«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները
21:41 - 01 հուլիսի, 2020

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
Նիկոլ Փաշինյան, 2019 թվական
 
Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։
 
Հրապարակման առաջին մասում Infocom-ն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված էին Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմները, նախկին Արդարադատության խորհրդի անդամների՝ դատարավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառած երկակի ստանդարտները։ Երկրորդ մասում ներկայացրել էինք 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով որոշումներ կայացրած դատավորներին։ Իսկ այս մասում կանդրադառնանք վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին։

Վեթինգի վերաբերյալ նոր կառավարող ուժի հայտարարություններն ու իրականությունը

Դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու խիստ անհրաժեշտության մասին վերջին շրջանում չէ, որ խոսվում է։ Դատական համակարգի հանդեպ անվտահության մասին բարձրաձայնվել է տարիներով, սակայն դրա լուծման խիստ կարեւորությունն, ըստ էության, արձանագրվել է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հակարգի մասին խոսեց 2018 թվականի մայիսի 19-ին՝ նշելով, որ Հայաստանում այս համակարգը  հայտնվել է կաթվածահար վիճակում։ Փաշինյանը այդ վիճակը կապեց նրա հետ, որ դատարանները չգիտեն՝ ինչ անեն ու ինչպես վարվեն, քանի որ սովոր են գործել հրահանգներով․

«Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք եւ պարոնայք, սիրելի ժողովուրդ: Էնպես որ, դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակներում եւ նաեւ կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Եվ սրա համար միակ երաշխիքն այն է, որ նրանք պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, եւ այդ դատավճիռները պետք է ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով, նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով սահմանված շրջանակում»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Վարչապետն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, եւ, ըստ այդմ, մենք կունենանք անկախ դատական համակարգ։

2018 թվականի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց դատական համակարգի խնդիրների մասին։

«Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին: Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով դատական մարմինների նկատմամբ անվստահույթունը շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու եւ միջամտելու գայթակղությանը»,- մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ մյուս կողմից ընդգծելով, որ սա չի նշանակում, թե որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից:

«Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ: Իսկ ընդհանուր առմամբ՝ ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետեւ անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վերոնշյալ մեջբերումներից կարող ենք եզրակացնել, որ 2018 թվականին Փաշինյանը վերբալ մակարդակում խաղի նոր կանոններով շարժվելու կոչեր էր անում դատական համակարգի ներկայացուցիչներին։ Այս փուլում ինստիտուցիոնալ որեւէ փոփոխություն չեղավ, սակայն, խոսվեց անցումային արդարատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Արդեն 2019 թվականի մայիսին 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց հաջորդ օրը իրականացնել «Հանուն անկախ դատական համակարգի» ակցիան եւ շրջափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ 

Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետը կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը։ Նույն օրը տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումների մասին քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկրում հաստատված են ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն ու Ազգային ժողով՝ գործադիր եւ օրենսդիր իշխանություններ, սակայն վերջին մեկ տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն:

Վերոնշյալ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը եւ ակնարկեց վերջինիս իրագործման 5 կարեւոր ուղենիշները․

  1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
  2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
  3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
  4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։
  5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների:

Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններն ու դրա իրականացման գործիք վեթինգը պետք է ընդգրկեին ոչ միայն դատավորի այժմյան գույքային վիճակի գնահատում եւ ապագայում տեղի ունենալիք խախտումների արձանագրում, այլ պետք է ներառեին ավելի լայն սպեկտր՝ հասկանալու դատավորի ունեցած քաղաքական կապերն ու ծագումնաբանությանը, ինչպես նաեւ նախկինում ծավալած գործունեությունը։

Սակայն անցումային արդարադատության մեխանիզմների ներդման մասին վարչապետի ասածը կարծես այդպես էլ ըստ էության չիրականացվեց․ համենայն դեպս, կառավարությունը մինչ օրս չի մշակել անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ։

Միայն վարչապետի մեջբերված ելույթից օրեր անց՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ կազմակերպվեցին՝ Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ 

Լսումների ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել էր ասոցիացիայի պատրաստած՝ «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով զեկույց, որում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված եւ անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները եւ ինստիտուտները, ինչպես նաեւ համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։

Զեկույցում առաջարկ է եղել՝ ստեղծել վեթինգային հանձնաժողով, որը կպարզի պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը եւ կհեռացնի նրանց։ 

Լսումների ժամանակ իր ելույթում արդարադատության արդեն նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանը, խոսելով ԱԱ գործիքակազմի մասին, դարձյալ հիշատակել է վեթինգը՝ գնահատման գործընթացը: Ըստ նրա՝ վեթինգը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռություն՝ իրավունքների տեսանկյունից. գործընթացն անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջեւ որեւէ դեպքում նվաստացուցիչ իրավիճակ չի ենթադրվում: Ողջամիտ գնահատումը, փոխնախարարի խոսքով, չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել:

Խորհրդարանական ծավալուն քննարկումից օրեր անց՝ մայիսի 29-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ամբիոնից դիմելով խորհրդարանական մյուս խմբակցությունների անդամներին, հայտարարեց, որ «Իմ քայլը» նախաձեռնել է վեթինգի նախագիծը մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ, եւ արդեն վերջնականացման փուլում է․

«Այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով իմ գործընկերներին՝ թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնել այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի նախագիծը և իրենց մտահոգությունները»,- ասաց Մակունցը։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներն այս հայտարարությունից հետո դժգոհություններ հայտնեցին, քանի որ նույնիսկ տեղյակ չէին, որ իշխող մեծամասնությունը սկսել է նախագծի մշակումը։

2019 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատավորների աշխատավարձերի բարձրացմանը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականին առաջին անգամ դատավորների թափուր մրցույթում տեղի ունեցավ «նեդաբոր»՝ շատ պարզ պատճառով.

«Դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում, մեծ հավանականությամբ, կձերբակալվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, այլապես կբացահայտվեն: Գիտեն, որ պետք է ստանան 400-600 դրամ աշխատավարձ՝ որոշ դեպքերում մարդկանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Ո՞վ կուզի նման պայմաններում ՀՀ-ում լինել դատավոր: Դուք ձեզ մի հատ տվեք այդ հարցը»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբ խոսում է աշխատավարձերի բարձրացման մասին, խոսքը չի վերաբերում կոռումպացված դատավորներին, այլ նրանց, որոնք զբաղեցնելու են դատավորի պաշտոնը թափուր տեղ առաջանալու դեպքում։

Սակայն, Փաշինյանի կարծիքով, այդ պահին դեռ չէին կարող դատավորների աշխատավարձը բարձրացնել, քանի որ հանրությունը չի կարող նման որոշումն ընկալել:

Փաշինյանի այս հայտարարությունից օրեր անց՝ հունիսի 24-ին, Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ վեթինգի մասին առանձին օրենք չի լինի, դատավորների բարեվարքության ստուգումն էլ կիրականացնի ԲԴԽ-ն՝ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։

«Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի։ Վեթինգի հիմնական գործընթացը իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց կան հարցեր, որը նրա լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը, ենթադրաբար, Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է»,- ասել էր Մակունցը: Նրա ներկայացմամբ, վեթինգի մասին նախագիծ, որպես այդպիսին, չի լինելու, բայց օրենսդրական որոշ փոփոխություններ, նախաձեռնություններ կլինեն:

Հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո, սակայն, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միանգամայն այլ հայտարարություն էր արել: Նա ասել էր, որ արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում սկսում է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը։ Լրագրողների հարցին՝ ի վերջո, լինելո՞ւ է վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ, նախարարը դրական պատասխան է տվել՝ դժվարանալով նշել, թե ի՞նչ նախագիծ է լինելու։ 

2019 թվականի հուլիսի 17-ին Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արդեն կոշտ տոնով անդրադարձավ դատական համակարգին եւ նշեց, որ վերջինս տիրոջ ստրուկ է։

«Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչեւ վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», - մասնավորապես նշեց Փաշինյանը։

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանն այս շրջանում կրկին անդրադարձել  է դատական համակարգի կախյալ գործելաոճին եւ կոռումպացվածությանը՝ պատճառների թվում նշելով արդեն ոչ միայն նախկին իշխանությունների ազդեցությունը, այլ նաեւ դատավորների աշխատավարձի ցածր չափը։

Արդեն այս տարվա մայիսի 11-ին, երբ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էին վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատավորների համատարած վեթինգի իրականացում հնարավոր չէ՝ առանց Սահմանադրություն փոխելու։ Նախարարն այսպես պատասխանեց Փաշինյանի այն հարցին, թե ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։

Նախարարը ներկայացրեց, որ առաջին անգամ Դատական օրենսգրքով դատավորի՝ հայտարարագիր չներկայացնելը, ներկայացման դեպքում դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը արձանագրվում է որպես վարքագծի կանոնի խախտում։

Միաժամանակ, Ռուստամ Բադասյանը նշեց, որ վեթինգի Ալբանական մոդելի օրինակով գնալու եւ դատավորներին համատարած ստուգելու դեպքում՝ ՀՀ-ն կունենա դատավորների պակաս՝ վեճերի քննության համար։

Infocom-ը Արդարադատության նախարարությունից փորձեց տեղեկանալ՝  ի վերջո ի՞նչ քայլեր են իրականացվելու վեթինգի իրականացման համար, եւ արդյոք 2018 թվականից առ այսօր որեւէ քայլ իրականացվե՞լ է առհասարակ դատական համակարգի առողջացման ուղղությամբ։

Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 25.03.2020 թվականին ընդունված եւ 02.05.2020 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով եւ հարակից օրենքներով 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության շրջանակներում դատավորների կարգավիճակին վերաբերող դրույթների եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի վերանայումը, դատավորների բարեվարքության ստուգման եւ նրանց գործունեության գնահատման մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա երաշխավորել անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ եւ արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականը: 

Մասնավորապես, այս փուլում վեթինգի իրագործումը, ըստ ԱՆ-ի, հնարավոր է հետեւյալ գործողությունների իրականացմամբ. 

1) Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ հասարակական կազմակերպությունների առաջադրած անդամների: 

Այս հանձնաժողովը կարգապահական խախտումներ, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարք հայտնաբերելու դեպքում դատավորի նկատմամբ հարուցելու է կարգապահական վարույթ: 

2) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ իրավաբան-գիտնականների: Հանձնաժողովը պարբերաբար իրականացնելու է դատավորների գործունեության գնահատում` դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող հստակ չափանիշների գնահատման միջոցով: Դատավորների գործունեության գնահատումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիների բացահայտմանը, դատավորի ինքնակատարելագործմանը, ինչպես նաեւ դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը։ Դատավորների գործունեության գնահատման արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

3) Կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմինների շարքում է նախատեսվել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կիրականացնի դատավորի գույքային դրության ստուգում, որը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության:

4) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել է նաեւ լիազորություն՝ Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու եւ իրավասու մարմին խորհրդատվական եզրակացության ներկայացնելու: 

5) Կարգապահական նոր տույժի տեսակը, ինչպիսին է դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատելը, հնարավորություն կտա կարգապահական խախտում թույլ տված դատավորին ազատելու այդ պաշտոններից: 

Վերոնշյալից բացի՝ նախարարությունից հայտնել են, որ, հիմք ընդունելով հանգամանքը, որ վեթինգի իրագործման այլ եղանակների իրականացումը հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ, 10.10.2019 թվականին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ է նախատեսվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրականացումը: Ըստ այդմ, նշված նպատակին հասնելու համար ձեւավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից այժմ քննարկվում են վեթինգի իրագործման այլ հնարավոր ուղղությունները:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ 2 տարի շարունակ նոր կառավարության եւ կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են դատական համակարգում բարեփոխումների՝ այդ թվում վիրահատական միջամտությամբ փոփոխությունների մասին, հայտարարել են մշակվող նախագծերի մասին, սակայն դրանք, ըստ էության, մինչ օրս վերջնականացված չեն։ Դեռեւս մշակված չէ անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ, անցումային արդարադատության ընդհանուր կիրառման մասին նույնիսկ դադարել է խոսվել, վեթինգի մասին առանձին օրենք չի լինելու, իսկ դատավորների բարեվարքության ստուգմամբ զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնանժողովը, որը, բոլոր դեպքերում, ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքը՝ անկախ վեթինգի մեխանիզմի ներդրումից։ 

Բացի այս՝ 2 տարվա ընթացքում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի եղել նաեւ ըստ էության հանցագործության մասին հաղորդումներ պարունակող՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանի ծավալուն եւ փաստական զեկույցը։

Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել