Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի հետ զրուցել ենք համայնքների խոշորացումից առաջ անցկացվող տեղական հանրաքվեների և խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեմայով։


- 2015թ․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն (ՀՔԱՎ) ահազանգում էր օրենսդրական անհամապատասխանության մասին․ այդ ժամանակ գործող Սահմանադրության 107-րդ հոդվածով սահմանվում  էր, որ համայնքի անդամները կարող են համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծել, իսկ 110-րդ հոդվածով համայնքների խոշորացման ժամանակ իրականացվող տեղական հանրաքվեներին տրվում էր խորհրդատվական բնույթ։ Այսինքն՝ այդ հանրաքվեների արդյունքները պետք է պարտադիր կատարման ո՞ւժ ունենային։

- Վիճելի հարց է՝ բոլոր հանրաքվեներին պե՞տք է պարտադիր ուժ տալ, թե՞ ոչ։ Թերևս կարելի է ընդլայնել տեղական հանրաքվեով լուծելիք հարցերի շրջանակը, որը շատ սահմանափակ է։ Փաստացի, համայնքային նշանակության ամենակարևոր հարցերում համայնքը հնարավորություն չունի ինչ-որ բան ասելու, իսկ տեղական հանրաքվեներն ավելի շատ խորհրդատվական բնույթ ունեն, համարյա ձևական մասնակցություն են ապահովում, չնայած իրենց գործառույթը պետք է լինի շատ ավելի էական։ 

Այս տեսանկյունից հիմա կարևոր է, որ թեև օրենքը չի պարտադրում, բայց ասում են՝ խոշորացման գործընթացում կարևոր կլինի համայնքի բնակիչների կարծիքը։

- Հնարավոր համարո՞ւմ եք այն սցենարը, որ այդ հանրաքվեների արդյունքներին պարտադիր կատարման ուժ տրվի։

- Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ այդպես ասելը, բայց հաշվի առնելով նախկին փորձը՝ վստահ չեմ, որ իրականում համայնքի բնակիչներն իրոք հնարավորություն են ունենում ամբողջությամբ գնահատելու բոլոր կողմ և դեմ փաստարկները։

- Ոչ բավարար տեղեկացված լինելու պատճառո՞վ։

- Այո՛։ Համայնքի ղեկավարն ուղղակի չի ցանկանում, որ այդ համայնքը միանա այլ համայնքի, որովհետև ոչ թե ինքն է լինելու համայնքի ղեկավարը, այլ մեկ ուրիշը, կամ տարբեր այլ պատճառներով, որոնք և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ, բայց չեն արտացոլում այն, թե ինչի համար է համայնքը միանում։ Վերջնական արդյունքն արդյոք համայնքների համար դրակա՞ն կլինի, թե ոչ՝ չի երևում անձնական ամբիցիաների պայքարի մեջ։ 

Եթե համայնքի բնակիչները, ուղղակի աջակցելով իրենց համայնքի ղեկավարին, շարունակում են նույն պնդումները՝ դարձնելով դա նաև իրենց խնդիրը, այս դեպքում ստացվում է, որ փաստացի հրաժարվում են ավելի լավի հնարավորությունից՝ հարմարվելով այն իրավիճակին, որում իրենք են։ Ասել, որ պետք է պարտադիր լինի, ես չէի ուզենա։ Կուզենայի, որ ավելի շատ ընդհանուր հանրային իրազեկվածություն լիներ։ 

Եթե համոզված լինեինք, որ համայնքի ղեկավարները բարեխիղճ կատարում են իրենց պարտականությունները, ու համայնքը կառավարումից հնարավորինս ստանում է այն օգուտը, որը կարող էր ստանալ, այս դեպքում կասեինք, որ համայնքի կառավարման ձևը, շրջանակը փոխել պետք չէ։ Բայս ես հիշում եմ, որ կային շատ քաղաքական խաղեր․ դպրոցի տնօրենի կուսակցություն փոխելը, որ անպայման հենց այդ համայնքը դառնա շրջկենտրոն և այլն։ Այսինքն՝ տարբեր տեսակի մախինացիաներ, որոնք իրականում հուշում էին, որ անվստահությունն ամբողջական պրոցեսին փաստացի բերում է նրան, որ տեղական առանձին պաշտոնյաներ ամեն կերպ փորձում են հենց իրենց ապահովագրել, և համայնքի օգուտն այս դեպքում, բնականաբար, դառնում է երկրորդական։

- 2015-ի տեղական հանրաքվեների ժամանակ ՀՔԱՎ-ն արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր, ավագանու անդամն էր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվել։ Փաստորեն, այդ հանրաքվեներն ուղեցկվում էին ընտրախախտումներո՞վ։

- 2018-ից առաջ բոլոր ընտրություններն ուղեկցվել են խախտումներով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ․ ասում են, որ բացառություն էր 1991 թվականը։ 

2015-ին մենք այդ խնդիրը տեսանք, որ ավագանու անդամներն էին հանձնաժողովական, և այն ժամանակ օրենքն արգելում էր դա։ Իրենց բերած փաստարկն այն էր, որ կոմպետենտ մարդիկ են համայնքներում, ու նրանց ստիպված են ներգրավել։ Երբ խնդիրը բարձրաձայնեցինք, օրինական դարձրին դա․ 2016-ին ընդունված Ընտրական օրենսգիրքն արդեն սահմանեց, որ ավագանու անդամները կարող են լինել հանձնաժողովի կազմում։

Հարցը միայն ֆորմալ խնդիրը չէր։ Փաստացի, եթե տեղական ինքնակառավարման մարմիններն ուղղակիորեն ներգրավված են ընտրական պրոցեսներում, բնականաբար, մարդիկ ընկալում են, որ կառավարությունը բերել է ինչ-որ բան, որն իրենք պետք է անեն։ Իսկ եթե տեղական ինքնակառավարման մարմինն է դա բերել, եթե ավագանու անդամներն են նստած հանձնաժողովում, բնականաբար, պետք է անել։

Գյուղական համայնքներում դպրոցի տնօրենը կամ մարդիկ, որոնք որոշակի իշխանություն ունեն համայնքի նկատմամբ, փաստացի վերահսկում են ընտրությունները՝ անկախ նրանից՝ իրենք ակտիվորեն ինչ-որ բան անո՞ւմ են դրա համար, թե՞ ուղղակի իրենց ներկայությունն արդեն իսկ պարտադրում է ինչ-որ մի վարքագիծ, որը պետք է լինի պրո-իշխանական։ 

- Այդ վտանգը հիմա՞ էլ կա։ Օրինակ, ինչ-որ համայնքապետ չի ուզենա, որ իր համայնքը խոշորացվի, համայնքի բնակիչներին կդրդի նախաձեռնել տեղական հանրաքվե և խոշորացմանը «ոչ» ասել։ 

- Հետաքրքիր է, հնարավոր կլինի՞, որ արդեն միացված համայնքներում նորից փորձեն հանրաքվե իրականացնել և բաժանում անել։ Եթե շատ ամբիցիոզ լինեինք, ես կուզենայի, որ վերանայվեին արդեն խոշորացված համայնքները, կամ գոնե ուղղակի հնարավորություն տային վերանայելու, որովհետև կան շատ նեղ կուսակցական շահերով ձևավորված համայնքներ, որտեղ համայնքապետերը կամ տարբեր մարդիկ իրենց շահերի հիման վրա կարողացել են ապահովել միավորումը, և բնակիչների մոտ անարդարության զգացումը, բնականաբար, գալիս է նաև այդտեղից։ 

Եթե հասկանալի լիներ իրենց համար, թե ինչու են իրենց համայնքները միավորվում այս կազմով, ինչու է հենց այս համայնքը կենտրոն համարվում, բնականաբար, շատ ավելի լավ կլիներ՝ այս անցումը կատարելու համար, հասկանալու համար, որ իրենք արդեն մի համայնք են։ 

Այստեղ շատ ավելի կարևոր կլիներ ընտրական համակարգի վերանայումը, որն այդ համայնքներին հնարավորություն կտար ներկայացված լինել և չմտածել, որ իրենց ներկայացվածությունը ավելի նվազ է կամ ոչ նպաստավոր է իրենց համար նոր կարգերի պատճառով։

- Մի քանի օր առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջարկվում է 4000 և ավելի բնակիչ ունեցող և բազմաբնակավայր համայքներում ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։ Բազմաբնակավայր համայնքների ավագանու կազմում բոլոր բնակավայրերի ներգրավվածությունն այս դեպքում ինչպե՞ս է ապահովվելու։

- Նախագծի վերաբերյալ մենք մի քանի հայտարարություն ենք արել, որովհետև, մեր կարծիքով, այն շատ թերի է։ Նախագծի հիմնավորման մեջ նշված են նպատակներ, որոնք նախագիծը հետապնդում է, օրինակ՝ ապահովել, որ վերջապես փոխվեն համայնքի ղեկավարները, որոնք 90-ականներից ղեկավարում են, ապահովել, որ համայնքները ներկայացված լինեն, լսելի լինեն, խոշորացված համայնքներն ունենան ավելի ներկայացուցչական ավագանի, լինի քաղաքական պատասխանատվություն։ Այս ամբողջ փնջից քիչ թե շատ մոտը քաղաքական պատասխանատվության մասն է, բայց համայնքների ներկայացվածության և համայնքի ղեկավարներին չվերընտրելու համար մեխանիզմներ չկան։ 

Եթե մենք խոսում ենք ազատ-արդար ընտրությունների մասին, միայն «Իմ քայլը», որն այս դեպքում ներկայացնում է նախագիծը, կարող է իր համար երաշխավորել, որ ինքը գործող համայնքապետին, որը խնդիրներ ունի օրենքի, լեգիտիմության հետ, չի ներգրավի որպես իր թեկնածու։ Բայց այդ օրենքում համայնքի գործող ղեկավարին ոչինչ չի արգելում իր ներկայիս թիմով առաջադրվել այլ կուսակցության անունից։ Մենք այս մասով առաջարկում էինք նայել ժամկետների սահմանափակման հնարավորությունները։ Իհարկե, դա հետադարձ ուժ չունի, ապագայի համար կլիներ, բայց ամեն դեպքում լավ սկզբունք կլիներ։

Միաժամանակ առաջարկում էինք, որ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգը չգործեր 4000-ից քիչ բնակիչ ունեցող համայնքներում, որովհետև մենք ունենք 660 ընտրող ունեցող համայնք, և այդ համայնքից ակնկալել, որ առաջադրվելու են մեկ կամ ավելի կուսակցություններ՝ 15 հոգանոց ցուցակներով, շատ անիրատեսական է ու շատ պարտադրող։

- Այսինքն՝ եթե նույնիսկ համայնքը բազմաբնակավայր է, բայց ունի 4000-ից պակաս բնակիչ, այնտեղ ավագանու ընտրություններն անցկացվեին մեծամասնական ընտրակարգո՞վ։

- Այո՛։ Եթե 600 հոգանոց համայնք է, 100 հոգանոց փոքր գյուղերի միավորում է, այնտեղ թեկուզ կարելի էր ընտրությունները կատարել տարբեր ձևերով, ասենք՝ ամեն համայնք իր ավագանին ընտրեր, որոնք միավորվեին մի տեղ։ Տարբեր ձևեր կարելի էր մտածել, բայց ոչ համամասնական ընտրակարգը, որովհետև նախատեսված համամասնական ընտրակարգը շատ պարզ է, ոչ մի քվոտա չի նախատեսում։

Մեր առաջարկների մեջ էր նաև քվոտավորումը։ Նախատեսել էինք, որ ամեն կուսակցություն կարող է առաջադրել առնվազն ցուցակի մեկ երրորդի չափով թեկնածուներ։ Ակնկալել, որ 600 հոգանոց համայնքում մի քանի կուսակցություն պետք է կարողանա բերել 15 հոգանոց ցուցակներ ուղղակի գրանցման համար, իրատեսական չէ։ Եթե տվյալ համայնքում ավագանու թիվը 15 է, և մենք թույլատրում ենք, որ կուսակցությունը կարող է գրանցվել 5 թեկնածուով, ու միջակայքը սահմանել 5-ից մինչև 45, փաստացի չենք արգելում նրա մասնակցությունը, որովհետև չի կարողացել այդքան մարդ ներկայացնել։

Մենք առաջարկում էինք, որ կուսակցություններն իրենց ցուցակներում կարողանան ներկայացնել ավելի քիչ թեկնածուներ և պարտավորվեն իրենց ցուցակում ներկայացնել համայնքների (խոշորացված համայնքներում ընդգրկված նախկին համայնքներ- խմբ․) առնվազն 50 տոկոսը։ Պատկերացրեք՝ 10 համայնք է միավորվել մի տեղում։ Եթե մենք ասեինք՝ բոլոր համայնքներից պետք է լինեն թեկնածուներ, էլի կստացվեր՝ կուսակցությանը զրկում ենք մասնակցելու հնարավորությունից։ Բայց եթե ասում ենք՝ առնվազն 50 տոկոս, կա որոշակի շանս, որ տարբեր կուսակցությունների ցուցակների  50 տոկոսները  արդյունքում կապահովեն բոլոր համայնքների ներկայացվածությունը որոշակի համամասնությամբ։ 

- Ձեր առաջարկում կայի՞ն մեխանիզմներ, որոնցով բնակավայրերից ընդգրկված մարդիկ ցուցակների առաջին համարներում լինեին, որ եթե կուսակցությունը ստանար մանդատներ, այդ մարդիկ ներկայացված լինեին ավագանու կազմում։

- Նախատեսել էինք մեխանիզմ, թե առաջին հնգյակի մեջ ինչպես պետք է բաժանվի։ Նաև նախատեսել էինք, որ եթե տվյալ համայնքի բնակիչն է ինքնաբացարկ հայտնում, ապա ավագանու կազմում ներգրավվում է նույն համայնքի մեկ այլ բնակիչ։ Կար նաև համայնքի ղեկավարի ուղիղ ընտրության առաջարկություն, ինչը դեռ երկար պետք է քննարկվի։

- Բազմաբնակավայր համայնքների համար ո՞րն ավելի ձեռնտու կլինի, որ նրանք ընտրեն ավագանի, ավագանին իր կազմից՝ համայնքապետի՞, թե՞ ավագանուն ընտրեն համամասնական ընտրակարգով, իսկ համայնքապետին՝ ուղիղ, մեծամասնական ընտրակարգով։

- Համայնքի ղեկավարին ուղիղ, մեծամասնականով ընտրելը շատ ավելի լավ կլիներ, որովհետև այստեղ մի քանի հարցեր կան․ նախ, եթե ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, փաստացի ստացվում է, որ նա հետևում է համայնքի ղեկավարին․ համայնքի ղեկավարը ընտրվում է, և նրա ստացած ձայների շնորհիվ ընտրվում են մնացածը։ Զուտ այս սկզբունքը խանգարում է, որ ավագանին ինքն իրեն ընկալի վերահսկող մարմին։

Եթե ընտրության մեխանիզմն առանձին-առանձին լիներ, համայնքի ղեկավարն ընտրվեր առանձին, ավագանին՝ առանձին, այդ դեպքում իրենք կարող էին իրար բալանսավորել, ու համայնքի ավագանին լիարժեքորեն կարող էր ասել, որ ինքն իրենով ընտրված միավոր է և իրավասություն ունի համայնքի ղեկավարի նկատմամբ։ 

- Այս դեպքում խնդիր չի՞ առաջանա, որ խոշորացված համայնքում միշտ համայնքապետ կընտրվի այն թեկնածուն, որն ամենաշատ բնակիչ ունեցող բնակավայրն է ներկայացնում։ 

- Եթե այդպես նայենք, կստացվի, որ երբ ամենաշատ բնակիչներ ունեցող համայնքն ամեն դեպքում որոշի ինչ-որ մի կուսակցության ընտրել, այդ կուսակցությունը կընտրվի, նրա առաջին համարը կունենա ամենաշատ ձայները, և կստացվի, որ ամենամեծ համայնքի ներկայացուցիչն է։ 

- ՀՔԱՎ-ն այդ օրենսդրական նախաձեռնության մի խնդրի մասին էլ էր բարձրաձայնել։ Օրենքի անցումային դրույթներում ասվում է, որ եթե համայնքում ընտրություններն անցնում են համամասնական ընտրակարգով, և մինչև հաջորդ ընտրությունները բնակչության թիվը սահմանվածից պակասում է, ընտրակարգը չի փոխվում։ Բայց ոչինչ նշված չէ այն դեպքերի համար, երբ բազմաբնակավայր համայնքից մեկ կամ մի քանի բնակավայր դուրս են գալիս մինչև հաջորդ ընտրություններ։ Այս հարցը բա՞ց մնաց օրենքում։

- Այդ մասով պատասխանեցին, որ վարչատարածքային միավորների տրամաբանությամբ ստացվում է, որ եթե մի համայնքը դուրս եկավ, մնացածները դառնում են նոր համայնք, դիտվում են նորովի։ Փաստացի կստացվի, որ այդ պահին նոր համայնք է ձևավորվում։

- Հայաստանում կան խոշորացված համայնքներ, որտեղ, օրինակ, երեք բնակավայր է միավորված։ Եթե մեկը դուրս եկավ, մնաց փոքր թվով բնակիչներ ունեցող երկու բնակավայր, ընտրություններն այնտեղ էլի՞ համամասնական ընտրակարգով կանցկացվեն։

- Այդ երկու համայնքը միասին նոր համայնք են, բնակիչների թիվը 4000-ից ցածր է, սակայն էլի կմնա համամասնական, բայց այն փոքր համայնքում, որ դուրս եկավ, ընտրակարգը կդառնա մեծամասնական։ 

Եթե մեր մյուս առաջարկն ընդունվեր, որ բազմաբնակավայր համայնքներում համամասնական ընտրակարգ չլիներ, եթե բնակիչները 4000-ից քիչ էին, իմաստ կունենար այս առումով։ Բայց քանի որ նրանք շարունակում են մնալ բազմաբնակավայր, շարունակում են ունենալ համամասնական ընտրակարգ։ 

Աննա Սահակյան