Մեր պետության քայլերը խորը անհանգստություն եւ խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ. Մակունց
18:26 - 26 հունիսի, 2020

Մեր պետության քայլերը խորը անհանգստություն եւ խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ. Մակունց

Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ լեգիտիմ ձեւավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ եւ գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։ Այս մասին Ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հիմա մի քանի դրույթով անդրադառնամ Ալիևի դիտարկումներին։

- Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։
- Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու և բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչև ամբողջությամբ չհամընկնող և հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը և ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ և հանդես ենք գալիս միասնական ճակատով։
- Սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիևը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը վստահ եմ չի վրիպում Ադրբեջանում Ալիևին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունից։ Այս քայլով Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը։

Փաստացի, Ալիևի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն և խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել