Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում
22:00 - 24 հունիսի, 2020

Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը:

Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է առողջապահության նախարարությանը:

Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել