Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը
19:04 - 30 հունիսի, 2020

Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:

Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումների հետ: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել