Մայիսին խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետո Հայաստանում վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան
17:36 - 23 հունիսի, 2020

Մայիսին խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետո Հայաստանում վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմը մայիսին հանելուց հետո վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․

«Հիմա ես ուղիղ եթեր եմ մտել մի կարևոր տեղեկություն ձեզ հետ կիսելու համար, ուրեմն հիշում եք, որ մարտ ամսից մենք կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք  և ապրիլ ամիսը ըստ  էության, ամբողջությամբ անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ։ Ամենակարևոր պրոբլեմը, որ մենք այդ ընթացքում ունեցանք կապված էր մեր տնտեսության հետ։ Մենք այդ ընթացքում տեսնում էինք, որ մեր տնտեսությունը արագ տեմպերով գահավիժում է և ապրիլին արձանագրեցինք, որ Հայաստանում փակվել է 71․471 աշխատատեղ։ Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով մենք եկանք այն եզրակացության, այսինքն վերջանականպես  համոզվեցինք, որ մենք պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահետ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե  տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում։

Մենք որոշեցինք գնալ ահա այսպիսի ճանապարհով, որպեսզի թույլ չտանք տնտեսության փլուզում, բայց ես հիմա եթեր եմ մտել, որպեսզի ասեմ, որ մեր այս մոտեցումն արդեն հիմնավորում է իր ճշմարտությունը։

Ամեն ամսվա 20-ին  նախորդ ամսվա հարկային եկամուտները ներկայացվում է ՊԵԿ։ Այսօր առավոտվանից մենք աշխատում ենք մայիս ամսվա տվյալների վրա, և մեծ ուրախույթամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոկդաունի քաղաքականությունը չշարունակել՝ 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է։ Ընդ որում, ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին, որովհետև  մեր վիճակագրության մեջ կան աշխատատեղեր, երբ մարդը դեյուրե աշխատում է, բայց աշխատավարձ չի ստանում, այսինքն  զրոյական հաշվետվություն են ներկայացնում։ Հետևաբար, հիմա շատ կարևոր է արձանագրել, որ մայիսին 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է։ 

Աշխատատեղերի վերականգնման  պրոցեսը շարունակվում է և սա թերևս, վերջին շրջանի ամենակարևոր լուրն է , բայց, իհարկե սա չի նշանակում, որ մենք այդ տնտեսական բարդությունը հաղթահարել ենք, դա նշանակում է, որ մենք վերականգնման պրոցես ենք սկսել։ Վերականգնման պրոցեսը պետք է շարունակենք, որպեսզի կարողանանք նոր ցուցանիշների հասնել։ Այսօրվա իմ ուղերձի ամենակարևոր հատվածը ի՞նչն է։ Երբ մենք դեռ բրիֆինգներն անում էինք վարչապետի կեցավայրից, այն ժամանակ էլ ես նշեցի, որ մենք քայլում ենք  և քայլելու ենք դժոխքի միջով, նկատի ունեի այն, որ մենք ամեն օր ունենում ենք կորոնավիրուսից մահվան դեպքեր։ 

Այսօրվա  տնտեսական ցուցանիշները  անկեղծ ասած, իրենց լավատեսությամբ ինձ համար  շատ անսպասելի են։ Այս ցուցանիշները չեն կարող կասկածելի համարվել, մի պարզ պատճառով, որ  այն ձևավորվում է գործատուների կողմից ներկայացրած հաշվետվությունների արդյունքում։ Իրենք ասում են, որ այսքան  աշխատավարձ ենք հաշվարկել և դրա դիմաց իրենք հարկ են վճարում, այսինքն  իրենք ինչքան շատ գրեն այս թիվը, այնքան շատ հարկ են վճարելու։ Հետևաբար, գործատուն որևէ շահագրգռություն չունի եղածից ավելի շատ վճարելու և գրելու, սա այն դեպքը չէ, երբ վիճակագրությունը ձևավորվում է պետական մարմինների կողմից։ Այս դեպքում վիճակագրությունը ձևավորվում է բիզնեսի և գործատուների կողմից։ Սա ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ  մենք պետք է անենք մաքսիմալը, որպեսզի լոքդաունի վերադառնալու անհրաժեշտությունից խոսափենք։ Այո՛, դրա միջոցով առողջպահական առումով մենք թվերի նվազում ունենում ենք, բայց տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս լինի, որ մենք չկարողանանք  տասնամյակով նույնիսկ վերականգնել։

Ուզում եմ կրկին վերադառնալ այդ հարցին, որ մենք  պետք է ամեն ինչ անենք լոքդաունի քաղաքականությանը չվերադառնալու համար,  դրա համար պետք է անել մեկ բան՝ պահպանենք հակահամաճարակային կանոնները։ Մայիսի  տվյալները լավատեսություն են տալիս, որ մենք արագ կունենանք վերականգնում։ ՊԵԿ մյուս տվյալները ցույց են տալիս, որ առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերականգնվում ենք, մենք պարտավոր ենք միասին պահել այս տնտեսական տեմպը։ Սկզբից հետ բերենք կորցրածը, ապա նոր տրամաբանություն մշակենք։

Հակահամաճարակային կանոնների պահպանման ցուցանիշները  կարծես թե հիմա լավացել են , բայց էլի մեր հակահամաճարակային իրավիճակը մնում է լարված։ Եթե , Աստված չանի մեր թվերը ավելի մեծանան, միգուցե մենք կորցնենք ավելի շատ աշխատատեղեր այս պարագայում գուցե վերականգնումը կա՛մ արագ չլինի, կա՛մ հնարավոր չլինի։ Իմ կոչն է պահել հակահամաճարակային կանոնները։ Շատ խնդրում եմ՝ կրեք դիմակ, պահեք  սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը։  Զինվենք լավատեսույթամբ, բայց այդ լավատեսությունը կյանքի կոչելու համար յուրաքանչյուրս անելիք ունի։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դո՛ւ ես։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել