2020 թ. առաջին ամիսներին մահվան դեպքերի թիվը նվազել է. վարչապետը ճիշտ է |fip.am|
13:14 - 18 հունիսի, 2020

2020 թ. առաջին ամիսներին մահվան դեպքերի թիվը նվազել է. վարչապետը ճիշտ է |fip.am|

fip.am: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին Ազգային ժողովի նիստին հայտարարել էր, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ՝ այս տարի մահացության ցուցանիշի նվազում է եղել։ 

«Մենք ունեցել ենք որոշ ծավալի մահերի նվազում, առհասարակ, համեմատած նախորդ տարվա, մասնավորապես, դրանք պայմանավորված էին մեխանիկական վնասվածքների հետևանքով մահերով, ավտոճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերով, որը բնական էր, որովհետև գործում էին սահմանափակումներ»,- ասել էր Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նույնպես ներկայացրել էր հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր մահերի վիճակագրությունը՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Վարչապետը նշել էր, որ ընդհանուր 400-ով պակաս մահեր են գրանցվել։ 

«Անցած տարվա և այս տարվա մահացության թվերը տարբեր են, էականորեն ցածր են այս տարվա թվերը, և դա ունի շատ հետաքրքիր պատճառ։ […] Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդհանուր 400-ով պակաս մահացության թվի վրա: Կորոնավիրուսի պատճառով այլ հիվանդություններով հիվանդ մարդն ավելի շուտ է հոսպիտալացվել, ինտենսիվ է բուժում ստացել, իր վիճակն ավելի լավացել է, թեթևացել է, դրա համար էլ 400-ով պակաս մահ ունենք»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել էր 2 հազար 307 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում 2 հազար 213 մարդ: Նույնն է եղել շնչառական հիվանդությունների և մյուս հիվանդությունների մահացության ցուցանիշում։ 

Որքա՞ն մահ է գրանցվել 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին 

Վիճակագրական կոմիտեից Fip.am-ին տրված նախնական տվյալների համաձայն (վերջնական ամփոփում դեռևս չի եղել)՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 11,547 մահվան դեպք։ Ըստ կոմիտեի՝  միայն ապրիլ ամսին մահերի թիվը կազմել է 2156, մայիսին՝ 2102: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ մարտին կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4 անձ, ապրիլին՝ 29, մայիսին՝ 125։  

Որքա՞ն մահ է գրանցվել 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին 

Ըստ Վիճակագրական կոմիտեի 2019 թվականի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ հրապարակմանը՝ նախորդ տարի հունվար-մայիս ամիսներին hանրապետությունում գրանցվել է 11,861 մահվան դեպք։ Նախորդ տարվա ապրիլ ամսին մահերի թիվը կազմել է 2203, որը 47-ով ավելին է 2020 թ. նույն ժամանակահատվածից։ Մայիսին մահերի թիվը եղել է 2285, որն այս տարվա համեմատ ավելին է 183 դեպքով։

 
 

2019-2020 թվականների հունվար-մարտ ամիսներին գրանցված մահերի պատճառները

Հաշվի առնելով, որ ժողովրդագրական ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն ամփոփում է եռամսյակային պարբերականությամբ, ներկայացնենք գրանցված մահվան պատճառների վերջին՝ հունվար-մարտ ամիսների տվյալները։

Եթե 2019 թ. հունվար-մարտ ամիսներին մահացել է 7307 մարդ, ապա 2020 թ. մահերի թիվը կազմել է 7289։ 2020 թ. առաջին եռամսյակում 4106 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 202 մահվան դեպքով ավել է։

Նորագոյացություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 1372 մարդ, նախորդ տարի նույն պատճառից մահացածների թիվը 1416 էր։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին շնչառական օրգանների հիվանդություններից ավելի քիչ մարդ է մահացել (755), քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում (912): Իսկ դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից այս տարի հաշվետու ժամանակահատվածում 204 մարդ է մահացել, նախորդ տարի նրանց թիվը 226 է եղել։

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրապարակած տվյալները ճիշտ են: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ այս տարի մահացության ցուցանիշը նվազել է 314 դեպքով։ 

Նելլի Լազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել