Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան
20:46 - 24 հունիսի, 2020

Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։

 

- Պարո՛ն Դուլգարյան, 2011-ին ՀՀ կառավարությունը հայեցակարգ մշակեց, որտեղ համայնքների խնդիրների լուծման երկու տարբերակ էր առաջարկում՝ համայնքների խոշորացում և միջհամայնքային միավորումների ստեղծում։ Այս տարբերակներից ո՞րն էր ավելի հարմար Հայաստանին։

- Միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը։ Այսինքն՝ խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։ 

Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա միանշանակ չեմ կարող ասել՝ այո։

Դրա համար այս պահին զերծ կմնամ ասելուց, թե որը ավելի լավ կլիներ՝ համայնքների խոշորացո՞ւմը, թե՞ միջհամայնքային միավորումները, որովհետև նույն կերպ էլ միջհամայնքային միավորումները ներկա պահին կարող էին լավ չգործել, եթե Հայաստանը գնար այդ ուղղությամբ։

- Այսինքն՝ իրականացման ձև՞ն է կարևոր, ոչ թե այն, թե որ տարբերակն է ընտրվել։

- Այո՛։ Այսինքն՝ նախ սկզբունքորեն լինել այդ քաղաքականության կրողը, ոչ թե իրականացնել նրա համար, որ այդպիսի հայեցակարգ ենք ընդունել։ Նախ լինել այդ գաղափարախոսության կրողը ոչ թե անհատների մակարդակով, այլ՝ հասարակության և ընկալումների, և լինել շատ դինամիկ, որ արագ հասկանանք, թե որտեղ ունենք թերացումներ, և փորձենք այդ թերացումները շտկել թե՛ տեղային մակարդակում և թե՛ ազգային մակարդակում համապատասխան քաղաքականությունների փոփոխման շրջանակներում։ 

- 2013-ին Տարածքային կառավարման նախարարությունը համայնքների խոշորացման երկու սցենար առաջարկեց՝ խոշորացում՝ ըստ փնջերի և ըստ շրջանների։ Առաջին դեպքում խոշորացումների հիմքում ընկնելու էին կառավարության հայեցակարգը և ուսումնասիրությունները, երկրորդ դեպքում վերականգնվելու էին Խորհրդային Հայստանի շրջանները՝  գումարած մեծ բնակչությամբ քաղաքները և զարգացման մեծ ներուժ ունեցող համայնքները։ Այս սցենարներից որի՞ն եք կողմնակից։

- Այս պահին ես ավելի կողմնակից կլինեի  շրջանային սկզբունքին, որովհետև հատկապես մինչհեղափոխական ժամանակաշրջանի Հայաստանում (միգուցե նաև դրանից հետո, քանի որ շատ փնջեր արդեն ուրվագծվել էին հեղափոխությունից առաջ) մենք գնացինք մի ճանապարհով, որ ունենք կողք կողքի համայնքներ, մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։  Ձևավորվել են անտրամաբանական փնջեր՝ ավելի շատ ըստ ցանկությունների։ Նախապես որոշված է եղել, որ պետք է ձևավորվի համայնք, օրինակ, 10 բնակավայրից, հետո եղել են ուժեղ մարդիկ, որոնք հանդիպել են կառավարության համապատասխան մարդկանց հետ և պայմանավորվել են, համայնքները ձևավորել են այլ սկզբունքով, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։ 

Շատ լավ կլիներ, որ լիներ կոնկրետ՝ բացի փնջերի ձևավորման որգեգրված հիմնական սկզբունքներից (ընդհանուր ճանապարհներ և այլն), որպեսզի նաև խոշորացման ժամանակ թույլ չտրվեին որոշակի սուբյեկտիվ մոտեցումներ։ Այն, ինչ հիմա կատարվել է, այդքան արդյունավետ չէ, և ես համոզված եմ, որ նախկին շրջանները, որոնք ունեին 30-40-50-60 բնակավայրեր, կարող էին մի համայնք լինել՝ ուժեղ համայնքապետի և ուժեղ օրենսդրական հենքի պարագայում։

Այնպես  չէ, որ այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվն ավելի շատ է, ավելի դժվար և վատ են աշխատում, քան այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվը փոքր է։ Քանակի մեջ չէ խնդիրը, այլ կատարված աշխատանքի, քաղաքականությունների, կարողունակ համայնքապետերի, համայնքապետերի աշխատակազմի, պետական քաղաքականության։ 

Մենք ունենք հարևան՝ Վրաստանի Հանրապետությունը, որտեղ խոշորացումը հենց այդպես էլ կատարվել է․ համայնքները գործում են նախկին Սովետական միության շրջանների թվով։ Իհարկե, Վրաստանում ևս քննադատությունները շատ են, այնտեղ ևս անընդհատ առաջարկում են բարեփոխումներ իրականացնել, բայց դա որևէ ձև չի անդրադառնում կառավարման որակի վրա։ 

Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը։ 

- Նաև հստակություն չկա բնակիչների, համայնքների թվի առումով։ Չպիտի՞ լինեին չափանիշներ՝ խոշորացված համայնքի տարածքի մեծություն, բնակչության կամ համայնքների առավելագույն թվաքանակ, և այդ չափաշիններին համապատասխան իրականացվեր խոշորացումը։ 

- Ինչ-որ չափանիշներ պետք է դրվեին։ Այդ չափանիշները պետք է լինեին նաև խոշորացումից հետո, որովհետև մենք ունենք շատ բացեր։ Օրինակ, ունենք շատ բնակավայրեր, որոնք խոշորացված համայնքի մեջ են, բայց ավագանու կազմում չունեն ներկայացուցիչներ։ Այդ չափորոշիչները պետք է հանրային լայն քննարկումների շրջանակներում նախապես մշակված լինեին, այնինչ խոշորացման հայեցակարգը շատ վաղուց էր շրջանառվում, բայց այնքան էլ չի կարելի ասել, որ շատ մասնակցային տեղի ունեցավ այդ գործընթացը, որովհետև համայնքներն անմասն մնացին քննարկումների մեծամասնությունից։ 

Ինչպե՞ս էր տեղի ունենում․ գալիս էին համայնք, օրինակ, Տարածքային կառավարման նախարարության կամ մարզպետարանի ներկայացուցիչները, գյուղապետարանում հանդիպում էին գյուղապետի, նրա աշխատակազմի կամ ավագանու անդամների և փոքր թվով բնակիչների հետ ու ներկայացնում էին հայեցակարգը, միգուցե նաև ինչ-որ առաջարկություններ էին հավաքում։ Բայց մասնակցայինն այն չէ, երբ մասնակցում են համայնքի պատասխանատու մարմինները, հաստատությունների ներկայացուցիչները, մասնակցայինը նախևառաջ տեղական քաղհասարակության,  համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունն է այդ ամենին։ Իսկ մենք հայեցակարգը բերեցինք, կիրառեցինք և հետո ասում ենք՝ համայնքները չեն ցանկանում միանալ։ Շատ համայնքներ կան, որոնց բնակիչները մի շաբաթվա ընթացքում իմացան, որ իրենց համայնքը պետք է խոշորանա, և դա բերեց բունտերի։ 

Այո՛, ես համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է չափանիշներ լինեին։ Բայց համայնքների խոշորացման արդյունավետությունը բնակչության և աշխարհագրական թվի մեջ չէ։ Մենք ունենք փոքր գյուղ կամ շատ փոքր քաղաք, գյուղապետ, քաղաքապետ․․․ Խոշորացրինք համայնքը, և շատ դժվար է կարճ ժամանակում լայն մտածել, հատկապես երբ այդ փնջի գյուղերից ինչ-որ մի համայնքապետ հիմա էլ խոշորացված փնջի համայքապետ է ընտրվել։ Այսինքն՝ դու միշտ աշխատել ես, գործել ես մեկ գյուղի շրջանակներում, իսկ հիմա պետք է յոթ գյուղ կառավարես։ Այդ տեղային մտածելակերպից կտրվելն էլ մի ահագին երկար պրոցես է։

Խոշորացման արդարացումներից մեկն այն էր, որ համայնքներում պետք է ավելի քիչ մարդիկ աշխատեն։ Բայց մեր հայկական սովորության համաձայն՝ համայնքապետերից շատերը գտել են միջոցները, որոնցով կարելի է համայնքում շատ աշխատողներ պահել։ Թվաքանակն այնքան էլ չի քչացել։ Քչացել է ինչ-որ չափով, բայց ոչ այն արդյունավետությամբ, բնականաբար, որով նախատեսվում էր։

Մենք ունենք նաև այլ խնդիր․ մեր իշխանությունները հիմնականում խոշորացված համայնքների  նախկին գյուղապետերին նշանակեցին խոշորացված համայնքի մեջ մտած բնակավայրերի վարչական պատասխանատուներ։ 

- Սխա՞լ էր նրանց նշանակելը։

- Իհա՛րկե, սխալ է։ Դա ինչ-որ ձև փոխհատուցում էր․ մարդը՝ որպես ընտրված գյուղապետ, զրկվում էր իր պաշտոնից, և նրան փոխհատուցման նման առաջարկում էին ինչ-որ գյուղում լինել վարչական ղեկավար։ Նախևառաջ, այստեղ ի հայտ եկավ շատ վարչական պատասխանատուների անգործությունը, որը մի քիչ նման էր սաբոտաժի, որովհետև ինքը զրկվել էր ինքնակառավարվող սեփական բյուջեի հնարավորություն ունենալուց և սկզբունքորեն դեմ էր խոշորացմանը, բայց մի օր խոշորացվեց, իրեն նշանակեցին վարչական պատասխանատու, և ինքը լավ աշխատելու մոտիվացիա չուներ։ 

Երկրորդ խնդիրն այն է, որ մենք ունենք շատ փոքր գյուղական համայնքներ, այնտեղ 10-15-20 տարի միևնույն անձը եղել է համայնքապետ ու այդքան տարի իր գյուղում որևէ էական ծրագիր չի իրականացվել։ Եթե այդ մարդն արդյունավետ չի աշխատել որպես համայնքապետ, ինչպե՞ս կարող է արդյունավետ աշխատել որպես վարչական պատասխանատու։ Դա ևս խոշորացման ամբողջ տրամաբանության ձախողումն էր, այդ ամենը պետք է լիներ մրցութային․ գային, մրցույթներին մասնակցեին մասնագետներ և ընտրվեին բարձր մրցակցության արդյունքում։

Օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատուն պետք է լինի տվյալ բնակավայրի մշտական բնակիչ։ Ես համարում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ։

- Նա ավելի լավ չի՞ հասկանա իր համայնքի խնդիրները, քան դրսից եկած որևէ մեկը։ 

- Խնդիրը հասկանալու մեջ չէ։ Եթե Ձեզ հրավիրենք ինչ-որ գյուղ, Դուք՝ որպես լրագրող, անմիջապես այդ գյուղի խնդիրները կհասկանաք։ Մենք ունենք մասնագետների խնդիր։ Ավելի լավ է՝ մի քիչ ավելի մեծ լիազորություններ տային վարչական պատասխանատուին, բայց մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ դրվեին։ 

- Խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածո՞ւն էլ պիտի այդ համայնքի բնակավայրերից չլիներ։

- Համայնքապետը քաղաքական պաշտոն է, պետք է տվյալ համայնքից լինի։ Դա մի քիչ քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Մենք ունենք այդպիսի օրինակներ․ դա կախված է երկրից, տեղական ինքնակառավարման քաղաքականությունից։ Կան այնպիսի երկրներ, որտեղ համայնքում, այդ թվում՝ խոշորացված համայնքում, ձևավորվում է համայնքային ավագանի՝ կուսակցական քվոտաներով (ինչպես մենք հիմա Հայաստանում գնում ենք դեպի համամասնական), և ավագանին անցկացնում է մրցույթ՝ ընտրելու համայնքի մենեջեր։ Մեր օրենքի տեսանկյունից դա քաղաքական պաշտոն է, և մեր օրենսդրությունը դրան համապատասխանեցված չէ։ 

Բայց բնակավայրերի պարագայում մեզ պետք են լավ մասնագետներ։ Մենք պետք է ունենանք վարչական պատասխանատու, որը ոչ միայն տվյալ բնակավայրում հետևում է համայնքի ղեկավարի հրահանգների կամ որոշումների կատարմանը, այլ նաև զբաղվում է բնակավայրի խնդիրների վերհանմամբ, առաջնայնությունների սահմանմամբ։ 

Բայց այսօրվա դրությամբ մեր վարչական պատասխանատուները տալիս են տեղեկանք և տվյալ բնակավայրում իրականացնում են համայնքի ղեկավարի կամ ընդհանուր համայնքի քաղաքականությունը։  Շատ դեպքերում նաև չեն կարողանում բարձրաձայնել ինչ-որ խնդիրների մասին, որովհետև դա կարող է համայնքի ղեկավարի կողմից ընկալվել, թե ինքը տվյալ համայնքի ղեկավարի դեմ է խոսում։ Դրա համար պետք է օրենքով ավելի շատ պաշտպանված լինեին։

- Երբ Էստոնիայում տեղի ունեցան վարչատարածքային բարեփոխումներ, համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեց, և կառավարությունը խոշորացրեց միայն այն համայնքները, որոնք ձախողել էին կամավոր խոշորացման գործընթացը։ Արդյո՞ք մեր երկրում չպետք է համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեր։

- Եթե խոսքը կամավոր միավորման մասին լիներ, հավատացե՛ք, դա բավականաչափ ծանր գործընթաց էր լինելու Հայաստանում։ Միգուցե այլ երկրներում, նույն Էստոնիայում, փոխհարաբերություններն ավեի թույլ են միմյանց հետ։ Մեզ մոտ մի քիչ այլ է․ գյուղերը տարբերվում են ծավալներով, մտածելակերպով, ծագումնաբանությամբ։ Յուրաքանչյուր բնակավայր մյուսի նկատմամբ ունի որոշակի վերապահում։ Բավականաչափ մեծ տարանջատում է։ 1995թ․ մենք ունեինք գյուղխորհուրդներ, որոնք բաղկացած էին 4-5 բնակավայրերից։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցան, այսպես ասած, համայնքային անկախացման գործընթացներ։ Մարդիկ հիշեցին, որ իրենց պապերը միմյանց չեն սիրել, չեն հարգել, և գնացին մինչև Գերագույն խորհուրդ, հետո՝ Ազգային ժողով, ու հասան նրան, որ իրենց փոքր, նույնիսկ 50-60 տուն ունեցող բնակավայրերն առանձնացան։ 

- 2019-ին մեր երկրում վերականգնվեց համայնքների միավորման և բաժանման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու հնարավորությունը։ Չնայած հանրաքվեների արդյուքներն ունեն խորհրդատվական բնույթ, կառավարությունը վստահեցնում է, որ չի գնա խոշորացման, եթե որևէ համայնքի բնակիչների մեծամասնությունը «ոչ» ասի։ Այսպես ավելի չի՞ դժվարանա խոշորացման գործընթացը։

- Դժվարանալու է։ Ամեն ինչ կախված է լինելու համայնքապետերի դիրքորոշումից հատկապես այնտեղ, որտեղ դեռևս հին համայնքապետերն են, որոնք 10 և ավելի տարի ղեկավարում են համայնքը։ Անտեղ նույնիսկ հանրաքվեն չի կարելի հետագայում դիտարկել որպես օբյեկտիվ կարծիքի դրսևորում։

Շատ հնարավոր է՝ տվյալ համայնքապետերն աշխատեն, որ ժողովուրդն ասի ոչ։ Ես Հայաստանում գիտեմ համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։

Մենք խոշորացման գործընթացի ամբողջ տրամաբանությունը մարդկանց ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք և նրանց ցույց տալու, թե վաղը խոշորացման պարագայում իրենց կյանքն ինչով է բարելավվելու, իսկ մենք այսօր դա չենք կարող ցույց տալ։ Դրա համար ես կարծում եմ, որ նման հանրաքվեների դեպքում մարդիկ մեծամասամբ կասեն «ոչ», նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված  համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ տեսե՛ք, խոշորացումը լավ է, և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում համայնքապետերը մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի «ոչ»։ 

Երկրորդ պարագան այն է, որ պետք է գործարկվեն պետական իշխանության լծակները, որ մարդիկ հանրաքվեին ասեն «այո»․ դա էլ ամենավատ ճանապարհն է։ Ես չեմ մտածում, որ նման բան տեղի կունենա, բայց եթե տեղի ունենա, ավելի վատ․ մեզ այդպիսի խոշորացված համայնք պետք չէ։ 

Պիլոտային առաջին խոշորացված համայնքներից օրինակ բերեմ Թումանյանը, որի մեջ յոթ բնակավայր էր միավորվել։ Այդ յոթ բնակավայրերի համայնքապետերը տարբեր պատճառներով դեմ էին խոշորացմանը, դեմ էին նաև բնակիչները, բայց պետական խողովակներով՝ մարզպետարանով և այլն, այդ նույն համայնքապետերը դուրս եկած համայնքի բնակիչներին համոզում էին, որ անպայման  քվեարկեն «այո»։ 

- Եվ Լոռու մարզի 4 համայնքում մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։

- Այո՛, դեմ գնալով իրենց սկզբունքներին։ Այստեղ քաղաքական պատվեր էր՝ ուղիղ մասնակցություն, վարչական լծակների օգտագործում։ Մեզ դա ևս պետք չէ։ Ավելի լավ է՝ ապագայում ամեն ինչ լինի այն տրամաբանության մեջ, որ ժողովրդի կամարտահայտումն իսկապես աշխատի, բայց դա հնարավոր չէ այն խոշորացվող համայնքներում, որտեղ համայնքապետերը 10 կամ ավելի տարի համայնքի ղեկավար են։ Ավելի լավ է՝ փոքր բնակավայրը շարունակի իր գոյակցությունը, քան բերեն այնտեղ մի օր հանրաքվե անցկացնեն, և համայնքի բնակիչներն ասեն՝ մենք դեմ ենք խոշորացմանը, բայց դա լինի այնտեղի ներկայիս համայնքի ղեկավարի ծանր, ուժեղ ձեռքի կամքը։ 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել