չունի:

Եթե նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրելու այդ օրենքը, բնականաբար, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված: Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրի օրենքը կամ դիմի ՍԴ: Եթե չի ստորագրում և չի էլ դիմում ՍԴ, ապա ժամկետի ավարտից հետո ԱԺ նախագահն իրավունք ունի 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը, որից հետո այն մտնում է ուժի մեջ: Այսինքն, եթե նախագահը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ, ապա այդ մարդկանց թոշակի հարցը կարգավորող դրույթներն ընդամենը 21 օր ուշացումով են ուժի մեջ մտնելու: Սակայն անկախ նրանից, թե երբ ուժի մեջ կմտնի ՍԴ դատավորների թոշակի հարցը կարգավորող օրենքը, ինքը բարելավող նորմ է, թոշակը կհաշվարկվի նաև այդ 21 օրը:

Դուք ՍԴ-ի ճգնաժամը լուծված համարո՞ւմ եք:

Սահմանադրական ճգնաժամ ասելով մենք հիմնվում էինք ոչ թե անձերի, այլ սկզբունքի վրա: Մենք ասում էինք, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ դատավորը պետք է պաշտոնավարի 21 տարի, ՍԴ նախագահը՝ 6 տարի: Բայց ստացվեց այնպես, որ դուք ոչ միայն ընտրակեղծարարությամբ մարդկանց քվեն ոտնահարեցիք, այլև այն, ինչը պարզ ճակատով հայտարարում էինք, նաև այդ ժամանակվա նախագահը հայտարարում էր, որ չի լինելու վարչապետ, այդ ամենը խաբեցիք, և ստացվեց այնպես, որ եթե հիմա չլինեին այս փոփոխությունները, մեր հասարակությունը առնվազն 20 տարի չէր տեսնելու այն ամենը, ինչը խոստացված էր, որովհետև Հրայր Թովմասյանը կպաշտոնավարեր 15 տարի և ավելի: ՍԴ-ում մենք դատավոր ունենք, որ արդեն 24 տարի պաշտոնավարում է: Հենց այստեղ էր, որ մենք ասում էինք՝ ճգնաժամ կա, որովհետև Սահմանադրությամբ գրված է, որ ՍԴ դատավորներն իրավունք ունեն ընտրվելու ՍԴ նախագահ, բայց իրենք այդ հնարավորությունից զրկված են, որովհետև քաղաքական վերնախավի համաձայնությամբ և թողտվությամբ տեղի է ունեցել իրավական աճպարարություն:

Հիմա մենք ասում ենք, որ երբ այդ 3 թափուր տեղերը կհամալրվեն, արդեն Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն ՍԴ-ի նոր համալրված կազմը ինքն իր միջից կընտրի ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարի ոչ թե մինչև թոշակի անցնելը, այլ 6 տարի ժամկետով: Արդյունքում մենք կունենանք ՍԴ նոր նախագահ և փոխնախագահ: Սա է մեր ասածը:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել