Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|
12:31 - 25 հունիսի, 2020

Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց մրցույթով օտարել պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը։

Հարցը զեկուցվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը նախատեսվում է օտարել մրցույթով գույքի նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  1 մլրդ 333 մլն 763 հազար դրամ։

«Սա ըստ էության մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է։ Որովհետեւ 3-րդ ուղղությունը՝ այսպես ասած ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է։ Ընդ որում՝ ծրագրով, որպեսզի այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու, նախապես հայտնի ներդրումներ, Կառավարության հավանությանն արժանացած ներդրումներ։ Եվ սրանով մենք նպատակ ունենք խթանել ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում խոսքը՝ Նորքի այգիներ կոչվող տարածքի մասին է»,- ասաց վարչապետը։

Օտարման առաջարկվող գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին։ Գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ եւ հողամաս ու փաստացի որեւէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։

Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 197 մլն 996 հազար 841 դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել