Ատոմակայանը կանգնել է պլանային կանխարգելիչ վերանորոգման
10:18 - 02 հուլիսի, 2020

Ատոմակայանը կանգնել է պլանային կանխարգելիչ վերանորոգման

Հուլիսի 1-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության հանրային կապերի բաժինը։

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր: Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով:

«Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվի ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն», - նշել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման և անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում: «Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թ-ին, ընթացիկ տարին օգտագործվելու  է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման և ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար », - ասաց Յուրի Սվիրիդենկոն, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար:

ՀԱԷԿ-ը հիշեցնում է, որ 2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում և փոխարինում, ավարտվել է համակարգերի և սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը: Բացի այդ, կայան է մատակարարվել անհրաժեշտ սարքավորումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել