Գույքահարկի ռեֆորմը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Թունյան |armtimes.com|
11:58 - 30 հունիսի, 2020

Գույքահարկի ռեֆորմը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Թունյան |armtimes.com|

armtimes.com: Գույքահարկի ազդեցությունն այնքան չնչին է բիզնեսի վրա, որ դրա մասին անգամ խոսելու կարիք չկա։

Ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով բիզնեսի վրա գույքահարկի ռեֆորմի ազդեցությանը։

«Ավելին ասեմ՝ բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետեւ, եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որեւէ գույք են սեփականաշնորհել, ու իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչինչ չարժեր, որովհետեւ գույքահարկը շատ ցածր էր, այն գործարարը սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ. իրենք պարզապես այդ գույքը չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել վարձակալության: Գույքահարկերի ավելացումը այդ չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց սեփականություն հանդիսացող տարածքներ, կա՛մ դրանք աշխատացնել, կա՛մ վարձով տալ ու վաճառել այն մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործել»,- նշեց Թունյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հաշվարկե՞լ են կենտրոնում ապրող քանի թոշակառու կա, որոնք չեն կարողանա այդ գույքահարկը վճարել՝ Թունյանն ասաց, որ պրակտիկորեն անհնար է հաշվել, թե քանի մարդ նման վիճակում կլինի:

«Որովհետեւ մենք պետք է հստակ իմանանք, թե մեր համաքաղաքացիներից քանիսն են, որ ապրում են թանկարժեք բնակարաններում, իրենց գույքահարկը որքան է լինելու, հետո կարողանանք համադրել այդ մարդկանց իրական եկամուտների հետ, հասկանանք՝ նրանք իրականում, թոշակից բացի, այլ աղբյուր ունեն, թե չունեն»,- ընդգծեց նա։

Թունյանը նշեց, որ երեկ մի վիճակագրություն է ներկայացրել, որ ՀՀ-ում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու:

«Այսինքն, եթե 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ: Եթե իրապաես մարդու եկամտի միակ աղբյուրը միայն թոշակն է, այդ թոշակն օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ: Բացի դրանից, կան այլ մեխանիզմներ. համայնքի ավագանին ունի իր գույքահարկի եկամուտների մինչեւ 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է այդ շրջանակներում արտոնություն տալ կոնկրետ մարդկանց, չեղարկել գույքահարկը կամ հետաձգել կամ զեղչով ինչ-որ բաներ անել: Այդ 10 տոկոսը միանգամայն բավարար է՝ այդ մարդկանց խնդիրները լուծելու համար։ Այլ հարց է, որ այդտեղ պետք է թափանցիկության որոշակի չափորոշիչներ ապահովել, որովհետեւ ներկա պայմաններում համայնքապետները հնարավոր է՝ որոշակի զգուշավորություն կիրառեն այդ համակարգը կիրառելիս, քանի որ վաղը, մյուս օրը կարող է մեկը գալ եւ ասել՝ քո բարեկամի գույքահարկն ես զիջել կամ հետաձգել»,- ասաց Թունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել