ՀՀ-ում գործող 150 միջմարզային երթուղիներից 3-ը չի սպասարկվում. մեկ փոխադրող էլ դիմել է սակագինը նվազեցնելու առաջարկով |armtimes.com|
15:51 - 19 հունիսի, 2020

ՀՀ-ում գործող 150 միջմարզային երթուղիներից 3-ը չի սպասարկվում. մեկ փոխադրող էլ դիմել է սակագինը նվազեցնելու առաջարկով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում գործող 150 միջմարզային երթուղիներից այս պահին չի սպասարկվում միայն երեքը: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական բաժնի պետ Արման Կարապետյանը:

Նա հայտնեց, որ ժամանակավորապես իրենց երթեւեկությունը դադարեցրել են Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Բերդ-Նորաշեն եւ Երեւան-Աբովյան փոխադրողները. վերջին ուղղությամբ կա 3 երթուղի, որոնցից միայն մեկը չի սպասարկվելու:

«Այս պահին միայն այդ երեքն են հրաժարվել, բայց ունենք նաեւ դիմումներ չվացուցակով սահմանված երթերը պակասեցնելու խնդրանքով: Երթուղիների համար փորձում ենք ժամանակավոր չվացուցակներ հաստատել: Համավարակի պատճառով նախկինի չափ ուղեւորափոխադրում չկա, եւ ստիպել փոխադրողին նույն քանակի երթեր իրականացնել, անիմաստ է»,- ասաց Կարապետյանը:

Այս պահին դեռ փոփոխված չվացուցակ չկա, բայց կան դիմումներ, որոնք քննարկման ու վերանայման փուլում են: Հայտնի չէ, թե ինչ չափով կնավեզցվի երթերի թիվը, բայց հայտնի է, թե ովքեր են դիմել: Դրանք են՝ Երեւան-Իջեւան, Երեւան-Վանաձոր, Երեւան-Գյումրի երթուղիները սպասարկող փոխադրողները: Արման Կարապետյանը նաեւ հայտնեց, որ վերանայվելու դեպքում էլ ժամանակավոր փոփոխություն է ենթադրում, քանի որ ամռանը՝ ուումնական պրոցեսի դադարից հետո, միշտ էլ ուղեւորի խնդիր եղել է: Այժմ, եթե նույնիսկ փոխվի, ապա ուսումնական պրոցեսը սկսվելուց հետո կրկին նախորդ կարգին կվերադառնան:

Կարապետյանը նաեւ նկատեց՝ չվացուցակ է փոխվել, բայց գնային փոփոխություն տեղի չի ունեցել, բացառությամբ մեկ երթուղու, որտեղ ուղեվարձը ոչ թե թանկացել է ուղեւորի նվազ լինելու պատճառով, այլ էժանացել:

Որքան էլ զարմանալի թվա, բայց ցածր ուղեւորահոսքի այս ընթացքում Սպիտակ-Երեւան երթուղին սպասարկող փոխադրողը դիմել է սակագինը նվազեցնելու խնդրանքով. այն նախկին 1200 ՀՀ դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 1000 դրամ:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով սույն թվականի մարտի վերջից հանրային տրանսպորտը Հայաստանում դադարել էր գործել: Երբ մայիսի 18-ից կրկին վերագործարկվեց հակահամաճարակային պարտադիր պահանջների կատարման պահպանման պայմանով, մի շարք տրանսպորտային միջոցներ, ինչպես Երեւանը սպասարկող, այդ թվում՝ նաեւ միջմարզային, սկսեցին բողոքել նվազ ուղեւորահոսքից: Բնակչության շրջանում արդեն մի քանի բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Մարզերի եւ համայնքների բնակիչները պնդում են, որ մնացել են Երեւանից կտրված եւ չեն կարողանում հասնել աշխատանքի:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել