Միջհամայնքային միավորումները մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը․ Նարինե Դիլբարյան
20:33 - 30 հունիսի, 2020

Միջհամայնքային միավորումները մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։

- Տիկի՛ն Դիլբարյան, «Ժառանգություն» կուսակցությունը 2015-ին, երբ Հայաստանում նոր էր մեկնարկում համայնքների խոշորացման գարծընթացը, դեմ էր Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ձևավորվող համայնքային երեք փնջերին։ Խոշորացման հետագա գործընթացի վերաբերյալ ինչիպիսի՞ն է «Ժառանգության» դիրքորոշումը։

- Համայնքների խոշորացման ծրագիրը երկու մակարդակ ունի։ Այն ունի տնտեսական նպատակահարմարություն, և ընդհանրապես աշխարհում գնահատված է, հիմնականում տնտեսական առումով ճիշտ է համարվում, իսկ տնտեսականը կապվում է նաև սոցիալական տարբեր խնդիրների հետ։ Այսինքն՝ ստանալով մեծ համայնքներ՝ մենք կարողանում ենք ձևավորել գործունակ, տնտեսապես առավել կայացած միավորներ՝ դրանով թեթևացնելով պետական բյուջեի խնդիրները, և տեղական ինքնակառավարման հարցերը ավելի արդյունավետ լուծել։

Սակայն կա մի շատ կարևոր խնդիր, որին «Ժառանգությունը» միշտ մեծ ուշադրություն է դարձրել․ դա ռազմավարական զարգացման խնդիրն է, և Հայաստանի պարագայում՝ նաև անվտանգության խնդիրը։ Մենք գիտենք, որ, ցավոք, Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ առկա են լրջագույն խնդիրներ․ Ադրբեջանի պարագայում իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, որովհետև մենք ունենք ընդամենը հրադադարի պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Ելնելով անվտանգային համակագի այս մարտահրավերներից՝ մենք միշտ համոզված ենք եղել, որ համայնքների խոշորացմանը պետք է որոշակի վերապահումով մոտենալ։ Հատկապես սահմանային այն հատվածներում, որոնք հարևանակից են Ադրբեջանին և Թուրքիային, պետք է շատ ուշադիր լինենք և աշխատենք այնտեղ ոչ թե գնալ տնտեսական նպատակահարմարության ճանապարհով և մտածել, թե ինչպես համայնքներն ավելի լավ ինքնածախսածածկում կապահովեն, այլ գուցե հենց բյուջետային հատուկ քաղաքականությամբ պահպանել փոքր համայնքները և թույլ չտալ, որ փոխվի բնակչության տեղաբաշխման պատկերը։ 

Եթե անկեղծ լինենք, այսօր Հայաստանն ավելի շատ վիթխարի Երևան է, որը կլանել է իր շուրջը գտնվող մնացյալ միավորները։ Սահմանամերձ բնակավայրերում հիմնականում ավագ տարիքի մարդիկ են ապրում, այնտեղ զարգացած չեն սոցիալական ենթակառուցվածնքերը։

Մի ռեալ օրինակ բերեմ՝ այս համավարակի հետ կապված։ Առողջապահության նախարարությունը մեծ խանդավառությամբ բուժհիմնարկները խոշորացնելու ծրագրեր էր իրականացնում, բայց հենց համավարակի ամբողջ ընթացքն ապացուցեց, որ եթե դու փոքր հիվանդանոցը և փոքր ծննդատունը փակում ես, փակվում են նաև փոքր բանկերի մասնաճյուղերը և այլն, և, ի վերջո, այդ բնակավայրը մեռնում է, մարդիկ գնում են դեպի խոշոր բնակավայր, այսինքն՝ տեղի է ունենում, այսպես ասեմ, բնականոն խոշորացում, որը շատ վտանգավոր է։

- Ենթակառուցվածքները խոշորացնելով՝ բնակիչներին  մատուցվող ծառայությունների որակը չի՞ բարձրանա։

- Փորձը ցույց է տալիս, որ դրանք միանշանակ կախման մեջ չեն։ Նախ, լրջագույն խնդիր է ճանապարհների կառուցումը։ Ճանապարհները մեզ մոտ այնքան էլ բարվոք չեն։ Ճիշտ է, պետք է արձանագրել, որ վերջին շրջանում սուբվենցիոն ծրագրերով բավականին միջհամայնքային ճանապարհներ կառուցվեցին, բայց, միևնույն է, մենք չենք հասել այն մակարդակին, որ մտածենք, թե այդ բնակիչը կարող է իր ավտոմեքենայով (կան մարդիկ, որոնք չունեն ավտոմեքենա) ուղևորափոխադրման նորմալ հոսքի պարագայում հասնել շրջկենտրոն, որտեղ, բնականաբար, կա և՛ հարկային տեսչություն, և՛ ոստիկանության բաժին, և՛ մաքսակետ, և՛ բժշկական կենտրոն։ 

Էլ չեմ ասում դպրոցների մասին, որովհետև համայնքների խոշորացման առումով մեծ խնդիր էր նաև ուսումնական հաստատությունների կենտրոնացումը։  Գտնում էին, որ այն դպրոցներում, որտեղ շատ քիչ աշակերտներ կան, լավ մասնագետները չեն մնում, հետևաբար, նրանց տրամադրած կրթական ծառայությունները ևս բավարար մակարդակ չունեին։ 

Միևնույն է, խնդիրն այստեղ, ինչպես ասացի, երկսայրի է։ Փորձը ցույց է տալիս, որ պետությունը պետք է կարողանա հատուկ խթանիչ ծրագրերով մասնագետների, թեկուզ բուհերը նոր ավարտածների համար գրավիչ դարձնել փոքր բնակավայրերում աշխատելը։ Հեռավոր խորհրդային ժամանակներում կար այդպիսի ծրագիր, երբ երիտասարդ մանագետները գնում էին շրջաններ, այնտեղ նրանց հատկացվում էր բնակարան, որոշակի ժամանակ նրանք աշխատում էին, դրանից հետո կարող էին վերադառնալ։ Մենք իրավունք չունենք ենթակառուցվածքները մեր փոքր բնակավայրերից հեռացնելով՝ դրանք ենթարկել փակման։ 

- Սահմանամերձ համայնքների խոշորացման դեպքում Դուք վտանգ տեսնո՞ւմ եք, որ եթե ենթակառուցածքները այնտեղից հեռանան, բնակչության ներքին արտագաղթ կլինի դեպի համայնքային կենտրոններ։ 

- Այո՛։ Ցավոք, մեր ամբողջ պատմությունը եղել է այդպիսին։ Բնակավայրից հեռացվում է կրթական օջախը, հեռացվում է առողջապահականը, բնականաբար, հարկային և այլ ծառայությունները ևս «արտագաղթում են», և այդ ծառայությունների հետևից արտագաղթում է մարդը նաև, որովհետև ինքը մենակ է մնում, ենթադրենք, կուսական, գուցե շատ գեղեցիկ բնության հետ, բայց ընդունենք, որ մարդը ոչ միայն բնական արարած է, այլև սոցիալական։ 

- 2015-ին «Ժառանգությունը» մարզերում բնակիչների հետ հանդիպումներ էր ունեցել, և կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ բնակիչների մեծամասնությունը դեմ էր համայնքների խոշորացմանը։ Ձեր պատկերացմամբ՝ այժմ համայնքների բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում խոշորացման գործընթացին։

- Մինչև արտակարգ դրությունը՝ փետրվարին, մենք կուսակցության սկզբնական կազմակերպությունների հետ մարզային այցելություններ նախաձեռնեցինք։ Շիրակում ոչինչ չէր փոխվել։ Ավելին՝ կար հստակ արտահայտված տագնապ, որ խոշորացումը աշխատուժի համար պայմանների վատթարացման է բերելու, նոր գործազրկության, և այդ պարագայում դարձյալ մեծանալու է Հայաստանից արտագաղթողների թիվը, որը մի պահ կարծես կանգ էր առել։ 

Փաստորեն, 2020 թ․ փետրվարին արդեն կար նաև այդ վտանգը։ Ճիշտ է, դեռ չկար համավարակը, որի պատճառով երկիրը փավեց, բայց այդ ժամանակ դարձյալ սկսել էին խոսել այն մասին, որ խոշորացման պատճառով ծագում է գործազրկություն, իսկ գործազրկությունն իր հերթին բերում է արտագաղթ, և մարդիկ գնում են արտագնա աշխատանքի։ Հեղափոխությունից հետո ձևավորված իրավիճակը, որը, համենայն դեպս, ներգաղթի հույսեր էր ձևավորել, երկու տարվա ընթացքում կառավարության նոր ծրագրերի պատճառով նորից առաջացրել էր մտավախություններ։ 

Այս համավարակը հենց ճակատագրի նետած մարտահրավեր էր՝ հասկանալու համար, որ տնտեսական նպատակահարմարությունն ընդհանրապես շատ ճիշտ գաղափար է, բայց միշտ չէ, որ գործում է։ Միշտ առաջանում են ֆորսմաժորային պայմաններ, որոնց ընթացքում պետք է հաշվի առնել, թե քեզ համար ինչն է կարևոր՝ մի քանի խոշոր, լավ զարգացած, կայուն ենթակառուցվածքներով քաղա՞ք, որի շուրջ ոչինչ չկա, թե՞ համաչափ զարգացում։ Խոշորացման գործընթացը, նորից նշեմ, ինքնին դրական հատկանիշեր ևս ունի, բայց խոշորացումից առաջ պետք է ապահովել համաչափ զարգացում։

- Դեռևս խոշորացման մեկնարկից առաջ կառավարությունն ասում էր, որ այդ գործընթացի նպատակներից է համայնքների համաչափ զարգացումն ապահովելը։ Դուք մտածում եք, որ խոշորացումը չի՞ նպաստում համաչափ զարգացմանը։

- Փորձը ցույց տվեց, որ չի նպաստում, ընդհակառակը՝ այդ համամասնությունն ավելի է աղավաղում։ Ընդ որում՝ եթե այդ համայնքից դուրս են գալիս այնպիսի հիմնարկություններ, որոնք կապված են տնտեսական, կրթական, բանկային գործունեության հետ, շենքերն ու շինություններն էլ են դատարկվում, գույքահարկ չի մուծվում, իսկ տեղական բյուջեները ձևավորվում են հիմնականում գույքահարկից և պետության հաստատած գումարներից։ 

Հենց տեղի է ունենում տարբեր ծառայություններ մատուցող հիմնարկների արտահոսք տվյալ բնակավայրից, ենթադրենք, դեպի մոտակայոոմ գտնվող համայնքային կենտրոն, համայնքը հայտնվում է աղքատության և թշվառության շեմին։ Չի կարող լինել գյուղ, որտեղ ապրում է 7-8 ընտանիք, որտեղ միջին տարիքը 70-ն է կամ 80-ը։ Բայց մենք այդպիսի շատ գյուղեր ունենք։ 

- Եթե ոչ համայնքների խոշորացմամբ, ապա ինչպե՞ս է պետք ապահովել համայնքների համաչափ զարգացումը։

- Համայնքների համաչափ զարգացման համար այս փուլում շատ կարևոր է պետության գործունեությունը։ Պետությունն այս պարագայում, հակառակ գնալով տնտեսական նպատակահարմարությանը, պետք է լուծի անվտանգության ապահովման ռազմավարական խնդիրը։ Պետք է ամեն ինչ անել, որ ձեռնտու լինի ծայրամասերում, ինչ-որ տեղ, լքված բնակավայրերում բնակիչների հաստատվելը։

Այդպիսի լավ ծրագրեր ժամանակին իրականացվեցին Արցախում՝ պետության, տարբեր հիմնադրամների օժանդակությամբ։ Տարբեր մարզերից, համայնքներից հեռացած հայրենակիցներ ունենք, որոնք հաստատվել են արտերկրում, և նրանցից շատերը միշտ ունենում են ցանկություն՝ իրենց բնակավայրերի համար ինչ-որ բան անելու, այնտեղ մանկապարտեզ կառուցելու կամ ինչ-որ ձեռնարկություն հիմնելու։ Համոզված եմ, որ դեսպանատների, արտգործնախարարության, և ինչու չէ, ներդրումային կազմակերպությունների ուժերով կարելի է համախմբել այդ մարդկանց ներուժը, ստեղծել հիմանադրամներ, բաժանել հանրապետությունը խոշոր տարածքների և այդ հիմնադրամների միջոցով ստեղծել գայթակղիչ պայմաններ, որ երիտասարդությունը գնա, հաստատվի այնտեղ։ 

Եթե երիտասարդ մասնագետները, լինեն դրանք բժիշկներ, հաշվապահներ, տնտեսագետներ, անասնաբույժներ, գյուղատնտեսներ, կարողանան գնալ այնտեղ, մի քանի տարի հաստատվել, կստեղծվեն երիտասարդ ընտանիքներ, և կփոխվի նաև դեմոգրաֆիկ իրավիճակը։ Դա պահանջում է ծրագրերի մշակում, ընդ որում՝ կարելի է 6-7 ամսում այդ ծրագրերի մշակումը կատարել, ճշտել, թե այդ ծրագրերից յուրաքանչյուրն ինչպիսի արժողությամբ գումար և բյուջե է պահանջում։

Պետությունը պետք է շատ կարևոր դերակատարում ունենա մարզերի համաչափ զարգացման ընթացքում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կայանան։ Մենք հասկանում ենք, որ տեղական ինքնակառավարումը տարբերվում է պետական կառավարումից, բայց մեր պարագայում, ցավոք, անցած քաղաքականությունն էլ ցուց է տվել, որ համայնքների զարգացմանը միշտ ինչ-որ փշրանքներ են հասել։

- Պետությունն ասում է՝ մեզ պետք են խոշոր, ուժեղ համայնքներ, որոնք նաև սուբվենցիոն ծրագրերից օգտվելու ավելի մեծ հնարավորություններ կունենան։ Համաձայն չե՞ք, որ խոշորացումն այս առումով դրական է լինելու համայնքների համար։ 

- Վերադառնում եմ իմ ասած ելակետին, որ պետության համար գուցե շատ ավելի հեշտ է գործ ունենալ մեկ խոշոր հիվանդանոցի և դպրոցի հետ, բայց իրականությունը խիստ տարբերվում է մեր ցանկություններից։ Հայաստանն ունի անվտանգ զարգացման և իր սահմանները բնակչությամբ ամրացնելու խնդիր։ Եկե՛ք ամրացնենք համայնքները, և տեսնենք՝ գուցե այդ պարագայում շրջկենտրոնների կառո՞ւյցն էլ կփոխվի, և խոշորացումը չի կատարվի հենց այսօրվա կանխագծված ուղիով։ Գուցե կան բնակավայրեր, որտեղ այսօր ընդամենը մի քանի հարյուր մարդ է ապրում, կամ այդքան էլ չի ապրում, բայց նրանք ներուժ ունեն ապահովելու։ 

Խորենացին ասում էր, որ մենք փոքր ածու ենք։ Եվ այդ փոքր ածուի մեջ այն մնացած փոքրիկ վտակները չորացնելով՝ մեր գետն էլ կչորանա։ Դա զարկերակային մի մեծ համակարգ է,։ Եթե մարդու կերպարը պատկերացնենք՝ իր զարկերակային ամբողջ կառուցվածքով, այդ զարկերակների մեջ դեպի սիրտ գնացող արյունն ինչի՞ց է գալիս․ փոքր մազանոթներից, այսինքն՝ փոքր բնակավայրերից։ Բնակավայրերի կենսունակությունը միանշանակ արտահայտվում է նրանով, որ այդ բնակավայրում պետք է լինի կրթական հիմնարկ, առողջապահական հիմնարկ․․․

- Բոլո՞ր փոքր համայնքներում պետք է լինեն ենթակառուցվածքները։

- Գոնե դրանց մասնաճյուղերը։ Այնտեղ պետք է լինի գոնե պոլիկլինիկայի մասնաճյուղ, և պետք է լինի գոնե մեկ բժիշկ։ Ընտանեկան բժիշկների վերապատրաստման ծրագրեր կան, որի շնորհիվ այդ բժիշկը ձեռք է բերում առավել համակողմ գիտելիքներ, որպեսզի հենց առաջին պահին ինքը կարողանա օգնություն ցուց տալ, ուղղորդել։ Պետք է կայացնենք համայնքը, հետո գնանք ազատականության։ Գիտեք ազատականության սկզբունքը․  քեզ նետում են ծովը, կարող ես լողալ՝ լողում ես, ուրեմն դու կենսունակ ես։

- Եթե ոչ, այդ դեպքում պետք է խոշորացնե՞լ համայնքը։

- Այո՛։ Դրանից հետո նոր կարելի է մտածել իսկապես արդյունավետ խոշորացման մասին։ 

- Դուք խոսեցիք աշխատավայրերի կրճատման մասին։ Դեռևս խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ կառավարությունն ասում էր, որ առանց այն էլ փոքր բյուջե ունեցող համայնքներում բյուջեի հիմնական մասը ուղղվում էր համայքնապետարանների աշխատակազմերի աշխատավարձերի վճարմանը։ Երբ նախկին համայնքապետարանների աշխատակազմերը կրճատվում են, խնայվում են դրամական միջոցներ, որոնք ուղղվում են համայնքների զարգացմանը։ Այս տեսակետին համաձայն չե՞ք։ 

- Ուռճացված հաստիքացուցակներին ցանկացած պարագայում դեմ եմ։ Իրոք, այնտեղ թերևս պետք էր ստուգում անցկացնել և պարզել, թե քանի աշխատակցից է բաղկացած համայնքապետարանը, աշխատանքի բաժանումն ինչպես է արված, և, ընդհանրապես, նրանց գործունեության ՕԳԳ-ն որն է։ Այո՛, այդպիսի աշխատատեղերն իրականում չափազանց ցածր արդյունավետություն ունեն։ 

Այստեղ կարևորը ոչ այնքան կամ ոչ միայն համայնքների խոշորացումն է, որքան արտադրական հզորությունների խոշորացումը։ Եկե՛ք տաբերակենք երկու բան՝ համայնքների խոշորացումը և արտադրական հզորությունների միավորումը։ Արտադրական տնտեսությունների միավորումը՝ թեկուզ գյուղատնտեսության մակարդակում, միակ ճիշտ հեռանկարն է։ Եթե դու, ենթադրենք, ունես փոքր հողատարածք, պարզ է, որ այն չես կարող մեծ տրակտորով մշակել, քո մշակածն էլ արդյունավետ չի լինի։ Իսկ եթե միանում են մի քանի գյուղացիական տնտեսություններ, օրինակ, անասնապահության կամ մշակաբույսերի ոլորտում, ապա նրանց աշխատանքի արդյունավետությունը կարող է շատ ավելի բարձր լինել։

- Ձեր ասածը մոտ է միջհամայնքային միավորումների ստեղծման գաղափարին, որի հնարավորության մասին կառավարությունը խոսում էր խոշորացման գաղափարին զուգահեռ։ Այսինքն՝ Դուք նախընտրում եք միջհամայնքային միավորումների ստեղծո՞ւմը։ 

- Միանշանակ։ Միջհամայնքային միավորումներն այս պարագայում մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը։ Պետք է գնալ քայլ առ քայլ ու համակշռված։ Արտադրական հզորությունների միջհամայնքային միավորումը կարող է շատ լուրջ արդյունքներ տալ։ Արդեն անհրաժեշտ էլ չի լինի համայնքապետարանում այդքան մարդ ունենալ, որովհետև մարդիկ ուրիշ տեղում  շատ ավելի արդյունավետ, հետաքրքիր և եկամտաբեր աշխատանք կունենան։

- «Ժառանգությունը» նաև մտահոգություն էր հայտնում, որ համայնքների խոշորացմամբ կխախտվի հասանելի իշխանության սկբունքը։ Արդյոք խոսքն այն մասին է, որ խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները հասանելի՞ չեն այդ համայնքում ներառված բոլոր բնակավայրերին։ 

-Այո՛։ Մենք ստանում ենք նամակներ և զանգեր, որտեղ մարդը բողոքում է, որ ինքը, ենթադրենք, ունի կրթական խնդիրներ՝ կապված աշակերտների և դպրոցի հետ, և չի կարողանում կապ հաստատել համապատասխան մարզկենտրոնի առողջապահական կամ կրթական պատասխանատուների հետ։ Անգամ ամիսներ են անցնում, մինչև նրանց հարցը տեղ է հասնում, և դրանից հետո՝ ևս մեկ ամիս մինչև այդ հարցի հանգուցալուծումը։ 

Բոլոր պետություններում կա բյուրոկրատիա, և կան ապարատներ, որոնք աշխատում են շատ դանդաղ, բայց այս պարագայում, երբ մեծանում է տարածությունը փոքր համայնքի և մարզկենտրոնի միջև, այդ բյուրոկրատիան հաճախ հասնում է հուսահատության աստիճանի, և անգամ սովորական խնդիրները, որոնք այլ պարագայում շատ արագ կհանգուցալուծվեին, մնում են առկախված։  Դրա համար էի ասում՝ միշտ պետք է այնպես անել, որ լինեն համապատասխան ներկայացուցիչներ, որոնց մոտ մարդը կարող է գնալ բողոքելու։ 

- Չէ՞ որ դրա համար խոշորացված համայնքների բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ։ 

- Այդ ուղղակի կապն էլ շատ տարօրինակ է։ Քանի որ մեր համայնքները փոքր են, նրանք կարող են նաև ազգակցական կապերով կապված լինել իրար հետ, բայց ազգակցական կապն էլ հաճախ խանգարում է աշխատանքային կապի իրագործմանը։ Ամեն ինչ մի տեսակ ընտանեավարական մակարդակում է։ Ընտանեավարական մակարդակում խնդիրներն ավելի դանդաղ են լուծվում և ավելի ցածր արդյունավետությամբ, քան երբ ամեն ինչ դրված է զուտ պաշտոնական մակարդակում։ Իշխանությունը և անգամ տեղական ինքնակառավարումը հեռացել են բուն  բնակչից։

- Ինչպե՞ս ՏԻՄ-երն ավելի հասանելի դարձնել բոլոր բնակավայրերի համար։

- Նախ պետք է, որ մի քիչ էլ քաղաքացիական դիրքորոշում ձևավորվի։ Քաղաքացիական հանրությունը նաև պահանջատեր հանրություն է։ Եկե՛ք ելնենք այն իրողությունից, որ մարզերում մեր բնակիչները շատ ավելի խեղճ են, նրանք տեղեկացված էլ չեն, թե ինչ իրավունքներ ունեն։ Այսօր գործող օրենքներով՝ բնակչները բավականին իրավունքներ ունեն, բայց եթե դու չգիտես այդ իրավունքների մասին, չես էլ օգտվում։ Պետք է բարձրացնել համայնքների բնակիչների իրավագիտակցության մակարդակը։ Արձանագրենք, որ շատ համայնքապետարանների աշխատակիցների էլ պետք է բացատրել իրենց պարտականությունները։ 

- Գուցե պետք է խոշորացված համայնքի ավագանու կազմում բոլոր բնակավայրերից ներկակացուցիչներ ունենալու մեխանիզմնե՞ր ներդնել և բնակիչների խնդիրներն այդպե՞ս լսելի դարձնել։

- Ավագանու ինստիտուտն այս պարագայում իսկապես կարող է գործուն լինել․ ի վերջո, ավագանու անդամներն իրոք պատվիրակներ են, որոնք պետք է իրենց համայնքների խնդիրները լուծեն, բայց այս պահին մենք գործող համակարգ չունենք։ Երբ համակարգը ձևավորվի, արդեն հաջորդ եկողն այդ խնդիրը կլուծի։ 

Ընտրություններից հետո, երբ բնակիչների կյանքում դժվարություններ են ծագում, նրանք սկսում են տարբեր պետական մարմինների բողոք հղել՝ չկենտրոնանալով այն մարդկանց ուղղությամբ, որոնց իրենք ընտրել են։ Պետք է փոխել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններից ակնկալիքների ամբողջ գաղափարաբանությունը։ Մարդկանց պետք է ասել՝ դու ավագանու անդամ ընտրիր ա՛յն մարդուն, որի ուժերին վստահ ես, որը կգնա և քո ձայնը կբարձրացնի, քո խնդիրների մասին կխոսի։ Մարդիկ պետք է ունենան բարձր որակավորում ունեցող հարթակներ, որտեղ իրենց պատասխան կտան։ 

- Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիննե՞րը պետք է կայանան։

- Միանշանակ։ Եվ պետք է ասել, որ այդ ընտրությունը ոչ թե սեփական բարեկամին կամ քեզ համար հաճելի մարդուն այնտեղ տեսնելն է, այլ այնպիսի մարդկանց առաջ մղելը, որոնք իսկապես գործունակ կլինեն։ 

- Համայնքների խոշորացումը ՏԻՄ-երի զարգացմանը չի՞ նպաստում այս դեպքում։

- Համաձայն եմ, տեսականորեն նպաստում է։ Դա երկսայրի սուր է․ իրոք, հեծանիվ պետք չէ հայտնագործել՝ ասելու համար, որ համայնքների խոշորացումը արդյունավետ է դարձնում տեղական ինքնակառավարումը, բայց, ինչպես նշեցի, ամեն արդյունավետություն ունի իր բովանդակային տարբեր բաղադրիչները։ Ես գտնում եմ, որ մեր պարագայում պետք է զգույշ լինել։ Փորձենք համայնքային ներուժը խոշորացնել։ Ինչպես ասում են՝ դանդաղ ես գնում, առավել վստահելի հանգրվանի ես հասնում։ 

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել