Պետք է հասկանանք, թե իրենք «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից․ Բաբկեն Թունյան |lragir.am|
16:18 - 28 հունիսի, 2020

Պետք է հասկանանք, թե իրենք «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից․ Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։

Պարոն Թունյան, գույքահարկի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ օրենքի շուրջ մեծ դժգոհություն է բարձրացել։ Ստեղծվել է «բնիկ երևանցիների» նախաձեռնություն, նրանք պահանջում են չբարձրացնել գույքահարկը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրադարձությունները։

Այն մարդկանց, ովքեր իրենց համարում են «բնիկ երևանցի» ու գտնում են, որ բնիկ լինել-չլինելը կարող է որևէ դեր խաղալ անձնային հարաբերությունների մեջ, ես հրավիրում եմ Ազգային ժողով՝ քննարկման։ Թող ներկայացուցիչներ ընտրեն, գան ու քննարկենք։ Նախ մի հատ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում «բնիկ երևանցի», հետո հասկանանք, թե իրենք այդ «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից ու ինչ պարտավորվածություն են զգում սեփական քաղաքի նկատմամբ։ Կգան, կքննարկենք, իմ կարծիքով՝ ինչքան էլ կարծիքները տարբեր լինեն, զրուցելը չի խանգարում։

Գույքահարկի դրույքաչափի բարձրացումը մարդիկ լրացուցիչ հարկային բեռ են որակում։ Ինչո՞ւ պետք է թանկանա գույքահարկը։

Հարկային բեռը մի կողմից պետությունը նվազեցրել է նախորդ տարի՝ եկամտային հարկը իջեցնելով, որը հաջորդ երեք տարիներին շարունակելու է նվազել։ Մյուս կողմից, գույքահարկն է բարձրացվել։ Ինչո՞ւ, որովհետև եկամտային հարկը գնում է պետական բյուջե, իսկ գույքահարկը գնում է համայնքային բյուջե։ Այսինքն՝ մենք սրանով համայնքներին ֆինանսական անկախություն ենք տալիս, որ համայնքները սեփական միջոցներ ունենան ու կարողանան իրենց խնդիրները լուծել։ Մենք ուզում ենք, որ այն իրավիճակը չլինի, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորը վեր կենա ու գյուղում գտնվող 100 մետրանոց ինչ-որ ջրագծի կամ գյուղի մանկապարտեզի վերանորոգման մասին խոսի։ Մենք ասում ենք՝ եղբայր, գույքահարկը թող գնա համայնքային բյուջե, ձեր համայնքն է, ինքներդ կորոշեք, թե ոնց եք ծախսում։ Եթե կորոշեք, որ այդ համայնքում կան անապահով մարդիկ, ովքեր չեն կարողանում գույքահարկը տալ, դրա հնարավորությունն էլ կա։ Համայնքի բյուջեի եկամուտների 10 տոկոսի չափով այդ համայնքը կարող է որոշակի արտոնություններ տալ, չեղարկել գույքահարկը, հետաձգել վճարումը։

Բացի դրանից, այդ բեռը, որ ասում են ծանրանում է, միանգամից չի ծանրանում։ Այդ բեռը աստիճանական է լինելու, և առաջին երկու-երեք տարիներին մարդիկ այդ ծանրությունը գրեթե չեն էլ զգալու։ Եթե կզգան, որ սա սխալ բան է, իրենց շահերին հակասում է, իրենց դեմ է, ուզում են, որ նախկինի նման լինի, որ կոպեկներով համայնքային նշանակության հողեր օտարվեն․․․ Իսկ այդ կադաստրային արժեքները նաև հենց դրա համար են սահմանվել, որ, օրինակ, 10 մլն արժեցող հողի կադաստրային արժեքը վերցրել ու գնահատել են ասենք 1 մլն դրամ և դրա կես գնով՝ 500 հազար դրամով օտարել են չգիտեմ ում։ Ջրի գնով պետական ու համայնքային սեփականությունը տարիներ շարունակ մսխել են։ Հիմա կադաստրային արժեքների վերանայումը մեզ թույլ է տալիս այդ ամենը կանոնակարգել, էլ չեն կարողանա ջրի գնով պետական ու համայնքային հողերը ծախել։ Էլ չեն կարողանա մի քանի հազար դոլարով վարձակալության տալ ու ցույց տալ, որ, օրինակ, 100 հազար դրամով են տվել։

Ավելին՝ Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել