Արսեն Թորոսյանը չէր կարող հրաժարվել «Գրանդ Հոլդինգ»-ի՝ կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշվին կամավոր փոխանցած գումարից․ «Ժողովուրդ»-ը մանիպուլացնում է
14:55 - 02 հուլիսի, 2020

Արսեն Թորոսյանը չէր կարող հրաժարվել «Գրանդ Հոլդինգ»-ի՝ կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշվին կամավոր փոխանցած գումարից․ «Ժողովուրդ»-ը մանիպուլացնում է

Հուլիսի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթն ու նրա armlur.am կայքը հրապարակել են ««Սկզբունքային» նախարարը. ինչու չհրաժարվեց «Գրանդ հոլդինգ»-ի օգնությունից» վերտառությամբ մի նյութ, որտեղ ասված է, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հակասելով ինքն իրեն, համաձայնել է աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից։ Armlur.am-ի այս հրապարակումը արտատապեցին նաեւ մի շարք կայքեր։

Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է, որ 2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների՝ սոցիալական, առողջապահական որեւէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, եւ հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում․

«Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով»,- մեջբերել էր կայքը, ապա հիշեցրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին փոխանցել է 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու եւ բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Լրատվամիջոցը շեշտել է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաեւ ծխախոտի արտադրությամբ եւ վաճռքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությունից իր գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանում է ստացել, որ հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա: 

Լրատվամիջոցն այս պատասխանից եզրակացրել է, որ նախարար Թորոսյանն «ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաեւ խրախուսելի»,

 «Համաձայնեք՝ «սկզբունքային» տեսակետ է»,- նյութն այսպես է եզրափակել կայքը:

Թեեւ կայքն, ըստ էության, ապատեղեկատվություն չի հայտնել, սակայն Թորոսյանի տեսակետը ներկայացրել է կիսատ ու մանիպուլյատիվ։

Բանն այն է, որ Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ որպես առողջապահության նախարար՝ ի՞նչ է կարծում, որքանո՞վ է ճիշտ, որ քաղցկեղ առաջացնող կամ քաղցկեղին նպաստող ծխախոտի վաճառքից գումար տրամադրվի քաղցկեղի բուժմանը, Թորոսյանը նախ պատասխանել է, որ անթույլատրելի է համարում գումար վերցնելը, ապա պարզաբանել է․

«Ինչո՞ւ եմ համարում անթույլատրելի։ Նույնիսկ հակաքաղցկեղային շատ մեծ միությունները, օրինակ, Ամերիկյան հակաքաղցկեղային միությունը, հատուկ հայտարարություն ունի, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ, ակնկալել որեւէ գումար՝ մի պարզ պատճառով՝ նրանց վարկանիշը չբարձրացնելու համար։ Որովհետեւ նրանց գործունեության արդյունքում առաջացած վնասը՝ մարդկային կյանքերի տեսքով, ոչ մի կերպ չի կարող կոմպենսացվել նրանց տված X կամ Y թվով։ Նույնիսկ ԱՀԿ-ն հատուկ հայտարարություն ունի, որն ուղարկվել է երկրիների ղեկավարներին, այդ թվում՝ մեր, որով կոչ է անում՝ չհամագործակցել որեւէ ծխախոտային ինդուստրիայի առաջարկած բարեգործական ծրագրերի հետ, որովհետեւ այդ ընկերությունները հիմա նման մարկետինգային քայլեր են անում, ստեղծում են, օրինակ, քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ, բայց որը ֆինանսավորում է ծխախոտային ընկերություն»։ 

Թորոսյանը հավելել է, որ որեւէ առողջապահական հարց լուծող կազմակերպություն չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով։

Նախարարի խոսքը, ըստ էության, վերաբերել է քաղցկեղի բուժմանն ուղղվելիք գումարներին։ Իսկ կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու համար բացված ֆոնդին մարդիկ կամ կազմակերպությունները գումար են ուղարկում կամավոր, եւ նրանց որեւէ մեկը արգելել չի կարող։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մարտի 17-ին բացել էր գանձնապետական հաշիվ՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ 

Նախարար Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին», իսկ ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

Գանձապետարանի մուտքերը վերահսկում է ֆինանսների նախարարությունը, եւ, ինչպես նշեցինք, որեւէ մեկը չի կարող արգելել կամավոր հիմունքով գումար փոխանցել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին աջակցելու նպատակով։ 

Եւ, ինչպես ասված է նախարարության պարզաբանման մեջ, կառավարության որոշմամբ են բաշխվում այդ գումարները։ Այսինքն՝ թե դրանց որ մասը ինչի վրա կծախսվի, Արսեն Թորոսյանի սկզբունքներից կախված չէ, եւ Թորոսյանը չի էլ կարող ասել՝ «Գրանդ Հոլդինգ»-ի փոխանցած գումարը չօգտագործեք կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար։

Այսպիսով,«Ժողովուրդ» օրաթերթը մանիպուլյատիվ է ներկայացրել մի հանգամանք, որը կապ չունի Արսեն Թորոսյանի սկզբունքների հետ։ Իսկ Թորոսյանի տեսակետը կայքը ներկայացրել է կոնտեքստից կտրված։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել