Մինչև մայիսի 28-ը ԱԱՏՄ-ն չի ունեցել հաստատված ստուգաթերթեր և հետևաբար՝ ստուգումներ իրականացնելու իրավասություն. Ալվարդ Արշակյան
22:02 - 27 հունիսի, 2020

Մինչև մայիսի 28-ը ԱԱՏՄ-ն չի ունեցել հաստատված ստուգաթերթեր և հետևաբար՝ ստուգումներ իրականացնելու իրավասություն. Ալվարդ Արշակյան

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատողների իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունների և դրանց մեծացման անհրաժեշտության մասին զրուցել ենք Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Ալվարդ Արշակյանի հետ։

- Մինչ օրենսդրական փոփոխությունները 2021 թվականի հուլիսին ուժի մեջ կմտնեն և ըստ դրա՝ ԱԱՏՄ լիազորությունները կմեծանան, մեկ տարի ժամանակ կա, և այս շրջանում աշխատողների իրավունքների պաշտպանության առումով Տեսչական մարմինը դեռ սահմնանափակված է միայն աշխատողների առողջության ու անվտանգության ապահովման բնագավառներում, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց, հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկում իրականացնելով։ Այժմ հիմնականում ի՞նչ պատճառներով են խոչընդոտներ առաջանում վերահսկողական գործունեություն իրականացնելիս։

- Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես ստուգում իրականացնելու իրավասություն ունեցող կառույց, «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ստուգումները կարող է իրականացնել բացառապես ստուգաթերթերի միջոցով։ Կառավարությունը ստուգաթերթերը հաստատել է այս տարվա ապրիլի 30-ին, այն ուժի մեջ է մտել մայիսի 28-ից, այսինքն՝ մինչև մայիսի 28-ը՝ Տեսչական մարմինը չի ունեցել հաստատված ստուգաթերթեր, և, հետևաբար, ստուգումներ իրականացնելու իրավասություն էլ չի ունեցել։ Այսպիսով՝ ԱԱՏՄ-ն վերահսկողություն իրականացրել է միմիայն վարչական վարույթներ հարուցելու միջոցով։ Ուստի, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ամենամեծ խոչընդոտը եղել է հաստատված ստուգաթերթեր չունենալու հանգամանքը։ Ասեմ ավելին՝ կառավարության որոշմամբ դեռևս միայն Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ անցկացնելու ստուգաթերթերն են հաստատվել։ Այլ ոլորտների համար դրանք դեռ չկան։ 

- Վարչական վարույթների նկատմամբ ի՞նչ հիմնական առավելություններ ունեն ստուգաթերթերը։

- Վարչական վարույթների հարուցման ընթացակարգերը և շրջանակները սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթների մասին» օրենքով։ Վարչական մարմինը, այս դեպքում՝ Տեսչական մարմինը, վարչական վարույթ կարող է հարուցել կա՛մ դիմումի հիմքով, կա՛մ վարչական մարմնի նախաձեռնությամբ։ Դիմումով հարուցելու դեպքում տեսչական մարմինը կարող է վերահոսկողություն իրականացնել, վարչական վարույթի շրջանակներում կարող է ուսումնասիրել, պարզել միայն դիմումի մեջ բարձրացված հարցերը, իսկ այդ հարցերի շրջանակներից դուրս գալու իրավասություն չունի։ Իսկ երբ Տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցում իր նախաձեռնությամբ, այդ դեպքում ևս վարույթի հարուցման համար պետք է հիմք լինի՝ կա՛մ լրատվամիջոցներում առկա տեղեկություններ՝ աշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ, կա՛մ պետական և այլ մարմիններից ստացված ահազանգ։

Ինչ վերաբերում է ստուգումներին՝ դրանք  իրականացվում են ժամանակացույցի համաձայն, որը հաստատվում է յուրաքանչուր տարվա համար՝ մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը։  Ստուգումների ժամանակացույցում առավելապես ներգրավվում են տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք աշխատողների աշխատանքային իրավունքների, տվյալ դեպքում՝ անվտանգության և առողջության պահպանման տեսանկյունից ավելի ռիսկային են։ Այդպիսի տնտեսվարող սուբյեկտների թիվը ժամանակացույցում պետք է կազմի  առնվազն յոթանասուն տոկոս։

Երբ տնտեսվարողներն արդեն ներգրավվում են ստուգումների ժամանակացույցում, այլևս դիմումների, ահազանգերի, տեղեկատվության կարիք չկա, պետք է իրականացվի ստուգում, և պիտի ստուգվեն բոլոր այն հարցերը, որոնց նկատմամբ Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունի։

- Իսկ ինչպե՞ս է ընտրվում, թե տնտեսվարող որ սուբյեկտներն են առավել ռիսկային։

-Կառավարության որոշմամբ հաստատվել է ռիսկայնությունը որոշող չափորոշիչների վերաբերյալ որոշումը, որի հիման վրա հաստատվել են այն չափորոշիչները, որոնցից ելնելով էլ գնահատվում է տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնությունը։

- Այս մեկ ամսվա ընթացքում, երբ ուժի մեջ են մտել ստուգաթերթերը, որևէ ստուգում իրականացվե՞լ է, թե՞ դեռ ոչ։

-Ո՛չ, դեռ որևէ ստուգում չենք իրականացրել։

- Արտակարգ դրության այս օրերին աշխատանքի ոլորտին վերաբերող հիմնականում ի՞նչ ահազանգեր, դիմում-բողոքներ եք ստանում քաղաքացիներից։ Գիտենք, որ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությամբ արտակարգ դրության օրերին մեծացվել են ԱԱՏՄ լիազորությունները, դրա ֆոնին ավելացե՞լ են դիմում-բողոքները։

-Արտակարգ դրության օրերին բազմաթիվ դիմում-բողոքներ ենք ստանում, դրանց զգալի մասը վերաբերում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում չվճարվելուն կամ տնտեսվարողների՝ պարետի որոշումներով սահմանված կանոնները չպահպանելուն։ Այս դեպքերում համապատասխան ընթացք է տրվում՝ ի տարբերություն այն ահազանգերի, դիմում-բողոքների, որոնք աշխատանքային իրավունքի այլ խախտումների են վերաբերում, որոնց նկատմամբ ԱԱՏՄ-ն դեռևս վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի։

Դուք նշեցիք, որ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, այո՛, բայց, թեև այդ փոփոխությունները մայիսի 8-ից արդեն ուժի մեջ են մտած, և ըստ դրանց՝ Տեսչական մարմինը կարող է անդրադառնալ համաճարակի և դրա հետևանքների վերացման վերաբերյալ ստացված դիմում-բողոքներին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության մեջ դեռևս փոփոխություններ չեն կատարվել, իսկ Տեսչականն այդ դիմում-բողոքներին կարող է ընթացք տալ իր կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվելուց հետո միայն։

- Երբ խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում է լինում և դիմում-բողոքներին ընթացք է տրվում, հաջորդիվ ի՞նչ գործողություններ են նախատեսվում։

-Եթե Տեսչական մարմինը ստանում է դիմում-բողոքներ, որոնց նկատմամբ վերահսկողություն իրականացնելն այս պահին գործող կանոնադրության համաձայն մեր լիազորությունների շրջանակում է, դրանց հիման վրա հարուցում ենք վարչական վարույթներ, ինչի ընթացքում ուսումնասիրվում են դիմումով բարձրացված հարցերն ու խնդիրները, և եթե հիմնավորվում է, որ խախտվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ իրավական ակտերի պահանջները, ապա ԱԱՏՄ-ն տալիս է կարգադրագիր՝ այդ խախտումները վերացնելու նպատակով։ Եվ սահմանվում են ժամկետներ, թե ինչքան ժամանակում այդ խախտումները պետք է վերացվեն։ Եթե արձանագրված խախտումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվության միջոցներ են սահմանված, բացի կարգադրագիրը՝ իրավախախտն օրենսգրքով սահմանված կարգով ենթարկվում է նաև պատասխանատվության։

- Թե՛ աշխատողների, թե՛ գործատուների՝ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկվածությունը շարունակում է բավական ցածր մնալ մեր երկրում։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Տեսչական մարմինն այս ուղղությամբ։

- Տեսչական մարմինն օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է՝  ամբողջականության սկզբունքից ելնելով, որը ենթադրում է նաև կանխարգելիչ գործունեություն։ Այն, ըստ «Տեսչական մարմինների մասին» օրենքի, համարվում է Տեսչական մարմնի գործառույթների իրականացման առաջնային միջոց։ Իսկ կանխարգելիչ գործունեությունը գործող իրավական ակտերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ ԱԱՏՄ-ն կանխարգելիչ գործունեության շրջանակում աշխատողների և գործատուների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մինչև արտակարգ դրության սահմանումն իրականացրել է բազմաթիվ սեմինարներ, քննարկումներ, ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տեղադրել է աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ իրազեկող տեղեկություն։ Բնականաբար, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս պահին սեմինարներ չեն կազմակերպվում։ Իրազեկվածության բարձրացմանը նպաստում են նաև Տեսչական մարմնում ստացված դիմում-բողոքների պարզաբանումները, բացի այդ՝ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում նաև մեր թեժ գծի միջոցով, որոնց կրկին տրվում են համապատասխան պարզաբանումներ։

- ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նշել էր, որ թեև դեկտեմբերի 4-ին ընդունվեց ԱԱՏՄ լիազորությունները մեծացնող օրենքը, սակայն, հաշվի առնելով, որ պետք է նախապատրաստական մի շարք աշխատանքներ արվեին՝ Տեսչական մարմնի թվակազմը, գործիքակազմը համալրվեր և այլն, որոշվեց, որ այդ դրույթը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից։ Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այս կես տարվա ընթացքում, ի՞նչ է նախատեսվում առաջիկայում, և արդյոք ունե՞ք վստահություն, որ մեկ տարի անց ԱԱՏՄ-ն կկարողանա լիարժեք իրականացնել աշխատողների իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահոսկողական գործառույթը։

- 2020 թվականի փետրվարի 26-ին վարչապետի 263-Ա որոշմամբ արդեն  հաստատվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների ցանկը, որտեղ հստակ նշված են ոչ միայն այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն, այլև ժամանակացույցը։ Համաձայն այդ որոշման՝ նախատեսվում է, որ ԱԱՏՄ կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ կկազմվի և վարչապետի աշխատակազմին կներկայացվի՝ մինչև 2021 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակը։ Նախատեսված է նաև, որ փոփոխություն կկատարվի վարչապետի 706 Ա որոշման մեջ, որը վերաբերում է աշխատողների թվաքանակին։ Սահմանված լիազորություններն ամբողջական և արդյունավետ իրականացնելու նպատակով, բնականաբար, աշխատողների թիվը կավելանա։

Հաջորդ փոփոխությունն այն է, որ Տեսչական մարմինը կճանաչվի այդ ոլորտի լիազոր մարմին։ Աշխատանքային օրենսգրքով հստակ նշված է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է լիազոր մարմինը, սակայն, որպեսզի ԱԱՏՄ-ն ճանաչվի լիազոր մարմին, այդ ամենը պետք է ամրագրվի օրենքով։ Տեսչական մարմնին այդ ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու նպատակով նախատեսվում է, որ փոփոխություն կկատարվի նաև Կառավարության 1071 N Ա որոշման մեջ։ Այդ միջոցառումների համար ևս որպես ժամկետ սահմանված է 2021 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակը։

- Այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ 2021 թվականի հուլիսի 1-ից ամբողջովին կվերականգնվեն նախկին Աշխատանքի պետական տեսչության ունեցած լիազորությունները։

- 2019 թվականի դեկտեմների 4-ին կատարված փոփոխության համաձայն՝ Աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ Տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող բոլոր նորմատիվ իրավական ակտերի դրույթների և կոլեկտիվ ու աշխատանքային պայմանագրերի դրույթների նկատմամբ։ Այսինքն՝ կիրականացվի ամբողջական վերահսկողություն։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել