Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|
16:17 - 17 հունիսի, 2020

Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կեղծ լուրերի խնդրի լուծման համար անկյունքարային է համարում հանրության մեդիագրագիտության բարձրացման հարցը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը:

«Հայաստանում այսօր ունենք լուրջ խնդիր՝ կապված ֆեյք նյուզի հետ, իհարկե այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է առկա: Դա նոր չէ, բայց կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում վերջին շրջանում այդ խնդիրն առավել քան սրվել է և դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,-ասաց Թունյանն ու նշեց՝ երբեմն «Ֆեյսբուք»-ում ֆեյք օգտատիրոջ կոնկրետ շահեր սպասարկող գրառումը կարող է հայտնվել լրատվամիջոցներում: 

Նրա խոսքով՝ լինում է, որ լրատվամիջոցին ֆինանսավորում է քաղաքական թիմը: «Եվ լրատվությունը կառուցվում է՝ կախված նրանից, թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորում»,-կարծիք հայտնեց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ իրականում ոչ թե օգտվում են տեղեկացված լինելու իրենց իրավունքից, այլ հակառակը՝ ապատեղեկացվում են։

«Անկյունաքարային խնդիրը գրագիտության բարձրացումն է: Մարդը պետք է տարբերի, թե ինչն է իրեն պետք, ինչը պետք չէ և ինչ են իրեն փորձում համոզել»,-նշեց Թունյանը:

Նա նաև մեջբերում արեց իր կարդացած գրքից, որում ասվում է, որ Ֆինանսավորման ամենաճիշտ տարբերակն այն է, երբ լրատվամիջոցը ոչ թե գովազդով է իր բյուջեի հիմնական մասը ձևավորում, այլ բաժանորդագրությամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել