«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը
21:00 - 29 հունիսի, 2020

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը

 «Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ:» 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, 2013թ․

Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։

Infocom-ը որոշեց անդրադառնալ վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին, դատական համակարգում եղած ապօրինություններին, այն դատավորներին, որոնք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել իրենց կայացրած ապօրինի ակտերի համար՝ չնայած առկա հիմքերին։

Դատական համակարգի նկատմամբ անվստահություն կար դեռեւս 2018 թվականի իրադարձություններից առաջ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական եւ սնանկության դատարանները:

Տարիներ շարունակ, սակայն, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրավապաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ ենթարկվում են օրվա գործադիր իշխանությանը։ Սրա վերաբերյալ մամուլի հրապարակումները բազմաթիվ են։

Սակայն միայն մամուլի հրապարակումները չեն, որ վկայում են դատական համակարգի անկատարության մասին։

Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։

Այստեղ Անդրեասյանը ներկայացրել էր դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները,  շրջանառվող գումարի չափերն ու տրման ձեւերը: Սակայն, բացի սրանից, զեկույցում նշվել էին նաեւ դատավորների անուններ, որոնց նկատմամբ նախկին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը երկակի ստանդարտներով իրարարմերժ որոշումներ էր կայացրել՝ որոշ դեպքերում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվելով՝ չհիմնավորված պատճառաբանությամբ։

Կոռուպցիոն մեխանիզմներ

ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա հետեւյալ 4 կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը:

  1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կայացրած վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
  2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կայացրած վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ: Կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
  3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որեւէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկում եւ հրանգավորում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամը:
  4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը, Վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը եւ փոփոխմանը: Այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում եւ իր խնդիրը «կարգավորում» է միայն Վճռաբեկ դատարանում:

ՄԻՊ զեկույցում ասված է, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը։ Նշված է, որ Արդարադատության խորհուրդն է հանդիսացել այն լծակը, որի միջոցով Վճռաբեկ դատարանը դատավորների նկատմամբ իրականացրել է ուղղակի եւ անուղղակի ճնշումներ:

Արդարադատության խորհուրդը (ԱԽ-ին այժմ փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը,- հեղ․), ըստ էության, այն մարմինն էր, որը նշանակում կամ ազատում էր դատավորներին, խրախուսում կամ պատասխանատվության էր ենթարկում նրանց, իջեցնում կամ բարձրացնում դատավորների պաշտոնը: Արդարադատության խորհուրդը կազմված էր 13 անդամներից, որից 9-ը դատավորներ էին, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում էր Վճռաբեկ դատարանի նախագահը։ Արդարադատության խորհրդի՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը այդ ժամանակ, ըստ ՄԻՊ զեկույցի, «ամենարդյունավետ» լծակն էր դատավորներին կախյալ եւ ճնշված վիճակում պահելու համար: Այս մասին են վկայում փաստաբանների, դատախազների եւ դատավորների շրջանում իրականացված ՄԻՊ-ի հարցումները, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրությունը՝ ըստ որի Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում էր կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով։ 

Քանի որ հիշյալ զեկույցը բավականին լայնածավալ եւ բազմաշերտ է, փորձենք 2018 թվականից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները պարզել երկու ուղղությամբ․ հասկանալ՝ ովքե՞ր են զեկույցում նշված այն դատավորները, որոնք, այսպես ասած, արտոնյալ կարգավիճակ են ունեցել՝ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի որոշումների առումով ու դեռ շարունակում են մնալ համակարգում, եւ երկրորդը՝ արդյոք 2018 թվականից հետո այս զեկույցը իրավապահների ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ։

Այժմ ներկայացնենք այն «արտոնյալ դատավորների» ցանկը, որոնց նկատմամբ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարանել է կարգապահական վարույթ հարուցել։ Ցանկում ընդգրկված են այն դատավորները, որոնք մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հաղորդման հիման վրա 2013թ. հուլիսին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հրաժարվել է վարույթ հարուցել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի նկատմամբ՝ քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու եւ դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության արգելքի հղումով: 

Բունիաթյանն այժմ շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ՝ 16.08.2012թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ նույն այն պատճառաբանությամբ, ինչ դատավոր Ռուբեն Բունիաթյանի դեպքում։

Ներսիսյանն այժմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Նրա կայացրած խնդրահարույց դատական ակտերի վերաբերյալ հրապարակումները քիչ չեն։ Միայն հիշատակենք, որ 2019 թվականին նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, խախտվել էին վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: 2019 թվականի դեկտեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, բավարարել է Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը․ Ներսիսյանին հայտարարվել է նկատողություն։

Թիվ ԵԿԴ/3012/02/11 եւ ԵԿԴ/0019/04/12 քաղաքացիական գործերը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու պատճառաբանությամբ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: 

«Յունիբանկ» ՓԲԸ-ի գործով դատավոր Ա. Սուքոյանը վճիռը հրապարակել է 24.05.2012թ., իսկ կողմին վճռի օրինակն ուղարկվել է միայն 14.06.2012թ. եւ ստացվել է 15.06.2012թ., այսինքն՝ վճռի հրապարակումից երեք շաբաթ անց: Այս գործով Սուքոյանի թույլ տված խախտումը նույնական է թիվ ԵՇԴ/0865/02/11 քաղաքացիական գործով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բարսեղյանի թույլ տված խախտման հետ, սակայն, ի հակադրություն վերջինիս, այն հիմք չի հանդիսացել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: 

2013թ. մայիսի 23-ին փաստաբան Հ. Հարությունյանը դիմում է ներկայացրել Արդարադատության խորհուրդ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 3 դատավորներին՝ այդ թվում՝ Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դիմումի ներկայացման համար հիմք է հանդիսացել մեկ վարույթում միացված 2 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմի բոլոր երեք դատավորների կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումների ընդունումը․ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել 11.12.2012թ., առաջին նիստը կայացել է 23.01.2013թ., ինքնաբացարկի որոշումները կայացվել են 2013 թվականի ապրիլի 8-ին: Կարգապահական վարույթ, սակայն, դարձյալ չի հարուցվել։

Տավարացյանն այժմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է: Տավարացյանի կայացրած՝ ակնհայտ ապօրինի ակտերից մեկին կարող եք ծանոթանալ Հետք լրատվականի ծավալուն եւ փաստական հոդվածում։ Նշենք նաեւ, որ Տավարացյանն այն դատավորն է, որը «Ա1+» լրատվականի եթերազրկումից հետո առանց հիմնավորման մերժել էր հեռուստընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի:

Վերոհիշյալ գործով դատավորներից մեկն էլ, որի նկատմամբ եւս կարգապահական վարույթ չի հարուցվել՝ չնայած հիմքերին, Ստեփան Միքայելյանն է։ Նա հիմա եւս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է: 

2018 թվականի մայիսին էլ փաստաբան Գեւորգ Գյոզալյանն է դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ դատավոր Միքայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։ Խնդիրն վերաբերվում է նրան, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որպես նախագահող դատավոր վերջինս թույլ էր տվել օրենքի խախտում։ 

Կարգապահական հանձնաժողովը, թեեւ արձանագրել է, որ Միքայելյանի թույլ տված խախտումն ակնհայտ է, սակայն նշել է, որ այն կոպիտ չէ, քանի որ չի կրում պարբերական բնույթ եւ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Հանձնաժողովը որոշել է այս հիմնավորմամբ կարգապահական վարույթ չհարուցել։

Արման Մկրտումյան․ դատական համակարգում անպատժելիության «հայրը»

Ինչպես արձանագրված է զեկույցում՝ որպես կանոն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր իրականացվում, եթե լինում էր դեռ այն ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրավոր կարգադրությունը։ 

Մկրտումյանի դատավորական գործունեությունը արդարադատության տեսանկյունից, մեղմ ասած, այդքան էլ հարուստ չէ, ապօրինությունների վերաբերյալ հրապարակումներն էլ՝ բազմաթիվ։

2013 թվականին, մինչ մեկը մյուսի հետեւից հերքումներ էին պտտվում ՄԻՊ զեկույցի վերաբերյալ, Հրապարակ օրաթերթը հրապարակեց հոդված, որտեղ նշված էր, որ Արման Մկրտումյանի եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, զեկույցը կարդալուց հետո որոշել է մանրամասներ հաղորդել Ա․ Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ պաշտպանը չի սխալվում՝ դատական համակարգն իրոք կոռումպացված է: Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։ 

2016թ. հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռով ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաեւ սեփականության իրավունքի խախտումները՝ արդարացի փոխհատուցման հարցը թողնելով հետագա լուծման:

Յուրի Վարդանյանն ապրել է Երեւան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6քմ մակերեսով հողատարածք: Այն գերակա շահ է ճանաչվել եւ անցել պետությանը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերականգնումը հնարավոր չէ, քանի որ տունը քանդված է, իսկ հողամասն օտարվել է երրորդ անձանց: Ուստի, դատարանը համարել է, որ պետք է տրվի նյութական վնասի հատուցում:

ՄԻԵԴ-ն այս վճռով արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը (ՄԻԵԴ-ի վճռի տեքստում նշված է որպես judge M.) թույլ է տվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը, որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:

Արդեն 2019 թվականի հուլիսի 25-ին ՄԻԵԴ-ն այս գործով Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ կայացրեց․ Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարեր Յուրի Վարդանյանին: Վճիռն աննախադեպ է այնքանով, որ այս մեկ գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներով փոխհատուցման հանրագումարը:

Կառավարությունը, որպես փոխհատուցման գումարի չափ, առաջարկել էր մոտ 893 հազար 916 եվրո, ինչին դեմ է եղել Յուրի Վարդանյանը: Նա ներկայացրել է հաշվարկներ, որոնք մի քանի անգամ գերազանցել են կառավարության առաջարկած փոխհատուցման գումարի չափը:

Փաստորեն, բացի այն, որ Մկրտումյանը խախտել է մարդու արդար դատաքննության իրավունքը, նաեւ պատճառ է հանդիսացել Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի այս աննախադեպ վճռի։

Ինչպես հայտնի է ե՛ւ դատավորների, ե՛ւ հանրության շրջանում, այս դատավորը Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, հետեւաբար՝ նախկինում նրա նկատմամբ նույնիսկ կարգապահական վարույթ չի հարուցվել։ Եւ չնայած նրան, որ, համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 եւ 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք էր դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված էր բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, սակայն վարույթ այդպես էլ չի հարուցվել, Իսկ Մկրտումյանը այդպես էլ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։

2018 թվականին Մկրտումյանը հրաժարական տվեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։ Ըստ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու  դրությամբ ներկայացրած հայտարարագրի՝ Մկրտումյանն ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Մկրտումյանն ունեցել է 185 հզ 790 ԱՄՆ դոլար հանձնած փոխառություններ եւ 43 մլն 970 հզ ՀՀ դրամ դրամական միջոցներ։

Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես Արդարադատության խորհրդի իրավահաջորդ

Ինչպես արդեն նշել ենք՝ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ դատավորների նշանակման եւ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում էր Արդարադատության խորհուրդը։ Այն կազմում եւ նախագահի հաստատմանն էր ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում էին նշանակումները, եզրակացություն էր տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ, առաջարկում էր Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները, դատավորներին ենթարկում էր կարգապահական պատասխանատվության, եւ այլն։ 

2015 թվականի խմբագրության Սահմնանադրությամբ՝ Արդարադատության խորհրդ այլեւս չկա։ Դրան այժմ, ըստ էության, փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ գրեթե նույն լիազորություններով։

Ինչպես կարելի է եզրակացնել նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցից՝ Արդարադատության խորհուրդը երկակի ստանդարտներով է առաջնորդվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Տարիներ շարունակ խորհրդի կազմում եղել են դատավորներ եւ իրավաբան գիտնականներ, որոնք, փաստացի, մաս են կազմել ե՛ւ այն դատական համակարգի, որը շարունակ անարդարացի իրավական ակտեր ու վճիռներ է կայացրել, ե՛ւ այն խորհրդի, որը հենց պետք է բացառեր նման գործելաոճն ու բարձրաձայներ այդպիսի որոշումներ կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին։ 

Վերոնշյալ գործելաոճը որդեգրած կառույցի դատավորների մի մասը ներկայումս շարունակում է պաշտոնավարել դատական համակարգում։ Նրանք են՝ Մնացական Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Մաթեւոսյանը, Նախշուն Տավարացյանը, Սուրեն Անտոնյանը, Սամվել Օհանյանը, Գագիկ Խանդանյանը, Ռուզաննա Բարսեղյանը, Մեսրոպ Մակյանը, Կարինե Բաղդասարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արա Բաբայանը, Արմեն Խաչատրյանը, Մարգարիտա Հարթենյանը, Աղասի Դարբինյանը։ Ի դեպ՝ Գագիկ Խանդանյանի ընտանիքում դատավորի պաշտոն է զբաղեցնում նաեւ նրա որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը։

Այս դատավորները կառույցի գոյության ընթացքում  պարբերաբար ընդգրկվել են խորհրդի կազմում։ Ստացվում է, որ հիշյալ կազմը եւ խորհրդի այլ անդամներ, որոնք այս պահին չեն պաշտոնավարում դատական համակարգում, գործել են երկակի ստանդարտների մեխանիզմով եւ վերոհիշյալ զեկույցում նշված  թերությունների պատասխանատուներն են։

Նշենք, որ Արդարադատության խորհրդի 2006-2018 թվականների կազմում է եղել նաեւ  Գրիգոր Բադիրյանը, որը եղել է նաեւ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականը։ Ըստ «Հետք»-ի 2014 թվականի հրապարակման՝ Գրիգոր Բադիրյանը նաեւ Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության՝ «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերն է հանդիսացել՝ 65% բաժնեմասով։

ԲԴԽ-ի կազմում իրենց գործունեությունն են շարունակել, օրինակ, ԱԽ նախկին անդամներից Նախշուն Տավարացյանը եւ Արմեն Խաչատրյանը։ ԱԽ նախկին անդամներից այսօրվա դրությամբ ԲԴԽ կազմում են Սերգեյ Չիչոյանը եւ Մեսրոպ Մակյանը։

Վճռաբեկ դատարանում սերնդափոխություն չի եղել տարիներ շարունակ

Այսօր Վճռաբեկ դատարանում շարունակում են պաշտոնավարել այն դատավորները, որոնց, ըստ էության, ինչ-որ առումով վերաբերելի է ՄԻՊ-ի զեկույցը։

Այդ դատավորների մեծամասնությունը դատարանում է դեռեւս 2000-ականներից։ Ներկայացնենք նրանց անուններն ու պաշտոնավարման տարեթվերը։

Վճռաբեկ դատարանի նախագահն է Երվանդ Խունդկարյանը։ Նա դատարանում է դեռ 2008 թվականից, այս պաշտոնին է նշանակվել Արման Մկրտումյանի հրաժարականից հետո՝ 2018 թվականին։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ

Ռուզաննա Սուրիկի Հակոբյան․ դատարանում է 2008 թվականից։
Գոռ Գագիկի Հակոբյան․ դատարանում է 2010 թվականից։
Նախշուն Գեւորգի Տավարացյան․ դատարանում է 2015 թվականից։
Վարդան Ավետի Ավանեսյան․ դատարանում է 2009 թվականից։
Ստեփան Կարոյի Միքայելյան․ դատարանում է 2018 թվականից։
Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան․ դատարանում է 2009 թվականից։
Սուրեն Ռաֆիկի Անտոնյան․ դատարանում է եղել 2004-2008թթ․, վերանշանակվել է 2009-ից։
Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան․ դատարանում է 2009 թվականից։
Արտակ Հակոբի Բարսեղյան․ դատարանում է 2009 թվականից։
Էդգար Ռազմիկի Սեդրակյան․ դատարանում է 2018 թվականից։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատ

Լիլիթ Զելիմի Թադեւոսյան․ դատարանում է 2016 թվականից։
Սերժիկ Սերգեյի Ավետիսյան․ դատարանում է 2012 թվականից։
Համլետ Նորայրի Ասատրյան․ դատարանում է եղել 2003-2008թթ․, վերանշանակվել է 2009 թվականին։
Արթուր Վլադիմիրի Պողոսյան․ դատարանում է 2009 թվականից։
Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան․ դատարանում է 2009 թվականից։
Սամվել Վլադիմիրի Օհանյան․ դատարանում է 2000 թվականից։

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել

Այն, որ Կարեն Անդրեասյանի զեկույցը նախկին իշխանության օրոք քննարկվեց միայն դրա վերաբերյալ հերքումների ու խիստ քննադատությունների կոնտեքստում, հասկանալի էր․ ի վերջո մի ողջ համակարգի կոռումպացվածության վերաբերյալ աղաղակող այդ հայտարարության հետ լռելյայն համաձայնելը ՀՀԿ-ի համար հեշտ չէր լինի։ 

Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ ՄԻՊ արտահերթ զեկույցում տեղ գտած տվյալների վերաբերյալ ոչ միայն 2013-2018թթ․, այլեւ ընդհանրապես նյութեր չեն նախապատրաստվել ու քրեական գործեր չեն հարուցվել։

Այնինչ, զեկույցը հիմնված է փաստերի վրա։ Դրա մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ եւ այլ փորձագետներ: Պաշտպանը երաշխավորել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը:

Զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքներ, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013թթ.), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013թթ.), 200 վճռաբեկ բողոքներ եւ դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներ (2007-2013թթ), փաստաբանների տրամադրած շուրջ 35 դատական գործեր: 

Հայաստանում տեղի ունենցած փոփոխություններից հետո, երբ սկսեց խոսվել դատաիրավական համակարգի խորքային բարեփոխման մասին, այս զեկույցում ներկայացված տվյալները դարձյալ քննարկման առարկա դարձան։ Կարեն Անդրեասյանն այս շրջանում՝ մոտ մեկ տարի առաջ, իր հարցազրույցներից մեկում, ի պատասխան լրագրողի հարցի՝ ի վերջո հիմա կարո՞ղ է կոնկրետ անուններ հնչեցնել, ասել է, որ զեկույցը բոլոր դատավորներին չէր վերաբերում, բայց կաշառքի մասով անուններ ասել չի կարող, որովհետեւ այդ տեղեկություններն իրեն վստահել են որպես պաշտպան․

«Իմ զեկույցում բազմաթիվ անուններ կան, բայց ոչ թե հենց կաշառքի հետ կապված, այլ թե ինչպես դատավորները չէին ենթարկվում կարգապահական պատասխանատվության, դատավորները մի գործում անում էին մի վճիռ, նույն տեսակի այլ գործում՝ այլ, այսինքն՝ դատական կամայականություններ էին ցույց տալիս։ Հերիք է՝ վեթինգի հանձնաժողովը վերցնի, նայի այդ զեկույցը, այդտեղ նվազագույնը տասնյակ անուններ կան, եւ հենց այդ զեկույցով նույնպես կարելի է զտել դատական համակարգը։ Այն ժամանակ, ցավոք, 2-3-րդ էջից այն կողմ չանցան, բայց տասներորդ էջից հետո տասնյակ դատավորների անուններ կան»,- շեշտել էր պաշտպանը։

Այդ նույն շրջանում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ եթե կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ունեն փաստեր որեւէ դատավորի կողմից երբեւէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի եւ վերաբերմունքի, պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակեն։

Լրագրողը պաշտպանից հետաքրքրվել էր՝ թեկուզ ոչ հրապարակային, բայց այդ անունները կհայտնի՞։ Անդրեասյանը պատասխանել էր, որ քանի դեռ հստակ հանձնաժողով, չափորոշիչներ չկան, չի կարող որեւէ մեկին հայտնել, եւ կարծիք էր հայտնել, որ շատերը չեն հայտնի, մինչեւ վստահ չլինեն, որ դա ապահով կլինի իրենց աղբյուրների համար․

«Սա շատ զգայուն թեմա է, եւ պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ այդ տեղեկությունները հայտնել։ Հավատացեք, եթե ճիշտ մարմին ձեւավորվի, հարյուրավոր բողոքավորներ հանգիստ կներկայացնեն իրենց ապացույցներն ու փաստերը»,- ասել էր Անդրեասյանը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ 2018 թվականի իրադարձություններից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում անտեսել է նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցը, որը, ըստ էության, հանցագործությունների մասին հաղորդում էր։ Միաժամանակ, զեկույցի գլխավոր դերակատարներ հանդիսացող դատավորներից որոշներն այսօր էլ համակարգում են, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նախկինում կայացրած իր խնդրահարույց, որոշ դեպքերում՝ ապօրինի որոշումների ու վճիռների համար։

Ստորեւ ներկայացնում ենք հիշատակված դատավորների ներկայացրած առաջին ու վերջին հայտարարագրերի տվյալները, եւ որպեսզի դրանք համեմատելի լինեն իրենց ստացած աշխատավարձերի հետ, ներկայացնում ենք նաեւ դատավորների ամսական աշխատավարձերի փոփոխությունները՝ 2011 թվականից առ այսօր։

Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի նշված չափերը ներառում են նաև եկամտային հարկը, ինչպես նաեւ այն, որ ամսական այսքան եկամուտ ստանալիս յուրաքանչյուր դատավոր նաեւ ունեցել է եւ/կամ ունի ծախսեր։ Միաժամանակ նշենք, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորներ պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այդ շրջանում գործող Դատական օրենսգրքով։ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն և մինչ այժմ փոփոխության չեն ենթարկվել։
 
 
 
Հայարփի Բաղդասարյան, Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել