Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ
20:23 - 28 հունիսի, 2020

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ: Տեսակապին մասնակցել են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ:

Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, համավարակով պայմանավորված փոփոխությունները, նշել, որ անկախ դրությունից՝ այս տարի կյանքի կկոչվի Հայաստանի պետական համակարգում սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որը կունենա մինչև 100 մասնակից:

Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց, նաև անդրադարձ է կատարել հայրենադարձության գործընթացի զարգացման ուղղությամբ տարվող քայլերին՝ խոսելով համապատասխան օրենքի ընդունման և հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման մասին:

Այնուհետ նիդերլանդահայ համայնքի մասին համակողմանի տեղեկատվություն է փոխանցել դեսպան Բալայանը՝ նշելով, որ համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և նպատակասլացությամբ, կարողանում է բարձր պահել հայի հեղինակությունը, գործարար, մշակութային համբավը, պահպանելով ինքությունը՝ լիարժեքորեն ինտեգրված լինել բնակության երկրի կյանքին: Դեսպանն անդրադարձ է կատարել նաև համայնքային գործիչների կողմից հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մշակութային նախաձեռնություններին, լոբբիստական ջանքերին, բարեգործական գործունեությանը:

Այնուհետ ներկաները Գլխավոր հանձնակակատարի հետ քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերել են սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, զինապարտության խնդրին, մասնագիտական համագործակցությանը, սփյուռքում հայաստանյան գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, վիզաների ազատականացման ընթացին և Հայաստան-սփյուռք գործակցության այլ թեմաների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել