1 շաբաթ է՝ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ հետևում է քաղաքապետարանի 220 համայնքային ծառայող
12:07 - 01 հուլիսի, 2020

1 շաբաթ է՝ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ հետևում է քաղաքապետարանի 220 համայնքային ծառայող

Արդեն մեկ շաբաթ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ միասին հետևում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Համատեղ միջոցառումներում ներգրավված է շուրջ 220 համայնքային ծառայող: 

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Կարելի է ասել ամբողջ ստորաբաժանումները ներգրավված են՝ հիմնականում հասարակական կարգի պահպանության ծառայությունը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, առևտրի վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

«Վարչական շրջանի տարածքը բաժանված է ըստ հասցեների, աշխատողները ոստիկանության հետ առավոտից մինչև ուշ գիշեր պտտվում են, հորդորում են քաղաքացիներին կրել դիմակ և դրանով փրկել այլոց կյանքերը»,- ասել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը:

«Օրական հինգ աշխատակից աջակցում է ոստիկանության ծառայությանը, ոստիկանների հետ շրջում են այգիներում, բակերում և մարդաշատ այլ վայրերում, որտեղ հնարավոր է լինեն դեպքեր, որ մարդիկ չեն կրում դիմակներ»,- նշել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Հայաստանում բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Շրջայցի ընթացքում մեր նկարահանող խումբը դիմակ կրելու պահանջը չկատարելու մի շարք պատճառաբանություններ լսեց:

«Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները պատշաճ կերպով կրեն դիմակները թե՛ բաց տարածքում, թե՛ փակ տարածքում, որպեսզի վարակի տարածումը մենք կարողանանք կանխել, իրենք իրենց կամքով, այնպես չլինի, որ ոստիկանությանը տեսնեն նոր դիմակները կրեն»,- նկատել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի տեղակալ Լևոն Մանուկյանը:

«Պետությունն իր առջև խնդիր չի դրել, որ տուգանի քաղաքացուն: Այս մեխանիզմը կիրառվում է զուտ նրա համար, որ մարդիկ, այո՛, նաև գիտակցելով, որ կարող են տուգանվել, և անգամ, եթե չեն գերադասում մտածել իրենց առողջության մասին, գոնե ֆինանսական խնդիր առաջանալու պատճառով կրեն դիմակներ»,- նշել է Ռազմիկ Մկրտչյանը:

Մայրաքաղաքում քիչ չէին նաև հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիները:
«Համայնքի աշխատակիցների հետ միասին, համատեղ ուժերով իրականացնում ենք ծառայություն: Բակային տարածքներում ծառայություն իրականացնելով մենք դրական արդյունքների հասանք, և քաղաքացիները պատկերացրեցին, որ պետք է կրեն դիմակներ»,- նշել  է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վահան Բաղյանը:

Հանրային առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների նպատակը համավարակը միասնական ուժերով հաղթահարելն է:

Տեսանյութը՝ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել