fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է իր «բացահայտումների» շարքը։ Հունիսի 13-ին հրապարակված տեսաուղերձում վերջինս անդրադարձել է Հայաստանից սև մետաղների թափոնների արտահանմանը և շտապել հայտարարել, որ այս բիզնեսի ստվերային ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, իսկ դրա հետևանքով պետական բյուջեն զրկվել է միլիարդների հասնող եկամտից։

«Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը արդեն մտածում էին, թե ոնց արագ պետք է հարստանալ։ Իրենք և իրենց ընկերները հիմնեցին «ՔԱՊ» ընկերությունը․․․ Այս ընկերությունը սկսեց ժողովրդին և բյուջեն թալանելուց, ավելի կոնկրետ՝ երկաթի ջարդոն արտահանելուց՝  առանց մուծելու պետության հասանելիքը։ 

Ամեն անգամ երբ դու արտահանում ես երկաթի ջարդոն, պարտավոր ես մուծել 80,000 դրամ յուրաքանչյուր տոննայի համար։ Բացառություն կազմում է, երբ դու ջարդոն արտահանելուց ապացուցում ես, որ այդ ջարդոնը բաղկացած է քո իսկ արտադրության մետաղական թափոնից։ Միայն այդ ժամանակ դու չես վճարում 80,000 դրամը»,- նշել է Միքայել Մինասյանը։

«Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով» վերնագրով տեսանյութում Մինասյանը նաև հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնը շատ չնչին էր, վերջին երկու տարիներին դրա քանակը շեշտակի աճել է. «Ամեն ինչ փոխվում է 18-19 թվականներին, երբ Հայաստանից արտահանվում է, ուշադրություն, 50,000 տոննա մետաղական ջարդոն։ 50,000 տոննա մետաղական ջարդոն արտահանվել է առանց մուծելու 80,000 դրամը՝ յուրաքանչյուր տոննայի համար»։

Մինասյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի ղեկավարությամբ և ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի միջոցով Հայաստանի մաքսային և հարկային ծառայությունում գործում է մաֆիա, որը թույլ է տվել Հայաստանի ժողովրդից 4 մլրդ դրամ թալանել։ «Սա արդեն ուղիղ թալանի ուղիղ ապացույց է»,- հայտարարել է Մինասյանը։

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կապ հաստատելով «ՔԱՊ» ընկերության ներկայացուցիչների հետ, պարզեց, որ Միքայել Մինասյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ 

Մինասյանի ճիշտ պնդումները

Միքայել Մինասյանի մատնանշած «ՔԱՊ» ընկերությունը, իսկապես, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ հուլիսին, և զբաղվում է մետաղի ջարդոնի ընդունմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից տեղեկանում ենք, որ, իսկապես, վերջին 2 տարիներին մետաղի ջարդոնի արտահանումը զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ, և Միքայել Մինասյանի տեսաուղերձում հրապարակված տվյալները՝ 2014-17 թվականների համար, ևս ճիշտ են։ Այս տարիներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր մոտ 830 տոննա մետաղի ջարդոն։ Սակայն այսքանով Մինասյանի ճիշտ պնդումներն ավարտվում են։ 

Մինասյանի սխալ պնդումները «ՔԱՊ»-ի ու մետաղի արտահանման մասին

«ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքեց իրենց և Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի հետ կապը և նույնիսկ նշեց, որ իրենց բեռնատարն արդեն 1․5 ամիս կանգնած է մաքսակետում՝ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։ «Եթե ես վերևներում կապեր ունենայի, բեռնատարներիս հետ կապված դժվար թե խնդիր ունենայի»,- նշեց «ՔԱՊ» ընկերության տնօրենը։

Մինասյանի տեսաուղերձում հրապարակված փաստաթուղթը, որում նշվում է, որ «ՔԱՊ» ընկերությունը մետաղի ջարդոնի մատակարարման պայմանագիր է կնքել ռուսական СтилКо ընկերության հետ, ևս իրական է, ինչը Fip.am-ի հետ զրույցում հաստատեց Մարտիրոսյանը, սակայն տեղեկացրեց, որ փաստաթուղթը թեև կնքվել է 7000 տոննայի համար, սակայն իրենք արտահանել են ընդամենը մոտ 3700 տոննա մետաղի ջարդոն։ Նա նշեց, թե չգիտի, թե ինչպես է այդ պայմանագիրը հայտնվել Մինասյանի մոտ։

Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց ընկերությունը սկսել է մետաղի ջարդոն արտահանել 2018-ի վերջից։ Ընդհանուր առմամբ՝ ընկերությունն ունեցել է մոտ 13,200 տոննա մետաղի ջարդոնի արտահանման թույլտվություն (տեղեկանքին կարող եք ծանոթանալ այստեղ), սակայն արտահանել են 9237 տոննա՝ հիմնականում երկաթյա բրիկետներ։ Տնօրենի խոսքով՝ արտահանված մետաղի ջարդոնի առյուծի բաժինը ավտոմեքենաների կմախքներ են, իսկ ծանր մետաղների արտահանման ծավալը 200-300 տոննա է։  «Մենք հիմնականում արտահանում էինք մեքենաների կմախքները, որոնք տարիներով մնացել էին աղբավայրերում և փոշիանում էին։ Այսինքն՝ փաստացի, երկիրը աղբից էինք մաքրում»,- ասաց մեր զրուցակիցը։

Արտահանման ծավալների մասին

Ինչպես արդեն նշեցինք, Մինասյանի պնդումը, թե նախորդ երկու տարիներին Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանումը շեշտակիորեն աճել է, ճիշտ է, սակայն ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից, նախորդ երկու տարիներին երկրից արտահանված մետաղի ջարդոնի ծավալը կազմել է ոչ թե 50,000 տոննա, այլ մոտ 36,000 տոննա։ Ընդ որում՝ 2018 թվականին արտահանվել է ընդամենը 1000 տոննա մետաղի ջարդոն, իսկ 2019-ին՝ մոտ 35,000 տոննա։ Իսկ «ՔԱՊ»-ին բաժին է ընկնում արտահանված ջարդոնի ընդամենը 26 տոկոսը։

Այս ապրանքատեսակների արտահանմամբ զբաղվում է մոտ 50 կազմակերպություն, և պատահական չէ, որ նախորդ տարի արտահանման սահմանափակման մասին որոշումն ուղեկցվեց ցույցերով, ընդհուպ՝ մինչև մետաղի ջարդոնով բեռնված բեռնատարներով ՊԵԿ-ի մուտքը փակելը։

Օրենքի մասին

Միքայել Մինասյանի՝ մետաղի ջարդոնի արտահանման վերաբերյալ այն պնդումը, թե յուրաքանչյուր 1 տոննա ջարդոնի համար պետք է վճարել 80,000 դրամ տուրք, ճիշտ է, սակայն ինչպես Մինասյանն իր խոսքում նշում է, դա չի վերաբերում այն թափոնին, որն ունի հայկական ծագում կամ համարվում է սեփական արտադրության մետաղական թափոն։

Իսկ այն մետաղական ջարդոնը, որը հավաքվել է Հայաստանում, համարվում է տեղական ծագման մետաղական թափոն (օրինակ՝ մեքենաների հնամաշ թափքերը)։ Եվ հենց սա՛ է «օգնել» տնտեսվարողներին անարգել իրականացնել մետաղի ջարդոնի արտահանում՝ առանց մաքսատուրքի վճարման։ Այլ կերպ ասած՝ այս ոլորտի տնտեսվարողներն իրենց գործունեության ընթացքում որևէ օրենք չեն խախտել։

Արտահանող կազմակերպությունների նման ակտիվությունը բերեց նրան, որ Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնի ծավալներն էականորեն աճեցին, ինչից հետո կառավարությունը 2019 թ․ ամռանը ԱԺ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծ, որով «տեղական ծագման» մետաղի ջարդոնի արտահանման համար ևս առաջարկվում էր տուրք սահմանել։

ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել էր, որ մինչև 2012 թվականը Հայաստանից մեծ ծավալի մետաղի ջարդոն է արտահանվել, և եղել է տարի, որ մինչև 200,000 տոննա մետաղի ջարդոն է դուրս եկել։ 

«2012 թվականին կառավարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն է կատարել և որոշվել է, որ մետաղի ջարդոնի արտահանումը պետք է հարկվի պետական տուրքով, և պետական տուրք կկիրառվի 1 կգ-ի համար 80 դրամ։ Բայց եղել է մի հատ հետաքրքիր բացառություն. բացառությամբ էն դեպքերի, երբ էդ մետաղի ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է, տուրքը չի կիրառվել»,- ասել էր Թունյանը։

Պատգամավորը 2018-ից հետո արտահանման ծավալի ավելացումը հիմնավորել էր այսպես․ «Կա այսպիսի մի ընդունված կանոն, որ եթե տվյալ ապրանքը մաշվել ու ջարդոնի է վերածվել Հայաստանում, ուրեմն դա համարվում է հայկական ծագման արտադրանք։ Երկար տարիներ՝ մոտավորապես մինչև 2018 թվականի սեպտեմբերը, էդ արգելքը գործել է, բայց սեպտեմբերին մեր գործարարները հասկացել են, որ կարելի է տեղական մետաղի ջարդոնը ներկայացնել որպես հայկական ծագման արտադրանք և առանց տուրքի արտահանել, ու սկսել են մեծ ծավալով արտահանել»։

Ըստ Թունյանի՝ կառավարությունն օրենքի փոփոխությամբ փակում էր «սողանցքը»՝ պետական տուրք սահմանելով նաև տեղական մետաղի ջարդոնի արտահանման վրա։

Ի վերջո, 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները, որոնցով մի շարք ապրանքների, այդ թվում՝ «սև մետաղի ջարդոն և թափոն» ապրանքատեսակի յուրաքանչյուր 1 կգ-ի արտահանման համար սահմանվեց 60 դրամ պետական տուրք։ 

Ի դեպ, օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կտրուկ նվազեց այս ապրանքի արտահանումը, ինչը ևս ապացուցում է, որ արտահանման ծավալների աճը ոչ թե հովանավորչության կամ օրենքը շրջանցելու արդյունք էր, այլ դրա կարգավորումների։

Տրամաբանական կապի բացակայության մասին

Նախորդ տարի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն ուղեկցվեց կառավարության շենքի առջև բողոքի ցույցերով, որին մասնակցում էր նաև Մինասյանի կողմից հիշատակված՝ «Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վերագրվող» «ՔԱՊ» ընկերությունը։ 

«Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունն այս ակցիան լուսաբանելիս մեկնաբանություն էր վերցրել «ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից, որը նշել էր, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխությունը կյանքի կկոչվի, երբ մարդիկ աղբն ու մետաղի թափոնները կվերամշակեն ու կվաճառեն, այդ ժամանակ էլ որոշել են այդ գործով զբաղվել։ «Մեկ տարի առաջ ոգևորված տարածքներ վարձակալեցինք, աշխատողներ ընդունեցինք, վարկով տեխնիկա գնեցինք ու այսօր կանգնել ենք փաստի առաջ։ Մեր ընկերությունում 30 աշխատող կա, սակայն պայմանագրային հիմունքներով ավելի քան 3000 մարդ է մեզ հետ համագործակցում։ Այսինքն` նրանք դաշտերից հավաքում–բերում են մետաղի թափոններն ու վճարվում դրա համար»,- ասել էր Մարտիրոսյանը։

Այսինքն` Մինասյանի կողմից Նիկոլ Փաշինյանի բիզնես հռչակված ընկերությունը բողոքում էր հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած օրենքի փոփոխությունից։

Մինասյանի պնդումն անհիմն է դառնում նաև մեկ այլ պատճառով։ 

Նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել խոտանված մեքենաների թափքերը հանձնել վերամշակման, նշել էր միայն «Մետեքսիմ» ընկերության անունը։ «Փաստերի ստուգման հարթակը» կապ էր հաստատել հենց «ՔԱՊ» ընկերության հետ՝ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք այս ոլորտում միակ ընկերությունը «Մետեքսիմն» է, ինչի արդյունքում պարզել էինք, որ այս բիզնեսով զբաղվում են բազմաթիվ ընկերություններ, որոնցից մեկն էլ հենց «ՔԱՊ»-ն էր, որի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենց համար անընդունելի է վարչապետի տարբերակված մոտեցումը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Այս դեպքում ևս այս ընկերությունը (և ոչ միայն այս) Նիկոլ Փաշինյանի հրապարակումների պատճառով «մնացել էր լուսանցքում»։

Ամփոփում

Այսպիսով, փաստենք, որ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո մետաղի ջարդոնի արտահանումը կտրուկ աճել էր, այս գործունեությամբ զբաղվող ընկերությունները, ապրանքն առանց պետտուրքի վճարման արտահանելով, որևէ օրենք չեն խախտել։ Իսկ «ՔԱՊ» ընկերությունն այս ոլորտում միակը չէ և որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի հետ։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ինքն է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք սահմանափակել են մետաղի ջարդոնի արտահանումը, ինչը հակասում է Մինասյանի կողմից հնչեցված այն մտքին, թե արտահանման մեջ վարչապետը «փայ» ունի։

Սևադա Ղազարյան