Գագիկ Ծառուկյանի՝ օբյեկտիվ քննադատություն ներկայացվող ստերն ու մանիպուլյացիաները
17:52 - 01 հուլիսի, 2020

Գագիկ Ծառուկյանի՝ օբյեկտիվ քննադատություն ներկայացվող ստերն ու մանիպուլյացիաները

Շաբաթներ առաջ՝ հունիսի 5-ին, տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ կառավարությանն ուղղված քննադատական ելույթով։ Վերջին շրջանում, երբ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին հայտնի դարձավ, ԲՀԿ-ականները եւ անձամբ Ծառուկյանը պնդումներ արեցին եւ շարունակում են անել, թե հենց այդ նիստի ժամանակ արած հայտարարությունների պատճառով Ծառուկյանի հանդեպ քաղաքական հետապնդում են սկսել։

Infocom-ը չդադարող այս պնդումների ֆոնին որոշեց հետ գնալ եւ ստուգել ԲՀԿ ղեկավարի արած հայտարարությունների իսկությունը։

Քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը մի շարք մանիպուլյատիվ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել։

Նա, մասնավորապես, իր խոսքում ասել է, թե Հայաստանում տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են․ 

«Տնտեսական հեղափոխություն անելու համար միայն խոսքերը բավարար չեն, այլ պետք է ծրագրեր լինի, ֆինանսավորում լինի, հնարավորություն տրվի, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել»,- հայտարարել է Ծառուկյանը՝ հավելելով, թե երկրում չեն ստեղծվել ներդրումների ներգրավման գործուն մեխանիզմներ, ինչի մասին վկայում է տնտեսական ցուցանիշների անկումը«2018 թվականի համեմատ 2019 թվականին ներդրումները պակասել են»։ Այս պնդումը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5.2 %, իսկ 2019 թվականին՝ 7․6 տոկոս։ Ընդ որում՝ նախորդ տարի տնտեսական աճը մեծապես հիմնված է եղել առեւտրի ու ծառայությունների վրա։ Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նման բարձր աճ չի գրանցվել 2007 թվականից ի վեր։

Տնտեսական աճի ցուցանիշի մասին սույն թվականի փետրվարի 20-ին կառավարության նիստի ժամանակ խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ 2019-ին գրանցված 7,6 տոկոս տնտեսական աճն ամենաբարձրն է նախորդ տասներկու տարիների ընթացքում։

Հաջորդիվ, ինչ վերաբերում է Ծառուկյանի պնդամը, թե 2018-ի համեմատ 2019-ին ներդրումները պակասել են, ապա, ըստ Կենտրոնական բանկի վճարային հաշվեկշռի` 2018 և 2019 թվականներին օտարերկրյա ներդրումները, կամ որ նույնն է` զուտ պարտավորությունների ստանձնումը, կազմել է 254․1 եւ 254,5 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ այդմ՝  ներդրումները 2018 թվականի համեմատ աճել են 0,4 տոկոսով։ Այսինքն՝ Ծառուկյանի պնդումը, թե 2019-ին նախորդ տարվա համեմատ տնտեսական ցուցանիշների անկում է եղել, ներդրումներն էլ պակասել են՝ դարձյալ իրականությանը չի համապատասխանում։

Այնուհետեւ, Ծառուկյանն իր ելույթում հայտարարել է, թե այսօր, երբ աշխարհը սկսում է հաղթահարել վիրուսը, Հայաստանում այն նոր թափ է ստանում․

«Համաճարակը հունվարից է սկսվել, բայց մինչեւ հունվար-փետրվար-մարտի 4-ը՝ մեզ մոտ ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել, տվյալ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորել, հարցեր դնել, դեղորայքի համար, դիմակների համար, որ արտադրվեր, ներկրվեր, թեստերի խնդիրը կարգավորել։ Մարտի 4-ին թեստ գոյություն չի ունեցել։ Էսօր մարզեր կան՝ թեստ գոյություն չունի»,- ասաց Ծառուկյանը։

Նշենք, որ կորոնավիրուսը Չինաստանում բռնկվել է դեկտեմբերին։ Հունվարի 30-ին արդեն ՀՀ վարչապետը ստորագրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում։ Անմիջապես հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ 

Նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ: Այսինքն՝ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ տարվել են դեռ այն ժամանակ, երբ վիրուսի դեպքեր գրանցել էին հիմնականում Չինաստանի Ուհան քաղաքում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրամիությունում։

Հունվարի 31-ին նախարարը հանդիպել է նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ ու քննարկել իրավիճակը։

Նույն օրը Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանն այդ պահին կոնկրետ այս վարակն ախտորոշելու թեստեր չունի եւ մինչ այդ առաջնորդվել է հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները ստուգելով, սակայն այդ առավոտյան արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել մի չինական ընկերության հետ, ժամերի ընթացքում թեստերը կլինեն Չինաստանում Հայաստանի դեսպանատանը։

Փետրվարի 4-ին դարձյալ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը: Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ առաջիկայում ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ եւս 200 ախտորոշիչ թեստ:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին․ այդ ժամանակ Հայաստանն արդեն ախտորոշիչ թեստեր ուներ։ Առողջապահության նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ կոնկրետ մարտի 4-ի դրությամբ հանրապետությունում առկա է եղել 520 ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիան ստուգող թեստ) թեստ։

Անդրադառնլով ԲՀԿ ղեկավարի հայտարարությանը, թե բոլոր երկրներում համաճարակը մարում է, նշենք, որ այս կուսակցության քաղխորհրդի նիստից օրեր անց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարեց, որ կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից։

Ըստ այդմ՝ Ծառուկյանի պնդումները, թե Հայաստանում հունվար-փետրվարին աշխատանքներ չեն տարվել կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, իսկ մարտի 4-ին Հայաստանում ախտորոշման թեստեր չեն եղել, մնացած երկրներում էլ համաճարակը մարում է, դարձյալ իրականությանը չեն համապատասխանում։

Ծառուկյանն իր ելույթում նաեւ ասաց, որ Հայաստանում այսօր կան մարզեր, որտեղ թեստ գոյություն չունի։ Infocom-ն առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումն իրականացվում է  Երևանում և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» 3 մարզային մասնաճյուղերում՝ Սյունիքում (ք.Կապան), Լոռիում (ք.Վանաձոր) և Շիրակում (ք.Գյումրի), սակայն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ այլ մասնաճյուղերում ևս հետազոտությունների իրականացման ուղղությամբ:

Նշենք, որ Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (ԱԱՊ հաստատություն (պոլիկլինիկա)), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն՝ կազմակերպում են նմուշառում։ Այնուհետեւ այդ նմուշները այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով տեղափոխվում են կցագրված լաբորատորիաներ` հետազոտության։ 

Հաջորդիվ ԱԱՊ հաստատության սպասարկող բժիշկը կապ է հաստատում հաստատված պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Եւ, ելնելով հաստատված պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու նրա ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին: 

Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները: Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։ Այսինքն, ԱԱՊ բժիշկը անհրաժեշտության դեպքում կատարում է նմուշառում, եւ այն ուղարկում համապատասխան հաստատություն։

Ծառուկյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Պարետի այն որոշմանը, ըստ որի՝ մեքենայի մեջ մեկից ավելի ուղեւորի դեպքում բոլորը պարտավոր են դիմակ դնել։ ԲՀԿ ղեկավարն այսպիսի ձեւակերպում արեց․ «Մարդ ու կնոջ տուգանում են մեքենայի մեջ»։ Նշենք, որ վարչապետը հայտարարել է, որ վարակը կանխարգելելու վարչական ռեսուրսները սահմանափակ են, եւ ավելի մեծ մասշտաբով վերահսկողողություն իրականացնելու համար ձեւավորվել են ոստիկանության ու պետական այլ մարմինների համատեղ կարգախմբեր: Սա նշանակում է, որ միայն ոստիկանության ռեսուրսները չեն բավարարում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, եւ պարետի որոշումն, ըստ էության, բխում է այդ տրամաբանությանից, որպեսզի հսկիչ ոստիկանները ամեն մեքենայի մեջ գտնվող անձանց ամուսնական վկանայակնները հատ առ հատ չստուգեն։

Ծառուկյանն իր ելույթում նաեւ ասել է, թե համաճարակի հետ կապված ինչ-որ գումարներ են տրամադրել սահման պահողներին, ոստիկաններին, փրկարարներին՝ 26 հազար, զգացել են՝ սխալ են անում, անմիջապես պարտադրել են, որ այդ գումարը հետ տան։

Այս խնդրի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն հանգամանալից խոսել էր մայիսի 6-ին՝ Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

Նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ասել էր, որ կառավարության նախաձեռնած՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակներում դիմել են քաղաքացիներ, որոնք կամ որոնց հարազատները աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիակնությունում, բայց ստացել են գումար։ Պատգամավորը հավելել էր, որ հիմա համապատասխան ստորաբաժանումներին գրություններ են գնում, որ այնտեղ աշխատողներն այդ գումարները պետք է վերադարձնեն․ «Հիմա այդ գումարները պետք է հե՞տ վերադարձվեն կառավարությանը, թե՞ այլ տարբերակ կա»,- մասնավորապես հարցրել էր Սիմոնյանը։

Նախքան վարչապետի պատասխանը ներկայացնելը՝ նշենք, որ հիշյալ՝ 9-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն 0-18 տարեկան երեխա, բայց որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Օժանդակության ձեւը միանվագ մեկանգամյա աջակցություն է՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով: Այսինքն՝ հիշյալ գերատեսչություններում գրանցված աշխատակիցները շահառու չեն հանդիսացել , եւ նրանց այդ աջակցությունը տրամադրելը սխալմունք է եղել։

Ի վերջո, վարչապետը Կարեն Սիմոնյանին պատասխանեց, որ այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետեւ դրանք նախատեսված էին բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց համար․

«Եւ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են եւ արձանագրված չեն ընդհանուր բազաներում, սողանցք է դարձել, եւ դա ցավալի փաստ է, որ մեր՝ սոցիալական անապահով խավի համար նախատեսած միջոցերը գնացել են ոչ այդ խավի համար նախատեսված ուղղությամբ։ Այդ գումարները պե՛տք է վերադարձվեն, եւ ավելին՝ պետք է ծառայողական քննություն նշանակվի, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Դա շատ վատ երեւույթ է։ Մեկը բանկում 50 մլն ավանդ ունի, գալիս, այդ միջոցառումից գումար է տանում, 3-րդի իր աշխատավարձը առաջնային կարգով բարձրացրել ենք եւ ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս, այդտեղից գումար է տանում»,- ասաց վարչապետը, եւ, դիմելով պատգամավորին, նշեց, որ վերջինս հարցը պետք է այլ կերպ տար՝ ե՞րբ են այդ գումարները վերադարձնելու եւ այդ նպատակին ծառայեցնելու։ 

Իսկ Ծառուկյանի՝ վերոգրյալի վերաբերյալ կիսատ հատարարությունից անտեղյակ ունկնդրի մոտ տպավորություն կարող է լինել, թե կառավարությունը փոքր չափի գումար է տվել ԱԻՆ-ի, ՊՆ-ի, ոստիկանության ծառայողներին, հիմա էլ դրանք հետ է պահանջում։ Բայց, փաստորեն, այդ գումարները նախատեսված էին սոցիալական կոնկրետ խավի համար, եւ ոչ թե նշյալ կառույցներում գրանցված աշխատողների։

Այսպիսով, մոտ 19 րոպեանոց իր ելույթում Գագիկ Ծառուկյանը շուրջ 9 մանիպուլյատիվ կամ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել։ 

Հայարփի Բաղդասարյան, Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել