Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ
13:25 - 27 հունիսի, 2020

Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով:

Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները:

Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում:  Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով:

Գինի արտադրողները բարձրացրել են նաև այլ հարցեր՝ կապված երկարաժամկետ վարկերի, ներմուծման և արտահանման ընթացակարգերի, ներքին շուկայում վաճառքի ծավալների մեծացման հետ: Նախարարը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենին և իր տեղակալներին ոլորտի մասնագետների հետ միասին մշակել որոշ կարևոր թիրախային շուկաների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այդ երկրների հետ նոր առևտրային կարգավորումները: 

Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին և փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն և ցուցադրական, ինչպես նաև  ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական  ռեսուրսների պահպանման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել